Բելգիայի պաշտպանության նախարարությունը հերքել է ՌԴ ՊՆ-ի հրապարակած այն տվյալները, որոնք վկայում են, թե Հալեպի խաղաղ բնակիչներին հասցված ավիահարվածների հեղինակը բելգիական ավիացիան է, հայտնում է Interfax-ը։

«ՌԴ պաշտպանությունը Մոսկվայում Բելգիայի դեսպանության կցորդին է փոխանցել ենթադրյալ ապացույց, որը կոչված է ցույց տալ, որ Բելգիական ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները պատասխանատու են Հալեպի շրջանում օդային գրոհի համար հոկտեմբերի 18-ին, որը մի քանի քաղաքացիական զոհի պատճառ էր դարձել։ Այդ ենթադրյալ ապացույցն իրենից ներկայացրել է քարտեզ՝ իբր բելգիական ինքնաթիռների թռիչքների երթուղով»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղակայված է Բելգիայի պաշտպանության նախարար Սթիվեն Վանդեպուտի կայքում։

Փաստաթղթում ասվում է, որ տվյալները ճիշտ չեն և Բելգիայի ռազմական ինքնաթիռներին չեն պատկանում։

Նշվում է, որ բելգիական կողմը սպասում է ռուսական մեղադրանքների պաշտոնական հետկանչմանը։

Ռուսաստանը մեղադրում է Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։

Ռուս զինվորականները պնդում են, որ հարվածի պահին նկատվել է Բելգիայի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-16 կործանիչ։

Ընդ որում՝ նշվում է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին կամ Սիրիայի ավիացիային պատկանող ինքնաթիռներ շրջանում չեն եղել։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Բելգիայի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածը համարելու է «Ան-Նուսրան» պահպանելու ցանկություն, եթե այդ գործողությունները չդատապարտվեն։