Հայիթիի կղզու արևելյան մասում տարածվում է Դոմինիկանա ռոմանտիկ անունով հեքիաթային մի երկիր, որի ափերը հարավից ողողվում են Կարիբյան ծովի, իսկ հյուսիսից՝ Ատլանտյան օվկիանոսի ալիքներով: Մեծամասնության համար առաջին ասոցիացիան ձյունաճերմակ և մանր ավազով անվերջ լողափներն են՝ շրջապատված արմավենիներով և փիրուզագույն ծովով:

Մինչև XVI դարի սկիզբը այս տարածքում ապրում էին հնդկական ցեղեր: 1492 թվականին կղզին հայտնաբերեց մեծ ծովագնաց և հայտնագործող Քրիստափոր Կոլումբոսը: Նա իր հայտնաբերած տարածքները անվանեց Էսպանյոլա՝ «իսպանական երկիր», քանի որ այս վայրերը նրան հիշեցնում էին հայրենի երկիրը: Հետագայում երկիրը կռվախնձոր դարձավ Ֆրանսիայի, Իսպանիայի և ԱՄՆ-ի միջև, որոնք փոփոխակի կերպով  այն գրավում էին:

Դոմինիկանայի տնտեսության հիմքը շաքարեղեգի, սուրճի, կակաոյի և ծխախոտի արտահանումն է: Սեփական սպառման համար այստեղ նաև մշակում են բրինձ, աճեցնում են բանան, կոկոս, եգիպտացորեն և այլ մշակաբույսեր: Զարգացած է հանքարդյունաբերությունը, գործում են կարի և տեքստիլի բազմաթիվ գործարաններ, որոնք հիմնականում աշխատում են ամերիկյան ընկերությունների համար:

Այսօրվա դրությամբ զբոսաշրջությունը դարձել է տնտեսության հիմնական և արագորեն առաջընթաց ապահովող ճյուղերից մեկը:

Դոմինիկյան Հանրապետությունը Կարիբյան ավազանի ամենաշատ այցելվող ուղղությունն է: Այստեղ գալիս են վայելելու մաքրամաքուր օդը, ընդունելու արևայրուք ձյունաճերմակ լողափներում և տանելու հավերժական ամառվա տպավորությունները: Միայն 2018 թվականին Դոմինիկյան Հանրապետություն են այցելել ավելի քան հինգ միլիոն հանգստացողներ՝ հիմնականում Լատինական Ամերիկայի երկրներից և ԱՄՆ-ից: Դոմինիկյան բնությունը վառ տպավորություն է թողնում զբոսաշրջիկների վրա:

Սանտո Դոմինգոն Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքն է: Այն Ամերիկայի հնագույն բնակավայրն է՝ հիմնադրված եվրոպացիների   կողմից: Քաղաքը հիմնադրվել է 1496 թվականի օգոստոսի 5 -ին հայտնի ծովագնաց Կոլումբոսի կրտսեր եղբոր կողմից: Մայրաքաղաքի գլխավոր զբոսավայրը Լաս Դամաս փողոցն է: Գաղութային ճարտարապետության նմուշների շարքում առանձնանում է Կոլումբոսի պալատը:

Այս նստավայրը կառուցվել է մարջանային բլոկներով՝ անգամ մեկ մեխ չօգտագործելով: Այստեղ ժամանակին տեղավորվել է մոտ 50 սենյակ, ինչպես նաև մի քանի պարտեզ: Այն կառուցվել է Քրիստափոր Կոլումբոսի որդու՝ Դիեգո Կոլոննեի օրոք: Կարելի է զբոսնել Կոլումբոսի զբոսայգում: Շուրջբոլորը սրճարաններ և խանութներ են, որտեղ բացի ռոմից, սիգարներից, սուրճից և շոկոլադից, կարելի է ձեռք բերել լարիմարից զարդեր. այն կիսաթանկարժեք քար է, որը արդյունահանվում է միայն Դոմինիկանայում: Տեղի բնակիչները ոչ մի տեղ չեն շտապում, նստած դոմինո են խաղում ՝ արևից թաքնվելով ծառերի ստվերում:

Կոլումբոսի փարոսը թանգարան է՝ ի պատիվ մեծ հայտնագործողի: Դոմինիկացիները պնդում են, որ հենց այստեղ է հանգչում նրա մնացորդները: