Պորտուգալիան եվրոպական երկիր է, որն այնքան էլ հաճախ չի հայտնվում լրահոսում: Պորտուգալիան Եվրոպայի ամենաարևմտյան երկիրն է: Այն գտնվում է Պիրենեյան թերակղզում։ Ցամաքում սահմանակից է միայն Իսպանիային, իսկ արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Մտնում է Եվրամիության և Շենգենյան գոտու մեջ: Բնակչությունը կազմում է 10.000.000 մարդ: Հիմնական լեզուն պորտուգալերենն է: Բացի պորտուգալացիներից, այս լեզվով խոսում է ավելի քան 200 000 000 մարդ ամբողջ աշխարհում. այն շատ նման է իսպաներենին:

Որոշակի պատմական ժամանակահատվածում Պորտուգալիան հսկայական ազդեցություն է ունեցել աշխարհում, ինչին այսօր դժվար է հավատալ: Նրա տիրապետության և գաղութացման տակ էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Անգոլան, Մոզամբիկը, Հնդկաստանի Գոա նահանգը և այլն:

Սակայն, Անտոնիո Սալազարի բռնապետական ռեժիմի գալուստով, որը տևեց ավելի քան կես դար, երկիրը դարձավ Եվրոպայում  ամենահետամնացներից մեկը: Տոտալիտար ռեժիմը տապալվեց 1974 թվականին, և միայն դրանից հետո Պորտուգալիան սկսեց աստիճանաբար վերականգնվել:

Այսօրվա դրությամբ երկրի տնտեսությունը բավական լուրջ բեկում է գրանցել, հիմնականում շնորհիվ հագուստի և կոշիկի, թղթի և խցանի արտադրության զարգացման: Երկիրն աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում խցանի արտադրությամբ:  Զարգացած է գինեգործությունը (հենց այստեղից է հայտնի պորտվեյնը), ձիթապտղի յուղի արտադրությունը, ինչպես նաև մետաղամշակումը, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, և, իհարկե, համեմատաբար վերջերս սկսեց ակտիվորեն զարգանալ զբոսաշրջությունը: Տարեկան երկիր է գալիս մոտ 10 միլիոն զբոսաշրջիկ: Պորտուգալիան ունի լավ զարգացած ճանապարհային ենթակառուցվածք. ճանապարհներն այստեղ գերազանց վիճակում են:

Լիսաբոնը Պորտուգալիայի մայրաքաղաքն է և միաժամանակ խոշորագույն նավահանգիստը:

Լիսաբոնը գտնվում է յոթ բլուրների վրա: Փողոցները կտրուկ են, բարձրանում են վերև, ապա կտրուկ իջնում ներքև: Նրանց միջով զբոսնելը հեշտ չէ: Հին տրամվայներն այստեղ հարմարեցված են հենց այսպիսի փողոցների համար: Դիտման բազմաթիվ հարթակներից զբոսաշրջիկների առջև բացվում են ցնցող համայնապատկերներ: Եթե դուք ճանապարհորդում եք Պորտուգալիայում, ապա անպայման պետք է այցելեք այստեղ գտնվող Եվրասիայի ամենաարևմտյան կետը՝ Ռոկա հրվանդանը. նրա հետևում միայն Ատլանտյան օվկիանոսն է:

Լիսաբոնի շրջանում շատ են աներևակայելիորեն գեղեցիկ կամուրջները։ «Ապրիլի 25» կամուրջը կապում է Լիսաբոնն ու Ալմադան, նրան համեմատում են Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» -ի հետ:

«Վասկո դա Գամա» կամուրջը Եվրոպայի ամենաերկար կամուրջն է (17 կիլոմետր): Կամրջի վրայով անցնում է վեց գոտի ունեցող ճանապարհ արագության սահմանափակումով, մինչև 120 կմ/ժամ:

Պորտուն երկրի գլխավոր արդյունաբերական կենտրոնն է և նրա նախկին մայրաքաղաքը: Պորտուն անվանում է տվել ոչ միայն ամբողջ երկրին, այլև պորտվեյնին՝ հայտնի թունդ գինուն: Այս երկու քաղաքները, որպես ելակետեր են, հետո բազմաթիվ փոքր քաղաքներ և գյուղեր են Ատլանտյան օվկիանոսի երկայնքով: