Ներկայացնում ենք այն 5 լավագույն քաղաքները, որտեղ կարող եք ունենալ անմոռանալի ամանորյա արձակուրդներ։

 

Բուդապեշտ

Բուդապեշտում ամանորյա երեկոն ամենից կախարդականն է: Սա այն ժամանակն է, երբ իրականանում են ցանկություններն ու երազանքները: Հնարավոր չէ չսիրահարվել Հունգարիայի մայրաքաղաքին: Եվ դա զարմանալի չէ, քանզի Սուրբ Ծննդյանը Բուդապեշտը անհավանական գեղեցիկ է: Հունգարիայում շատ են սիրում տոնել տոները, որոնցից ամենագլխավորը  Սուրբ Ծննդյան տոնն է:

Հունգարիայում սուրբծննդյան նախապատրաստումները սկսվում են պահքով: Այս ժամանակահատվածում ամենուրեք հայտնվում են տոնական զարդարանքներ, քաղաքների հրապարակներում բացվում են  տոնավաճառներ: Բուդապեշտը հայտնի է իր սուրբծննդյան տոնավաճառներով, որոնք բացվում են նոյեմբերի երկրորդ կեսից և գործում են մինչև Նոր տարվա առաջին օրերը: Դրանք կարելի է գտնել քաղաքի մի քանի վայրերում և եթե բավականին ժամանակ ունեք, խորհուրդ ենք տալիս այցելել նրանցից յուրաքանչյուրը:

Բոլորից առաջ բացվում է Վերեշմարտի հրապարակում կազմակերպվող տոնավաճառը։ Այն Եվրոպայի ամենագեղեցիկ սուրբծննդյան տոնավաճառների շարքում է։

Տոնավաճառի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրան կարող են մասնակցել միայն լավագույնները: Մասնակիցներին ընտրում է պրոֆեսիոնալ ժյուրին: Արդյունքում տոնավաճառում ներկայացվում են միայն ամենաբարձր որակի տեղական ապրանքներ: Այստեղ Դուք կարող եք համտեսել Հունգարիայի բոլոր ազգային ուտեստները և շատ այլ բաներ: Քաղցրասերները այստեղ կգտնեն համեղ շոկոլադ, մարցիպան, թխվածքաբլիթներ և այլն:

Վերեշմարտի հրապարակից սկսվում է Բուդապեշտի ամենազբոսաշրջային փողոցը, որը հատկապես գեղեցիկ է Սուրբ Ծննդյան տոներին, համենայն դեպս, իր խանութների և բուտիկների առաջարկած զեղչերով: Իհարկե, միայն տոնավաճառներով տոնակատարությունները չեն սահմանափակվում: Տարբեր միջոցառումներ են անցկացվում, գործում են ատրակցիոններ, առաջարկվում են ժամանցի հետաքրքիր ծրագրեր։

Ամստերդամ

Հոլանդիայի մայրաքաղաքը դիմավորում է Նոր Տարին հրավառությամբ, ակումբային երեկույթներով և հետաքրքիր միջոցառումներով: Ամանորյա տոներին ողջ Ամստերդամը վերածվում է մեկ մեգաերեկույթի անցկացման հրապարակի:  Մայրաքաղաքի հայտնի տուրիստական կենտրոնները` Կարմիր լապտերների թաղամասը, ամստերդամյան Չայնա Թաունը, ակումբները առաջարկում են ամանորյա զվարճալի ծրագրեր յուրաքանչյուր ճաշակի և գրպանի համար:

Ամստերդամի բոլոր խոշոր ակումբները կազմակերպում են ամանորյա ներկայացումներ և հրավիրում են լավագույն DJ- ներին: Ամստերդամը Նոր տարին նշելու հիանալի վայր է երիտասարդների և զվարճանքների սիրահարների համար: «Մեղքերի քաղաք»-ը, ինչպես երբեմն կոչում են Ամստերդամը, իսկապես երբեք չի քնում: Եթե նախօրոք ամեն ինչի մասին մտածեք, ապա ուղևորությունը Ձեզ վրա բավականին մատչելի կնստի:

 

Կրակով

Կրակով կարելի է հասնել առանց որևէ դժվարության: Կրակովում  Ամանորի անցկացումը բավականին մատչելի է։ Նոր տարվա օրերին Կրակով քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող շուկան վերածվում է մեծ տոնավաճառի:  Ամանորին քաղաքը գեղեցիկ զարդարում են։ Դժվար է բառերով փոխանցել այն մթնոլորտը, որ տիրում է քաղաքում. ամեն ինչ տոնական է, ուրախ, պայծառ ու համեղ: Ամանորյա տոնավաճառում կարող եք համտեսել շատ համեղ երշիկեղեն, պանիր, վաֆլի, շոկոլադ, քաղցրավենիք և այլն: Պետք է նկատի ունենալ Կրակովում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների տոնման առանձնահատկությունը: Դեկտեմբերի 24-ից 26-ը կփակվեն բոլոր խանութներն ու հաստատությունները: Լեհերն այդ օրերին նստում են տանը, տոները նշում են ընտանիքի հետ, իսկ փողոցները սովորաբար դատարկ են:

 

Փարիզ

Սուրբ Ծննդյան գլխավոր զարդը Փարիզում և համարյա ցանկացած ֆրանսիական քաղաքում  սատանայի անիվ կարուսելն է: Այն տեղադրվում է կենտրոնական հրապարակում: Ֆրանսիայի մայրաքաղաքում սատանայի անիվ կարուսելը տեղադրվում է Կոնկորդի հրապարակում։ Նրա տոմսը արժե մոտ 10 եվրո։ Կարուսելի փակ խցիկում կարող եք կատարել 3-4 պտույտ:

Տոներին Փարիզում ի հայտ են գալիս շատ նոր ատրակցիոններ և կարուսելներ: Ձիերով, փղերով, մեքենաներով կարուսելները բացարձակապես անվճար են Սուրբ Ծննդյան նախաշեմին: Ֆրանսիայի բոլոր քաղաքներում սուրբծննդյան շուկաները հայտնվում են Սուրբ Ծննդյան տոնից մոտ մեկ ամիս առաջ, որոնք փակվում են դեկտեմբերի 30-31-ին, այսինքն ՝ Ամանորին դրանք այլևս չկան:

Փարիզի սուրբծննդյան գլխավոր շուկան բացվում է Ելիսեյան դաշտերում։ Այն ամենամեծն է: Սակայն սուրբծննդյան շուկաներ կան նաև Մոնմարտրում, Էյֆելյան աշտարակի հարևանությամբ և նույնիսկ Լա Դեֆանս թաղամասում: Դրանցում կգտնեք հուշանվերներ, մանկական և տոնածառի խաղալիքներ, կարող եք ուտել համեղ ապուր, երշիկեղեն, խմել պունշ կամ գլինտվեյն:

Ասում են, որ Ամանորին տոնածառ զարդարելու սովորույթը եկել է Ստրասբուրգից: Հենց այնտեղ էին եղևնու վրա խնձորներ կախում  և այդ ժամանակից ի վեր Ստրասբուրգը համարվում է Սուրբ Ծննդյան մայրաքաղաք: Փարիզի գլխավոր տոնածառը դրվում է Նոտր Դամի դիմաց, որտեղ կարող եք գալ կեսգիշերից առաջ և լսել սուրբծննդյան պատարագը Փարիզի Աստվածամոր տաճարում: Փարիզում դեկտեմբերի 24-ին, 25-ին և 31-ին ոչինչ չի աշխատում, փակ են Լուվրը և այլ թանգարանները: Արգելված է նաև Էյֆելյան աշտարակի հարևանությամբ հրավառությունը: Բայց Դուք կարող եք նախապես ամրագրել տեղեր ռեստորաններում կամ գնել Մուլեն Ռուժ հայտնի կաբարեի տոմսեր, նավակով լողալ Սենայի վրայով և ուրախ դիմավորել Նոր տարին:

 

Նյուրնբերգ

Նյուրնբերգի ամանորյա տոնավաճառները ճանաչվել են լավագույնը Եվրոպայում: Ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնին ամբողջ աշխարհից այստեղ է գալիս 2 միլիոն զբոսաշրջիկ: Այստեղ մթնոլորտը ոչ միայն տոնական է, այլև միանգամայն կախարդական: Հեքիաթային տնակներ, որոնք զարդարված են ամանորյա պսակներով, դրասանգներով, լույսերով: Միևնույն ժամանակ ոչ մի ստանդարտ բան չեք գտնի։ Ամենը ձեռքի աշխատանք է։ Ի տարբերություն սովորական Սուրբ Ծննդյան տոնավաճառների,  այստեղ ոչ թե տաղավարներ են տեղակայված, այլ խանութներ: Խանութների մուտքերը գեղեցիկ զարդարված են խաղալիքներով և լապտերներով:

Այստեղ Դուք չեք տեսնի ստանդարտ խաղալիքներ: Դրանք պատրաստվում են ձեռքով և պարզապես զարմացնում են, քանի որ յուրաքանչյուր աշխատանքի մեջ հոգի է ներդրված: Սուրբծննդյան տնակները և տաղավարները նույն մոտեցմամբ են զարդարված: Այս ամենը չի կարող չջերմացնել մարդկանց սրտերը։ Սուրբծննդյան տոնավաճառում կգտնեք հարմարավետ սրճարան, որտեղ կարող եք տաքանալ ոտքով զբոսանքից հետո, խմել մեկ գավաթ պունշ կամ գլինտվեյն։ Փողոցներում համեմունքների, գինու, նարինջի և դարչինի բույրը սավառնում է օդում: Լինել տոնավաճառում և չփորձել տաքացնող խմիչքները նշանակում է մինչև վերջ չզգալ սուրբծննդյան տոնավաճառների մթնոլորտը: