Բոլորի նրանք, ովքեր պատրաստվում են այցելել Հայաստան, մենք կպատասխանենք ամենատարածված հարցերին.

  • Ինչու՞ արժե գնալ Հայաստան: Որո՞նք են նրա առավելությունները զբոսաշրջային այլ ուղղությունների հանդեպ:
  • Ինչպե՞ս հասնել այնտեղ և ո՞ր սեզոնն է ավելի լավը այնտեղ գնալու համար: Ո՞ր քաղաքում մնալ և ինչպե՞ս հյուրանոց ընտրել:
  • Ի՞նչով զբաղվել, որտե՞ղ սնվել, ու՞ր գնալ:

 

Ինչու՞ արժե Հայաստան գալ

Խոսելով առավելությունների մասին, առաջին հերթին կցանկանայինք նշել Հայաստանի բնության գեղեցկությունը: Նրա գրեթե ամբողջ տարածքը պատված է լեռներով: Չնայած երկրի փոքր չափսերին, այն բազմազան լանդշաֆտ ունի՝ ավազոտ ժայռեր, կանաչ թփերով ծածկված բլուրներ, ջրվեժներ, զարմանալի և անսովոր ձևերի քարափներ, հարթավայրեր: Շատ հաճախ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները նրա բնապատկերների գեղեցկությունը համեմատում են  Նոր Զելանդիայի կամ Շվեյցարիայի բնապատկերների հետ:

Հայաստանն ունի հարուստ պատմական ժառանգություն։ Հայոց պատմությունը մի քանի հազար տարեկան է: Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը 301 թվականին քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Ժամանակին Հայկական թագավորությունն իրենից ներկայացնում էր մի մեծ պետություն, որը ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով:

Հայաստանում կան մեծաքանակ բազմադարյան եկեղեցիներ, տարբեր թանգարաններ, բերդեր, որոնք ծանոթացնում են հնագույն   պետության պատմության հետ:

Եթե ​​Ռուսաստանի քաղաքացի եք, ապա Հայաստան կարող եք հասնել ներքին անձնագրով: Իսկ եթե ​​այլ երկրի քաղաքացի եք, ապա շատ դեպքերում Ձեզ վիզա հարկավոր չի լինի: Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք:

Հայաստանում ամեն ինչ շատ էժան է և անվտանգության մակարդակը շատ բարձր: Կարող եք հանգիստ զբոսնել քաղաքում նույնիսկ գիշերը. Հանցավորության մակարդակը շատ ցածր է: Տեղի բնակչությունը հյուրընկալ և բարյացակամ է: Գրեթե բոլորը խոսում են ռուսերեն, շատերը նաև անգլերեն: Երկրով մեկ շրջելիս չեք հանդիպի լեզվական խնդիրների:

 

Ինչպե՞ս հասնել

Հայաստան հասնելու ամենահարմար միջոցը օդային ճանապարհն է: Հայաստանում կա երկու միջազգային օդանավակայան: Հիմնականում կդիտարկեք մայրաքաղաք Երևան թռչելու տարբերակը: Տոմսերի գները անընդհատ փոխվում են:  Դրանք կարող եք ճշտել «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատուից:

Մի փոքր լայֆհակ. Դուք կարող եք օգտվել երկրորդ օդանավակայան «Շիրակ»-ից, որը գտնվում է Գյումրի քաղաքում: Այս օդանավակայանն առայժմ մեկ չվերթ է ընդունում Մոսկվայից, որն իրականացվում է  «Պոբեդա» բյուջետային ընկերության կողմից: Գյումրիից Երևան ճանապրհը տևում է մոտ 2 ժամ, այնպես որ կարող եք մի փոքր խնայել:

Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն ունի, ցավոք, միայն Վրաստանի հետ: Հայաստան կարող եք գալ նաև մեքենայով, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ ուղևորությունը կտևի մի քանի օր:

 

Ե՞րբ գալ

Հայաստան կարող եք գալ ցանկացած սեզոնին։ Յուրաքանչյուր սեզոն յուրովի է եզակի: Յուրաքանչյուր սեզոն գեղեցիկ է: Ամռանը կարող եք վայելել արևը, սա թարմ մրգերի և ջերմության ժամանակն է: Սակայն պետք է իմանալ, որ հուլիս-օգոստոս ամիսներին ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 40-45 ° C: Հետևաբար, եթե այս սեզոնին գաք, ավելի լավ է ժամանակն այնպես պլանավորեք, որ ցերեկային ժամերն անցկացնեք քաղաքից դուրս, ինչ-որ տեղ լեռնային վայրում, իսկ երբ երեկոյան վերադառնաք եղանակն արդեն հարմարավետ կլինի:

Աշնանը եղանակն արդեն զով է: Սա վառ գույների ժամանակն է: Ձմռանը սովորաբար ձյուն է գալիս, բայց լինում են նաև առանց ձյան ձմեռներ: Ամենաուժեղ սառնամանիքներին ջերմաստիճանը կարող է հասնել -15 ° C: Ձմռանը զբոսաշրջիկները շատ չեն, բայց դա ունի իր առավելությունները: Օրինակ ՝ տեսարժան վայրերով ազատ տեղաշարժվելու հնարավորություն է բացվում: Գարնանը Հայաստանը ծաղկում է. խնձորենիներ, ծիրանիներ, կեռասենիներ, սերկևիլենիներ, դեղձենիներ: Փարթամ ծաղկունքը ծածկում է հնագույն երկրի ամբողջ տարածքը:

 

Որտե՞ղ մնալ

Զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են մնալ Երևանում: Հյուրանոցային համարի ամրագրումը դժվար չի լինի: Հյուրանոցային ցանցը շատ լավ է զարգացած հանրապետությունում ` յուրաքանչյուր ճաշակի և գրպանի համար: Ամենաբյուջետային տարբերակը հոսթելներն են, որոնց թիվը նույնպես շատ է ամբողջ Հայաստանի տարածքում և դրանցում ապրելու պայմանները բավականին հարմարավետ են:

Ցանկության դեպքում հեշտությամբ կարող եք այցելել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Գյումրին, Գորիսը, Դիլիջանը, Ծաղկաձորը և Ստեփանավանը: Այս քաղաքները հարմար են նաև գիշերակացի համար։ Զբոսաշրջիկների համար ստեղծված են բոլոր պայմանները:

 

Ու՞ր գնալ

Հայաստանում շատ վայրեր կան, որոնք արժե տեսնել: Ամենահայտնի ուղղություններից առանձնացնենք հետևյալները.

  • Գառնու տաճար և Գեղարդի վանք,
  • Արենի գյուղ և Նորավանք,
  • Տաթևի վանք և ճոպանուղի (աշխարհում ամենաերկարը): Ավելի լավ է այստեղ գալ գիշերակացով, քանի որ Երևանից ճանապարհը տևում է 5 ժամ մեկ ուղղությամբ:

Պատմական երթուղիները Հայաստանում շատ են: Բացի այդ, վերջին տարիներին արագ զարգանում է գյուղական և գաստրոնոմիկ տուրիզմը: Նման շրջագայությունների ժամանակ կարող եք այցելել գյուղերը, հյուր գնալ ընտանիքներին, տեսնել, թե ինչպես են նրանք ապրում և աշխատում, համտեսել տեղական ուտեստները և նույնիսկ գիշերել: