Սեյշելները անկրկնելի կղզիներ են Հնդկական օվկիանոսում: Այստեղ աշխարհի ամենագեղեցիկ լողափներն են՝ սփռված անսովոր տիեզերական ձև ունեցող գլաքարերով: Բուսական և կենդանական աշխարհը ապշեցնում են իրենց բազմազանությամբ, իսկ բնությունն ու մշակույթը ցնցում են իրենց յուրահատկությամբ: Սա աշխարհի ամենաթանկ հանգստավայրերից մեկն է: Սեյշելյան կղզիների մայրաքաղաքը Վիկտորիան է, որն այդպես է կոչվել Վիկտորիա թագուհու պատվին: Քաղաքը փոքր է և այնտեղ ոտքով կարելի է շրջել տասնհինգ րոպեում:

Սեյշելյան կղզիները եղել են բրիտանական, մինչև անցյալ դարի 70-ական թվականները: Տեղացիները գիտեն երեք լեզու՝ կրեոլերեն, անգլերեն և ֆրանսերեն: Կղզիները նաև կես դար կառավարել են ֆրանսիացիները:

Սեյշելյան կղզիների մշակույթի ձևավորման վրա ազդել են ինչպես ֆրանսիացիները և բրիտանացիները, որոնք տիրում էին կղզիներին, այնպես էլ ներգաղթյալները Աֆրիկայից, Հնդկաստանից, Մադագասկարից: Այդ իսկ պատճառով տեղի բնակիչներին անվանում են խառը արյամբ կրեոլ-աֆրիկացիներ: Ամբողջ կրեոլյան կոլորիտը արժե փնտրել գլխավոր շուկայում: Տեղացիները գալիս են այստեղ ձուկ, մրգեր, բանջարեղեն և տան ապրանքներ գնելու:

Այստեղ կարելի է գտնել ամենաէկզոտիկ ապրանքները՝ մանգոյից և պապայայից, մինչև հսկայական չափերի թունա: Սեյշելյան կղզիների ամենաէժան հուշանվերները այս շուկայում են: Ընդհանուր առմամբ, դրանք հազվադեպ տեղերում են վաճառվում: Հետևաբար, եթե ցանկանում եք կղզիներից հուշանվերներ տանել, ապա օգտվեք շուկայի առաջարկներից:

Սեյշելների մայրաքաղաքի տեսարժան վայրերից է Tempio hindu հինդուիստական ​​տաճարը, որը գտնվում է շուկայի փողոցից ոչ հեռու: Կառույցն ինքնին փոքր է, բայց գրավում է ճարտարապետական ​​վառ դետալներով:

Ներսից և դրսից ամեն ինչ շատ գունեղ է և խայտաբղետ, ինչպես վայել է հինդուիստական ​​տաճարներին, կան աստվածությունների բազմաթիվ արձաններ և բուրում է անուշահոտությամբ: Այստեղ հյուրընկալ են: Ինչպես հինդուիստական մյուս տաճարներում, միակ բանը, որ պետք է անել, մտնելուց առաջ հանել կոշիկները:

Վիկտորիայի մեկ այլ տեսարժան վայր է Ազգային Բուսաբանական այգին: Ընդամենը տասը րոպե քայլելով կարելի է կենտրոնից հասնել այստեղ: Մուտքն արժե ինը եվրո: Բացի արմավենիներից, բուսաբանական այգում կան բազմաթիվ հազվագյուտ և էկզոտիկ բույսեր: Այստեղ են հանդիպում նաև սեյշելյան հսկա կրիաներ և բուսաբանական այգին նրանց տեսնելու ամենահեշտ միջոցն է:

Ինչ որ պահի կրիաները անհետացման եզրին էին: Այժմ կրիաների պոպուլյացիան վերականգնվել է: Կա նույնիսկ արգելոցային կղզի, որտեղ հաշվվում է 150,000 առանձնյակ: Այն փակ է զբոսաշրջիկների այցելությունների համար, բայց ասում են, որ կրիաների կարելի է հանդիպել սովորական լողափներում: Կրիաներն ապրում են մինչև 150 տարի:

Լա Դիգ. սա երազանքների կղզի է, որն ամենագեղեցիկն է Սեյշելյան արշիպելագում: Դեպի կղզի գնում են լաստանավերով: Սակայն խորհուրդ է տրվում ուղևորությունը պլանավորել ըստ լաստանավային ժամանակացույցի, քանի որ այն աշխատում է ոչ հաճախ, երբեմն պետք է նրան սպասել մինչև օրվա կեսը, իսկ երբեմն էլ այն չեղարկում են, կամ տեղափոխում հաջորդ օր:

Լա Դիգ կղզին զբոսաշրջիկների համար մագնիս է՝ շնորհիվ աշխարհի ամենագեղեցիկ լողափերի: Եվ նաև այստեղ տիրում է խաղաղության և հանգստության մթնոլորտ: Կղզում ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում, մեքենաներ չեն երթևեկում և, հետևաբար, կղզու հիմնական ժամանցը հեծանիվ վարելն է: Ամենահայտնի լողափը կոչվում է Anse Source d’Argen: Այստեղի գեղեցկությունը պարզապես ոչ երկրային է:

Ափամերձ գիծը կազմված է փոքր լողափներից, որոնք առանձնացված են հսկա գրանիտե գլաքարերով: Շատ աղբյուրներ Anse Source d’Argen լողափը անվանում են աշխարհում ամենալուսանկարվածը: Լողափը հուսալիորեն պաշտպանված է ժայռերով: Օվկիանոսն այստեղ հանգիստ է և խորը, ոտքերի տակ ավազը փափուկ է, իսկ ջուրը՝ բյուրեղյա մաքուր: Այս ամենը ստեղծում է զգացողություն, որ գտնվում ես դրախտում: