Լուարա գետի հովիտն անվանում են դղյակների երկիր: Ֆրանսիայի այս հատվածում նրանց թիվը հասնում է 76-ի, և յուրաքանչյուրը արժանի է հիացմունքի: Բայց թերևս ամենառոմանտիկն ու ամենաէլեգանտը համարվում է Շենոնսո դղյակը: Գետի վրա ցանցկեն կամուրջը ստեղծում է դղյակի ալիքների վրա շարժման իլյուզիան:

Դղյակը շատ սիրված է զբոսաշրջիկների շրջանում, ովքեր այստեղ են գալիս աշխարհի տարբեր անկյուններից։ Այն Ֆրանսիայում ամենաշատ այցելուներ ունեցող դղյակներից մեկն է: Շեր գետի վրա արտասովոր դիրքի ու հարուստ պատմության շնորհիվ Շենոնսոն  ֆրանսիացիների և գեղեցկության արտասահմանյան երկրպագուների ամենասիրված դղյակներից մեկն է:

Շենոնսո դղյակը անվանում են նաև «Տիկնանց դղյակ»: Նրա ճարտարապետությունն արտացոլում է իր բոլոր տերերի կրքերը, բայց ամրոցի արտաքին տեսքի մեջ ամենամեծ ներդրումն ունեցան երկու տիկնայք, ովքեր իրենց կյանքի ընթացքում պայքարել են մեկ տղամարդու համար:  Խոսքը գնում է Եկատերինա Մեդիչիի ՝  Հենրիխ Երկրորդի օրինական կնոջ և Դիանա դե Պուատյեի՝ թագավորի սիրուհու մասին: Շենոնսոն Հենրիխ թագավորը նվիրեց Դիանային, որին սիրում էր մանկուց և պաշտում ողջ կյանքի ընթացքում:

Շենոնսո դղյակը նվիրվել է Դիանային ՝ դեմ գնալով այդ ժամանակ գործող օրենքներին: Դղյակի նոր տիրուհին այն վերափոխեց իր ճաշակով ՝ ձևափոխելով զբոսայգին և մրգերի այգին, որոնցում աճեցվում էին այդ ժամանակվա համար էկզոտիկ համարվող արտիճուկն ու սեխը:

Ներկայումս Շենոնսո դղյակը պատկանում է մասնավոր սեփականատերերի, բայց հասանելի է զբոսաշրջային այցելությունների համար: Դեպի դղյակ է տանում սոսու դարավոր  ծառուղին, որը շրջապատված է գեղեցիկ զբոսայգով: Կալվածքը, որտեղ այսօր գտնվում է «Տիկնանց դղյակը», ժամանակին պատկանել է Օվերնի շրջանում բնակվող դե Մարկ ընտանիքին: Հին ամրոցը, որը գտնվում էր այստեղ և շրջապատված էր ջրային խրամներով, նույնպես նրանց սեփականությունն էր:

Դիանայի պատվերով գետի վրա կառուցվել է ցանցկեն կամարավոր կամուրջ, որը դղյակի ալիքների վրա շարժման տպավորություն է ստեղծում: Այդ իսկ պատճառով էլ Շենոնսոն մինչ օրս համարվում է Լուարայի հովտի ամենագեղեցիկ դղյակներից մեկը: 1559 թվականին Հենրիխ Երկրորդը մահացավ մրցախաղի ժամանակ: Նիզակը խոցել էր աչքը, բժիշկների բոլոր ջանքերն ապարդյուն էին: Այրիացած Եկատերինա Մեդիչին որոշեց վրեժ լուծել ամուսնու սիրուհուց: Նա խլեց Շենոնսոն Դիանայից և փոխարենը նրան տվեց Շոմոն դղյակը: Թագուհին գիտեր, թե ինչպես պատժեր իր մրցակցուհուն:
Մեդիչին իր փոփոխությունները կատարեց այգիների և բուն դղյակի նախագծում: Այստեղ սկսեցին անցկացնել շքեղ տոնախմբություններ, որոնք ավարտվեցին դղյակի տիրուհու մահով: Ֆրանսիայի թագավորներից վերջինը, ով ապրել է Շենոնսոյում, Արևի արքա Լուի XIV- ն էր: