Մեկ անգամ այցելելով Զալցբուրգ, այն այլևս մոռանալ չի լինի: Ժամանակի ընթացքում մաշված քաղաքի անկրկնելիությունն ու նրա շրջակայքի հիանալի բնությունը անմիջապես գրավում են յուրաքանչյուրի սիրտը: Զալցբուրգում տիրում է երաժշտական ​​մթնոլորտ, երաժշտության ձայնն ամենուր է: Այն նաև ռոմանտիկայի, պատմության և հարուստ մշակույթի քաղաք է: Հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի քայլում են սալարկված փողոցներով և բլրալանջերով, հավաքելով վառ տպավորություններ, որոնք հիշողության մեջ կմնան դեռ երկար տարիներ: Զալցբուրգը անվանում են Ավստրիայի երաժշտական ​​մայրաքաղաք, դասական երաժշտության միջազգային մայրաքաղաք: Սա Մոցարտի և Կարայանի ծննդավայրն է:

Քաղաքը հարմարավետ տեղակայված է Զալցախ գետի ափին: Վերին Ավստրիայի այս հարմարավետ անկյունում քաղաքի հմայքն ու ալպյան շքեղությունը ներդաշնակորեն միահյուսվել են միմյանց: Բարոկկո ոճի հնամենի փողոցները ողողված են Մոցարտի և ֆոն Տրապպ ընտանիքի նրբաճաշակ երաժշտությամբ: Միջնադարյան աշտարակներին, երկաթից ձուլված ցուցանակներին և հիասքանչ պալատներին են գումարվում քաղաքը շրջապատող գունագեղ բնատեսարանները:

Ալտշտադտը կամ Հին քաղաքը իրենից ներկայացնում է հիանալի շենքերի մոզաիկա, որոնք կառուցված են ընդարձակ հրապարակների և գեղեցիկ շատրվանների շուրջ: Գլխավոր հրապարակում կամ Ռեզիդենցպլացում է գտնվում աշխարհի ամենամեծ բարոկկո ոճի շատրվանը: Կառուցվել է 1656 թվականին:

Զալցբուրգն ամբողջությամբ ողողված է երաժշտությամբ: Յուրաքանչյուր անկյունից հնչում են փողոցային երաժիշտների կատարումները: Զալցբուրգ ուղևորվելուց առաջ լավ կլինի նախապես հոգ տանել կացարանի մասին: Քաղաքի կենտրոնում կայանատեղին նույնպես շատ թանկ է, բայց տեսարժան վայրերի մեծ մասին կարելի է հասնել ոտքով կամ հասարակական տրանսպորտով:

Զալցբուրգի տաճարը զբաղեցնում է այն վայրը, որտեղ 1400 տարի շարունակ մի եկեղեցի է եղել կանգնած: 17-րդ դարի կեսերին կառուցված Սուրբ Ռուպերտի տաճարը դա բարոկկո ոճի հսկայական մի շինություն է, որը զարդարված է տեղական մարմարից պատրաստված աշտարակիկներով:

Այն բանից հետո, երբ մինչ այդ գործող եկեղեցին ոչնչացվեց հրդեհից, Դիտրիխ արքեպիսկոպոսը որոշեց կառուցել նոր տաճար: Ըստ նրա պլանի, նոր տաճարը պետք է մրցեր Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի հետ: Դիտրիխը գահընկեց արվեց, մինչ նա կհասցներ ավարտին հասցնել իր ծրագրերը: Նրա իրավահաջորդը աշխատանքն ավարտելու համար Իտալիայից ճարտարապետ հրավիրեց: Եվ չնայած նրան, որ տաճարը այնքան էլ շքեղ չէր ստացվել, ինչպես Դիտրիխն էր նախատեսել, այնուամենայնիվ, այն անվանում են բարոկկո ոճի լավագույն շինություններից մեկը:

Զալցկամերգուտ, կամ Լճային երկրամաս

Զալցբուրգից ոչ հեռու է գտնվում Զալցկամերգուտը կամ Լճային երկրամասը: Այստեղ հեշտությամբ կարելի է հասնել մեքենայով: Սա Ավստրիայի լավագույն առողջարանային քաղաքներից մեկն է և իսկական դրախտ Երկրի վրա: Երբեմնի իր աղի հանքերով հայտնի այս տարածքը լայն ճանաչում ձեռք բերեց նաև իր լճերի և աներևակայելի բնատեսարանների շնորհիվ:

Սանկտ Վոլֆգանգ առողջարանային քաղաքը գտնվում է տարածաշրջանի ամենառոմանտիկ լճի վերևում: Արևոտ օրերին քաղաքի փողոցները ողողված են զբոսաշրջիկներով։ Եթե ​​այստեղ եք եկել մեքենայով, լավ կլինի ինչ-որ տեղ կայանեք Ձեր մեքենան ու ուսումնասիրեք քաղաքը ոտքով:

XII դարից ի վեր քաղաքը, հանգստավայր դառնալուց շատ առաջ, ուխտատեղի էր: Այն ստեղծվել է այն հողի վրա, որտեղ Սուրբ Վոլֆգանգը կառուցել է հնամենի վանքը: Ծխական եկեղեցին կանգնած է քաղաքի կենտրոնում գտնվող լճի վերևում: Ժամանակակից ուխտագնացները այստեղ են հավաքվում ՝ հիանալու 15-րդ դարի հայտնի զոհասեղանով, որը կանգնեցրել է տիրոլյան վարպետ Միքայել Պաչերը:

Այս նկարազարդված գլուխգործոցը համարվում է գոթական արվեստի գագաթնակետ ՝ իր կազմի միասնության համար:

Զալցկամերգուտը վաղուց հայտնի է իր բուժիչ հանքային աղբյուրներով, իսկ մոտակայքում գտնվող Բադ Իշլը Ավստրիայի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկն է: Մոտակա լեռներում աղի հարուստ հանքավայրերի շնորհիվ այստեղի աղբյուրները բուժիչ են: Բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս այստեղ` աղի լոգարաններ ընդունելու և լեռնային օդը շնչելու համար: