Միացյալ Նահանգների արևմուտք և հարավ-արևմուտք – խորհրդավոր և անվեհեր աշխարհ, Ամերիկայի նվաճման վերջին ֆորպոստ, դեպի Արևմուտք մեծ արշավանք՝ ձեռնարկված նոր տան, ոսկու և ազատության որոնման համար: Սա Վայրի Արևմուտքն է, որը գովերգվում և փառաբանվում է գրականության և ֆիլմերի մեջ, որոնք մեզ ծանոթ են վաղ մանկությունից: Այն դարձել է մեր կոլեկտիվ հիշողության մի մասը: Նրա մասին բազմաթիվ առասպելներ և լեգենդներ կան, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն պատմական ճշմարտության հետ:

Սա ամերիկացի հնդկացիների հին հայրենիքն է, նախնադարյան կուսական բնության երկիր: Ապշեցուցիչ են ամայի և անկենդան հսկայական տարածությունները: Մինչ օրս այստեղ զգացվում է ազատության և արկածախնդրության ոգին:

Սա հակադրությունների երկիր է, որն անզուգական է: Զարմանալի գեղեցկության լանդշաֆտներ և բնության եզակի հրաշալիքներ – ահա ինչն է մարդկանց գրավում դեպի այնպիսի նահանգներ, ինչպիսիք են Կալիֆոռնիան, Նևադան, Յուտան, Արիզոնան և Կոլորադոն՝ ամերիկյան Արևմուտքի մեծ հնգյակը:

 

Սան Ֆրանցիսկո և Ոսկե դարպասներ

Ամերիկյան Արևմուտքը հայտնի է նաև իր աշխույժ քաղաքներով, ինչպիսին է, օրինակ, Սան Ֆրանցիսկոն: 1937 թ.-ին այստեղ կառուցվեց «Ոսկե դարպասներ» նրբագեղ կամուրջը՝ ար-դեկո ոճով:

Դա Ամերիկայի խորհրդանիշն է, տեսարժան մի վայր, որը ծանոթ է նույնիսկ նրանց, ովքեր երբևէ չեն եղել այս վայրում: Այս կամուրջը կապում է Սան Ֆրանցիսկոն Հյուսիսային Կալիֆորնիայի հետ:

Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող այս լեգենդար քաղաքում ձևավորվել է տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային ավանգարդ, որն իր ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա: Քաղաքին բնորոշ է բնակչության բարձր խտությունը և ուրբանիստական ուրույն միջավայրը: Սա մի տեսակ նորարարական լաբորատորիա է: Անկասկած, գեղատեսիլ բլուրների վրա տեղ գտած ու դեպի օվկիանոսը ուղղված Սան Ֆրանցիսկոն, կարելի է անվանել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը:

Բայց իր վերելքի համար այն պարտական ​​է տխրահռչակ «ոսկե տենդին», որը 19-րդ դարում գրավում էր արկածախնդիրներին ամբողջ աշխարհից: Ընդամենը երկու տարում բնակչությունը 800 000-ից դարձավ 1 000 000: Սան Ֆրանցիսկոյում ապրելը շատ հաճելի է, հատկապես, եթե փող ունեք:  Երևակայությունն ապշեցնող տեսարաններ են թաքնված գեղատեսիլ բլուրների և ճաղապատ փոքրիկ պարտեզների միջև:

1906 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց երկրաշարժից, բայց այն արագ վերակառուցվեց: Ավելի լավը դարձավ, քան նախկինում էր: Այնուամենայնիվ, Սան Ֆրանցիսկոյի յուրահատկությունը կայանում է հանգիստ ապրելակերպի, ազատության ոգու մեջ: Զարմանալի չէ, որ այս քաղաքը համարվում է նույնասեռականների հանդեպ հանդուրժողականության էտալոն, ինչպես նաև խոսքի ազատության միջնաբերդ: Այստեղ էր, որ սկսվեցին թմրանյութերի հետ էքսպերիմենտները և ծնվեց հիպպիների շարժումը: Սան Ֆրանցիսկոն մինչ օրս մնում է Ամերիկայի երաժշտական, գրական և ստեղծագործական ​​կենտրոնը: Այս քաղաքը իրավամբ համարվում է արևմտյան ափի մշակութային մայրաքաղաքը:

Ի տարբերություն ամերիկյան քաղաքների մեծ մասի, փոքրիկ Սան Ֆրանցիսկոյով կարելի է հանգիստ և շատ քայլել։ Մեքենաներ այստեղ հարկավոր չեն: Թերակղզին շատ փոքր է։ Աշխատում են տրամվայներ ու ավտոբուսներ: Թվում է, թե հանկարծակի հայտնվել եք հին Եվրոպայի կենտրոնում:

Տրամվայները ոչ միայն փոխադրման լավագույն միջոցն են, այլև սիրված տուրիստական ​​տեսարժանություն:

Քաղաքը ուսումնասիրելու հիանալի միջոց է զբոսնել 75 կմ ձգվող զբոսաշրջային ճանապարհով, որն անցնում է բոլոր հիմնական տեսարժան վայրերով:

Խաղաղ օվկիանոսի ափին հաջող դիրքը Սան Ֆրանցիսկոյին վերածել է Ամերիկայի միջազգային դարպասի: Քաղաքի բնակիչները գիտեն ինչպես հանգստանալ: Առագաստային սպորտն ու սերֆինգը մեծ պահանջարկ են վայելում այստեղ:

Ոչ մի զբոսաշրջիկ բաց չի թողնի «Ալկատրաս» նախկին բանտ այցելելու հնարավորությունը: Ենթադրվում էր, որ այստեղից փախչել հնարավոր չէ: Բանտի պատմության մեջ եղել է միայն մեկ բացառություն: Այս փախուստի պատմությունը դեռ հայտնի չէ: