Վանկուվերը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենակոսմոպոլիտ և բազմամշակութային քաղաքը:

Վանկուվերում երբեք շատ շոգ կամ շատ ցուրտ չի լինում: Հորդառատ անձրևների փոխարեն այստեղ թեթև անձրև է գալիս, ինչը բավականացնում է եղևնու անտառների աճի համար: Վանկուվեր արժե այցելել հենց միայն կլիմայի համար: Երիտասարդ և դինամիկ քաղաքում միախառնվել են Արևմուտքն ու Արևելքը, բնությունն ու հասարակությունը, ավանդույթներն ու արդիականությունը: Մշակույթների, համոզմունքների, ապրելակերպերի միախառնումը տալիս է անսպասելի արդյունքներ:

Տեղական ձկների, մրգերի և բանջարեղենի շնորհիվ Վանկուվերում ծաղկում է եվրոպական և ասիական խոհանոցը: Քաղաքի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքերում բնակվում է ամբողջ աշխարհի կոսմոպոլիտ երիտասարդությունը, ովքեր հանդիսանում են գիշերային ակումբների մշտական հաճախորդներ: Շքեղության տեսանկյունից, Վանկուվերի հյուրանոցները համապատասխանում են բարձրագույն եվրոպական ստանդարտներին և գործարարների համար ստեղծվել են աշխատանքային բոլոր պայմանները:

Կանգ առնելով քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցում՝ հաստատ չեք կորչի: Կենտրոնից արևելք գտնվում են Գաստաուն և Չայնաթաուն թաղամասերը, արևմուտքում՝ Ուեսթ Էնդը: Գաստաունը քաղաքի պատմական մասն է: Ճիշտն ասած, լեզուն չի պտտվում այս տարածքը պատմական անվանել` համեմատած Եվրոպայի կամ ԱՄՆ-ի արևելքի և Կանադայի քաղաքների հետ: Այստեղ ամենահին շենքը 100 տարեկան է: Բայցևայնպես, այստեղից է սկիզբ առնում Վանկուվերի պատմությունը:

Հայտնի տեսարժան վայրերի այցելության զգացումը միշտ երկակի է: Մի կողմից, անշուշտ, Դուք կտեսնեք զավեշտալի գրություններով շապիկներ երկրորդ կարգի խանութներից, մյուս կողմից՝ կարող եք զբոսնել շատ գեղեցիկ փողոցներով, այցելել սրճարաններ, ռեստորաններ, քաղաքի լավագույն բուտիկներ և պատկերասրահներ:

Իսկական արվեստ վաճառող բազմաթիվ խանութներից մեկում կարելի է գտնել եզակի հուշանվերներ:

Սթենլի Պարկը հիանալի վայր է թե՛ թեթև զբոսանքի, թե՛ ակտիվ վազքի համար:

Հինգ հարյուր հեկտար լողափեր, անտառներ և լճեր ձգվում են մինչև Վանկուվեր քաղաքի կենտրոն: Ճանապարհորդներն ու մշտապես շտապող քաղաքաբնակները կգտնեն այստեղ թենիսի կորտեր, ակվարիում, այգիներ և մեկուսի անկյուններ: Բնությունը շրջապատում է ամենուր:

Ծովախորշի ետևում վեր է խոյանում Գրաուս Մաունթինը: Ամռանը լեռնային հեծանվով, իսկ ձմռանը դահուկներով սահելը կենտրոնից մի քանի րոպե հեռավորության վրա է: Այս հրաշքների երկիր հասնելու ամենահեշտ ճանապարհը գոնդոլաներն են, որոնք բարձրանում են Գրաուս Մաունթինի գագաթ:

Վերևում կարող եք քայլել և տեսնել փայտահատների ներկայացումները, որոնք ցուցադրում են հյուսիսարևմտյան ավանդական արհեստը: Ձմռանը հազարավոր տեղացիներ և զբոսաշրջիկներ են հավաքվում բլուրների վրա՝ սահելու Հյուսիսային Ամերիկայի լավագույն լեռնադահուկային լանջերով:

Կարող եք այցելել նաև Լին Կանյոնի էկոլոգիական կենտրոն: Այստեղ զբոսաշրջիկներն ավելի քիչ են, ինչը մեծ առավելություն է: Հյուսիսամերիկյան անձրևային անտառների էկոլոգիայի, բույսերի, կենդանիների, աշխարհագրության ուսումնասիրման համար ավելի լավ վայր չկա:

Երեխաները պաշտում են այն: Այստեղ նրանց համար կան ժամանցի բազմաթիվ տարբերակներ: Ամենից շատ այցելուներին դուր է գալիս կախովի կամուրջը քսանհարկանի շենքի բարձրության վրա: