Ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել, քան կապտագույն ջրերով շրջապատված արևոտ լողափում օրն անցկացնելը կամ կոկտեյլի շուրջ շքեղ մայրամուտը վայելելը:

Հունական կղզիներում ամեն ինչ տոգորված է ծովով՝ քամուց գզգզված ձկնորսներից սկսած մինչև սպիտակ գյուղերը, որոնք զարդարված են վանքերի վառ կապույտ գմբեթներով, առափնյա զեփյուռի տակ ծածանվող թարմ լվացված սպիտակեղենից սկսած մինչև արևի տակ չորացող ութոտնուկներ: Այստեղ խորը Էգեյան ծովն է – կյանքի աղբյուրը:

Դարեր շարունակ այս հանգիստ ալիքները տեղափոխել են առևտրային և ռազմական նավեր: Նրանք ականատես են եղել Տրոյական պատերազմից հետո Ոդիսևսի տուն վերադառնալուն, իր «Արգո» նավով ոսկե գեղմը որոնելու մեկնած Յասոնի ճամփորդություններին: Իսկ այսօր նրանք խիզախ ճանապարհորդներին են առաջարկում անմոռանալի տպավորություններ: Հունաստանում կա ավելի քան 1400 կղզի:

Ուղևորությունը սկսելու լավագույն վայրը Սանտորինի արշիպելագն է:

Հրաբխային ժայթքումների արդյունքում ստեղծվել են ապշեցուցիչ ժայռեր: Ուղղաբերձ ժայռերը վեր են խոյանում Էգեյան ծովից: Արշիպելագի ժայռերում կարմիր, մոխրագույն և սև պեմզայի հանքաշերտերի շնորհիվ այն տարբերվում է Հունաստանի  ցանկացած այլ կղզուց:

Ներքևից կղզու մայրաքաղաք Թիրա կարելի է բարձրանալ աստիճաններով (դա ընդամենը 600 աստիճանիկ է) կամ ֆունիկուլյորով: Թիրայի սպիտակ շենքերի անկանոն կուտակումները – կղզու ակտիվ կենտրոնն է: Եվ չնայած  բարձր սեզոնին այստեղ շատ են զբոսաշրջիկները, ոչինչ չի կարող փչացնել այս սալահատակված փողոցների հմայքը կամ տպավորիչ նավահանգիստը: Ըստ լեգենդի ՝ նավահանգիստը անհատակ վիհ է, որը տանում է դեպի դրախտի և դժոխքի դարպասներ:

Զբոսաշրջության ազդեցությունը կղզուց կղզի տարբեր է: Ամռան եռուն շրջանին, այսինքն՝ հուլիս-օգոստոս ամիսներին, հայտնի կղզիների գլխավոր քաղաքներում կարելի է տեսնել մեծ թվով զբոսաշրջիկներ: Բայց եթե ժամանեք սեզոնի մեկնարկից անմիջապես առաջ կամ դրանից անմիջապես հետո, ապա, ամենայն հավանականությամբ, կկարողանաք խուսափել այս աղմկոտ ամբոխից: Ի դեպ, անգլերենն այստեղ շատ տարածված է:

Սանտորինին ժամանակին կլոր կղզի էր: Այժմ նրանից մնացել է հսկա և դեռևս գործող հրաբխի եզրը: Հնագույն ժամանակներում ժայթքումից հետո հրաբխային մոխրի շերտը տարածվեց կղզու դատարկ կենտրոնի շուրջ: Երբ այս շերտը նստեց, ջուրը լցրեց ձևավորված ավազանը, որն այժմ դարձել է Սանտորինի արշիպելագի նավահանգիստը: Բոլոր տեսարժան վայրերը կարելի է տեսնել ավտոբուսով կամ տաքսիով, քանի որ կղզին չափերով փոքր է:

Հրաբխային հողը շատ բերրի է, հողի յուրաքանչյուր սանտիմետրը լավ խնամված է։ Այստեղ աճեցվում և ձեռքով հավաքում են խաղող, լոլիկ և պիստակ:

Ակրոտիրի – հնագույն քաղաք Սանտորինիում:

Կղզու հրաբխի շնորհիվ, ի տարբերություն Հունաստանի այլ կղզիների, սա այն քիչ վայրերից է որտեղ հնագիտական ​​գտածոները պահպանվել են լավագույն կերպով: Ակրոտիրին ծաղկուն բնակավայր էր: Սալահատակված փողոցները ձգվում են տների շարքերի երկայնքով, որոնք իրար հետ միացված են ջրահեռացման բարդ համակարգով: Երբ հրաբուխը ժայթքեց, քաղաքը թաղվեց պեմզայի և մոխրի հաստ շերտի տակ:

Կղզու հրաբուխը թողեց ևս մեկ նվեր՝ Սանտորինիի հայտնի սև լողափերը:

Ավազային և ճալաքարային այս երկար սև լողափերը հիացնում են զբոսաշրջիկներին, ովքեր գալիս են իրենց օրն անցկացնելու կիզիչ արևի տակ:

Կղզու հյուսիսարևմտյան ծայրին է գտնվում Օյա փոքրիկ քաղաքը, որը համարյա կախված է քարափի եզրից: Օյան ժամանակին եղել է Էգեյան ծովի հիմնական ձկնորսական նավահանգիստը: 1956 թ.-ի երկրաշարժը բարձրացրեց այս քաղաքը և արդյունքում նրա բնակիչները նոր տներ փորեցին ժայռի մեջ հին տների ավերակների տեղում: Այսօր քաղաքի նեղ սալահատակված փողոցներում բազմաթիվ հիանալի խանութներ են գործում: Այստեղ կարելի է գտնել նրբաճաշակ զարդեր կամ շրջել ձեռագործ աշխատանքներ վաճառող փոքրիկ կրպակներով:

Օրը կարող եք ավարտել հանգիստ ընթրիքի շուրջ: Հունական աղցանը չես համեմատի ոչնչի հետ: Կարող եք մի բաժակ ուզո ըմպել և միաժամանակ հիանալ Օյայի ամենահայտնի տեսարժան վայրով ` ապշեցուցիչ մայրամուտով:

Նաքսոս կղզին գտնվում է լաստանավով 2,5 ժամ հեռավորության վրա: Լաստանավի երթացուցակը անվստահելի է, ուստի պետք է լրացուցիչ ժամանակ հատկացնել: Որոշ զբոսաշրջիկներ Նաքսոսը համարում են Կիկլադների ամենագեղեցիկ կղզին: Ինչպես հսկա դռան որմնանցք Ձեզ դիմավորում է Ապոլլոնի թերակառույց տաճարի մուտքը:

Տաճարի շինարարությունը, որը վերագրվում է մ.թ.ա. 6-րդ դարին, սկսվել է հին հույն բռնակալի կարգադրությամբ: Բայց երբ բռնակալին հեռացրին իշխանությունից, այս նախագիծը այդպես էլ մնաց անավարտ:

Լաստանավը զբոսաշրջիկներին իջեցնում ​​է Նաքսոս քաղաքում կղզու արևմտյան ափին գտնվող գեղեցիկ նավահանգստում: Զբոսաշրջությունն այստեղ բավականին զարգացած է հիմնական կարիքների բավարարման համար, բայց այնքան ինտենսիվ չէ, որպեսզի փչացնի կղզու բնույթը: Այս աշխույժ նավահանգստային քաղաքը լի է ռեստորաններով, սրճարաններով, ակումբներով և խանութներով: Այստեղ հեշտությամբ կգտնեք կացարան և սնունդ ողջամիտ գներով, ինչպես նաև Հունաստանի ամենահամեղ գինիներն ու պանիրները: