Իտալական Ռիվիերայի ջրափնյա գիծը, իր մահացու վտանգավոր ժայռերով և  ադամանդափայլ լողափերով, նույնքան գեղեցիկ է, ինչպես Եվրոպայի ցանկացած ծովափ: Հենց այս ափին էր, որ մեկ դար առաջ իտալական փոքր քաղաք-պետությունները կուտակեցին իրենց հարստությունները ՝ միայն շնորհիվ իրենց բարենպաստ դիրքի:

 

Ջենովա

Սա բավականին գործարար և բազմազգ քաղաք է: Այստեղ սիրում են կանգ առնել կրուիզային ջերմանավերը: Թվում է, թե Ջենովան սովորական քաղաք է, որը ձգվում է ծովափի երկայնքով: Բայց եթե ավելի ուշադիր զննենք, ապա կարող ենք տեսնել անցյալի հարստության և վեհության շատ հետքեր:

Ջենովան շրջապատող Largo della Zecca ամրոցի հզոր պատերը երկրորդն են աշխարհում իրենց երկարությամբ և զիջում են միայն Չինական Մեծ Պատին: Նրանք շատ բան են տեսել: Հռոմեական կայսրության անկման արդյունքում Իտալիան մասնատվեց բազմաթիվ քաղաք – պետությունների: Երբ նրանք ստիպված չէին հետ մղել Եվրոպայի այլ մասերից ագրեսորների հարձակումները, նրանք կռվում էին իրար հետ: Սկսած 13-րդ դարից, Ջենովան կատաղի պայքարում էր Վենետիկի դեմ ՝ միջերկրածովյան առևտրում իր գերիշխող դիրքը զբաղեցնելու համար:

Ջենովան շուտով սկսեց կարևոր դեր ունենալ ծովային տարածքում: Ջենովայի պատմական կենտրոնները կենտրոնացած են նեղ, ոլորուն փողոցներում, որոնցով արգելվում է երթևեկությունը: Հետևաբար ոտքով զբոսանքների համար այս վայրը պարզապես հիանալի է։

Սան-Լորենցո տաճարը միջնադարյան Ջենովայի սիրտն էր՝ նրա քաղաքական և կրոնական կյանքում: Դեռևս XII դարում այստեղ էին տեղի ունենում քաղաքի բոլոր կարևորագույն իրադարձությունները` արարողություններ, հայտարարություններ, ընտրություններ:

Իտալիայի այս հատվածում շենքերը հիմնականում զարդարված են սև թերթաքարով և սպիտակ մարմարով:

Տաճարում պահվում են Սուրբ Երկրից առևտրական նավերի բերած արժեքները: Ամենաարտասովոր մասը կարելի է համարել Հովհաննես Մկրտչի մատուռը: Պատմությունն ասում է, որ նրանում պահվում է ոչ միայն Հովհաննես Մկրտչի մասունքները, այլև այն սկուտեղը, որի վրա Սալոմեին է մատուցվել նրա կտրված գլուխը և այն թասը, որը վերջին ընթրիքի ժամանակ դրված էր սեղանի վրա: Երկրորդ աշխարհամարտի տարիներին բրիտանական ռումբ է ընկել տաճարի վրա, բայց հրաշքով չի պայթել:

Գրեթե յուրաքանչյուր անկյունը հիշեցնում է, որ Ջենովան Քրիստոֆեր Կոլումբուսի ծննդավայրն է: Շնորհիվ քաղաքի ամենահայտնի որդու, Նոր աշխարհում Իսպանիայի կողմից զավթած ոսկու մեծ մասը հայտնվում էր Ջենովայի նավահանգստում: Զարմանալիորեն, Կոլումբոսի Նոր աշխարհ ճանապարհորդությունը դրեց քաղաքի անկման, հարստության և կարգավիճակի կորստի սկիզբը:

Միջերկրական ծովից դեպի Ամերիկա միջերկրածովյան առևտրի տեղափոխմամբ, Ջենովայի հզորությունն ու նշանակությունը կտրուկ անկում ապրեցին: Բայց իր համար լավ ժամանակներում Ջենովան իշխում էր:

