Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը չպետք է մոռանան, թե ինչով ավարտվեց ֆաշիզմի դեմ երկարատև պայքարը՝ Նյուրնբերգյան դատավարությամբ, գրում է Times-ը։

Թերթն իր խմբագրականում գրում է, որ նացիստական լյուֆտվաֆեի «Կոնդոր» լեգեոնին անհրաժեշտ եղավ 1 օր և 22 տոննա ավիառումբ՝ 1937թ. հողին հավասարեցնելու իսպանական Գերնիկա քաղաքը։

«Ռուսական ավիացիային ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ավերի Հալեպը, սակայն զուգահեռներն ակնհայտ են։ Գազանությունը, որը տեղի է ունենում Սիրիայի երբեմնի խոշորագույն քաղաքում, մի շարքում է գտնվում անցած դարի ամենասարսափելի նմանատիպ հանցագործությունների կողքին»,- գրում է թերթը։

Հալեպը, ինչպես և Գերնիկան, ռազմավարական կարևոր առևտրային քաղաք է, որը «վերածվում է ավերակների՝ մի բռնակալի ավիացիայի օգնությամբ, որը որպես օգնություն տրամադրվել է մյուս բռնակալին»։

«Պուտինը և Ասադը կարող են քամահրանքով վերաբերվել Արևմուտքի՝ իրենց գործողությունների նվազագույն դիմադրությանը, ինչպես դա անում էին Հիտլերն ու գեներալ Ֆրանկոն։ Սակայն նրանք չպետք է մոռանան, թե ինչով ավարտվեց ֆաշիզմի դեմ երկարատև պայքարը՝ Նյուրնբերգյան դատավարությամբ»,- գրում է պարբերականը։
Թերթը հիշեցնում է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, կոչ են անում Սիրիայում սահմանել ռազմական ավիացիայի համար փակ գոտի։

Սակայն, շարունակում է Times-ը, ոչ մի քաղաքական գործիչ չպետք է առաջ քաշի նման առաջարկներ՝ պատրաստ չլինելով հակամարտության անսպասելի էսկալացիայի, որը կարող է վերածվել Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի, եթե Սիրիայի երկնքում բախվեն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները։

Թերթը գրում է, թե Արևմուտքն անօգնական չէ։ Միջազգային իրավունքի և պատասխանատվության հանձնաժողովը հավաքում է վկայություններ, որ Հալեպում ռուսական և սիրիական ավիացիան դիտավորյալ է հարվածներ հասցնում քաղաքացիական բնակչությանը, հիվանդանոցներին և մարդասիրական շարասյուներին։
Դա ռազմական հանցագործություն է։

Ո՛չ Ասադը, ո՛չ Պուտինն իշխանության ղեկին հավերժ չեն մնա և որքան շատ ռմբակոծեն, այնքան երկար կլինեն նրանց առաջադրվող մեղադրանքները»,- հիշեցնում է Times-ը։