Ջենովայում կոնկրետ հասցե փնտրելը ոչ ստանդարտ խնդիր է իրենից ներկայացնում։ Այստեղ տների համարակալման երկու տեսակ կա ՝ կարմիր՝ առևտրային ձեռնարկությունների համար և սև ՝ բնակելի շենքերի և հաստատությունների համար: Էքսկուրսիոն նավակները լողում են Ջենովայի ափի և նավահանգստի երկայնքով: Հետաքրքիր է հետևել նավահանգստի լարված աշխատանքին:

Ռիվիերայի գույները հիացնում են, ինչպես ջրաներկով արված նկարները: Ձկնորսական գյուղերը, լողափը գայթակղում են ճանապարհորդողներին, որոնք գալիս են այստեղ ցանկանալով ազատվել քաղաքի աղմուկից և վազվզուքից: Մեզանից շատերն են երազում նման հանգստի մասին, և դա կարելի է գտնել այստեղ, հարկավոր է միայն հասնել Իտալական Ռիվիերա:

Պորտոֆինո

Պորտոֆինոն ծովափնյա կուրորտային քաղաքներից լավագույնն է, որը շատ ռոմանտիկ է և գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից: 9-րդ դարում այս նավահանգիստը նկարիչներին իր մոտ էր կանչում իր գեղեցկությամբ: Հետագայում մեծահարուստները նախընտրում էին Պորտոֆինոն ՝ որպես ռոմանտիկ հանդիպումների գաղտնի վայր:

Այսօր Պորտոֆինոն այլևս այդպիսի գաղտնի վայր չէ: Փողոցներով թափառում են մեկ օրով ժամանած զբոսաշրջիկները: Իսկ փոքր նավահանգիստը ավելի շատ  միջազգային ծովային ակումբ է հիշեցնում։ Այստեղ կարող եք տեսնել աշխարհի ցանկացած երկրի դրոշով զբոսանավեր:

Քաղաքի հրապարակները հիանալի վայր են սուրճ խմելու և մարդկանց դիտելու համար: Իրենց ողջ պատմության ընթացքում իտալացիներին հաջողվել է քաղաքները կառուցել այնպես, որ առավելագույնս գրավիչ տեսք ունենան:

Օրինակ ՝ նույն Պորտոֆինոն: Քաղաքը կառուցված է առանց որևէ հատակագծի, իսկ շենքերն ու հուշարձանները ցրված են գեղարվեստական ​​անկանոնությամբ: Փողոցները տանում են դեպի կենտրոնական հրապարակ: Այնտեղ հավաքվում են մարդիկ, որտեղ զգացվում է միասնության ոգին: Յուրաքանչյուր անկյունում անսովոր հեռանկարներ են: Այստեղ կարելի ամբողջովին ընկղմվել հեքիաթային շքեղության մթնոլորտ:

Իտալական խոհանոցը անտարբեր չի թողնում ոչ մեկին, չնայած այն նյարդայնացնում է նրանց, ովքեր կալորիաներն են հաշվում: Այս երկրում միասին սեղան նստելը մերձեցնում է մարդկանց։ Ճաշը Իտալիայում տևում է ավելի երկար, քան մյուս երկրներում: Իտալական կանոնների համաձայն, պետք է  մատուցվի առնվազն 3 տեսակի ուտեստ, ցանկալի է ավելին: Սրանում է կայանում գեղեցկությունը: Ուտեստների միջև ընդմիջումների արանքում զրուցելու, կատակելու և միմյանց ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն է ստեղծվում: Իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իր առանձնահատկությունները:

ՉինկվեՏերրե

Չինկվե-Տերրե նշանակում է հինգ հող: Խոսքը գնում է ժայռերի մեջ տեղավորված ձկնորսական գյուղերի մասին, որոնք թաքնված են ծովի և լեռների միջև: Եթե ​​ցանկանում եք տեսնել մաքուր բնական շքեղություն և գտնել իրական ոգեշնչում, այս վայրը Ձեզ համար է:

Չինկվե-Տերրեն ձգվում է 20 կմ ֆանտաստիկ ծովեզերքով: Ժայռերը ասես հսկա աստիճաններ, տանում են խաղողի և ձիթապտղի այգիներ: Նախկինում Չինկվե-Տերրե կարելի էր հասնել միայն նավով կամ էշով: Այսօր գնացքը կհասցնի Ձեզ ցանկացած գյուղ: Իսկ էշի հին արահետը հետիոտների համար դարձել է դրախտ:

Մոնտերոսո ալ Մարեն ամենահյուսիսային գյուղը միակն է, որտեղ կարելի է հասնել մեքենայով: Մասնավոր ավտոմեքենաների համար ճանապարհ չկա, բայց տաքսիով կարելի է հասնել: Մոնտերոսոն մյուս գյուղերի համեմատ ամենասիրվածն է, հետևաբար այստեղ կան շատ հյուրանոցներ և ռեստորաններ:

Չինկվե-Տերրեում չկան հսկայական լողափեր, որոնք պարտադիր կան մեծ կուրորտներում: Բայց դա ունի նաև իր առավելությունը։ Լողափերը ծանրաբեռնված չեն շինություններով: Չնայած այն հանգամանքին, որ լողափերի մեծ մասը ճալաքարային է, դա չի խանգարում հանգստացողներին: Իսկ լավագույն ավազային լողափը գտնվում է այստեղ ՝ Մոնտերոսոյում:

Չինկվե-Տերրե ազգային պարկ կարելի է հասնել ոտքով մեկուկես ժամ քայլելով կամ մի քանի րոպե գնացքով երթևեկելով: Չինկվե-Տերրեում բնակավայրերը նման են միմյանց, նրանց նույնիսկ դժվար է տարբերել: Բայց յուրաքանչյուրն ունի իր հմայքը և անհատականությունը: Պետք է միայն զգալ դա և չեք ցանկանա հեռանալ:

Վերնացան հեքիաթային քաղաք է: Այն տեղակայված է ծովափի մի փոքր հատվածի վրա և հենված է ուղղաբերձ ժայռերին: Առափնյա ժայռերի միջև բացվածքի շնորհիվ Վերնացայում իսկական նավահանգիստ կա:

Ի տարբերություն ծովափին կուտակված այլ քաղաքների, Կոռնիլյան գտնվում է բլրի վրա, որի ստորոտին կգտնեք քարքարոտ լողափ: Այստեղ ապրում է 250 մարդ: Երեկոյան բոլոր բնակիչները հավաքվում են հրապարակում ՝ զրուցելու միմյանց և անցորդների հետ:

Կոռնիլյայի և Մանարոլայի միջև տեղակայված է գինեգործական կոոպերատիվ: Զարմանալի չէ, որ Չինկվե-Տերրեն հայտնի է իր գինով: Դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներից ի վեր այստեղ գինեգործության կենտրոն կար: Հին ժամանակներում գինին օգտագործում էին որպես դեղամիջոց: Այն խմում էին հարսանիքի ժամանակ կամ երեխայի ծննդյան առթիվ:

Կոռնիլյայից ոչ հեռու է տեղակայված գեղեցիկ Մանարոլան: Սա տիպիկ ձկնորսական գյուղ է, որը կարծես սոսնձված է մուգ ժայռերին: Ամեն առավոտ ձկնորսները իրենց գունավոր լաքապատ նավակները պատրաստում են ձկնորսության համար, ինչպես անում էին նրանց նախնիները դարեր շարունակ: Երեկոյան ընտանիքը հավաքվում է համեղ ընթրիքի շուրջ:

Ռիոմաջորե

Մանարոլայից մինչև Ռիոմաջորե գյուղ տանող կարճ ճանապարհը կոչվում է Վիա-դել-Ամորե կամ Սիրո փողոց: Զարմանալի չէ, որ այս ճանապարհը կոչվում է «սիրո արահետ»: Շուրջը շատ են վառ ծաղիկները: Դարեր շարունակ Ռիվիերան ծաղիկներ է մատակարարել ամբողջ Իտալիային: Հինգ ժամվա ընթացքում կարող եք անցնել Չինկվե-Տերրեյի բոլոր գյուղերը: Նախապես ճշտեք, թե արդյոք արահետները բաց են, քանի որ դրանք հաճախ փակվում են վերանորոգման համար:

Եթե ցանկանում եք հարմարավետ թռիչք իրականացնել դեպի Իտալական Ռիվիերա, ապա լավագույն առաջարկները ստանալու համար դիմեք Cofrance ընկերություն: