ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը կտրուկ փոփոխություններ մտցրեց Թուրքիայի արտաքին քաղաքականությունում։
  • Թուրքիան ոչ միայն չի միանում ՌԴ-ի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին, այլև դատապարտում է դրանք։
  • «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործումը վտանգված է ՌԴ-ի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով։
  • Արևմուտքի հանդեպ Թուրքիայի շանտաժային/բլեֆային քաղաքականությունը շարունակվում է՝ կապված ՌԴ-ից S-400 ԶՀՀ-ների գնման, ՇՀԿ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտուր ունենալու մտադրությունների հետ։

 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2016թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջման փորձ (ՌՀՓ), որն ավարտվեց ձախողմամբ։ Այն արմատական փոփոխություններ մտցրեց Թուրքիայի արտաքին քաղաքականությունում, ինչը հատկապես վերաբերում է ԵՄ-ի ու ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին։ ՌՀՓ-ի հանդեպ ԵՄ-ի ու ՌԴ-ի դիրքորոշումները ներկայացնելուց առաջ նախ նշենք, թե ինչպիսի հարաբերությունների մեջ էին գտնվում կողմերը դրանից առաջ։ ՌՀՓ-ից առաջ ԵՄ-ի ու Թուրքիայի փոխհարաբերություններում կար որոշակի լարվածություն, որի պատճառները տարբեր էին՝ սկսած Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներից, քրդերի դեմ շարունակվող ռազմական գործողություններից մինչև փախստականների ճգնաժամ և այլն։ Հիշատակության արժանի է նաև 2016թ. հունիսի սկզբին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն ու դրանից հետո Գերմանիայի ու Թուրքիայի միջև «Ինջիրլիքի» ավիաբազայի շուրջ ծագած ճգնաժամը։

Մինչդեռ ՌՀՓ-ից մոտ կես ամիս առաջ տեղի էր ունեցել Էրդողանի մասնակի կամ անհասցե ներողությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, որով և տրվել էր ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մեկնարկը (թուրքական օդուժը 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի հետ սահմանին խոցել էր ռուսական SU-24M ռմբակոծիչը, ինչից հետո բավական վատթարացել էին երկկողմ հարաբերությունները)։

2016թ. հուլիսի 16-17-ին ՌՀՓ-ը դատապարտեցին ԵՄ-ի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և այլք։ Բացի այդ հուլիսի 16-ին ՌՀՓ-ը դատապարտեցին և Թուրքիայի գործող իշխանություններին իրենց աջակցությունը հայտնեցին ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդները և մասնավորապես՝ նրա առանցքային երկիր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։

Եվ չնայած այս ամենին՝ Թուրքիայի իշխանությունները դժգոհ մնացին ՌՀՓ-ի հարցում ընդհանրապես Արևմուտքի, այդ թվում նաև ԵՄ-ի դիրքորոշումից՝ ընդգծելով, որ նրանից «չեն ստացել» բավականաչափ աջակցություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ՌՀՓ-ն իրենց օգնեց՝ հասկանալու, թե ովքեր են իրենց իսկական ընկերները, որոնք Թուրքիայի իշխանություններին իրենց աջակցության մասին հայտնեցին հենց ՌՀՓ-ի ժամանակ, և ոչ թե սպասեցին դրա վախճանին և հետո միայն դիրքորոշում հայտնեցին։ Հատկանշական է, որ 2017թ. ամռանը Ժան Կլոդ Յունկերը ՌՀՓ-ի մեկամյակին նվիրված հոդված հրապարակեց գերմանական Bild am Sonntag թերթում, որում նշեց, որ մեկ տարի առաջ Տուսկն ու Մոգերինին ԵՄ-ի անունից Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտներին աջակցություն են հայտնել այն ժամանակ, երբ դեռ հայտնի չէր, թե ինչպես կավարտվի ՌՀՓ-ը։

Սա վկայում է Էրդողանի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու մասին, ով շարունակ դժգոհում է ՌՀՓ-ի հանդեպ ԵՄ-ի դիրքորոշումից։ ԵՄ-ի և նրա առանձին երկրների այս դիրքորոշումը բավական սպասելի էր. ԵՄ-ը դեմ է ռազմական հեղաշրջումներին և աջակցում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի դիրքորոշմանը, ապա թուրքական մամուլի պնդմամբ՝ Պուտինը հուլիսի 17-ին հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ, դատապարտեց ՌՀՓ-ը՝ դառնալով ՌՀՓ-ից հետո Էրդողանին զանգահարած օտար երկրի առաջին առաջնորդը։ Պուտինի այդ քայլը կարևորվեց Թուրքիայի իշխանությունների համար, և զարմանալի չէր, որ ՌՀՓ-ից հետո երկու երկրների միջև կարգավորման գործընթացը սկսեց առաջ ընթանալ բուռն տեմպերով։ Դրանում իր զգալի դերն ուներ այն, որ թուրքական մամուլի պնդմամբ՝ հենց Պուտինն է ՌՀՓ-ից առաջ Էրդողանին զգուշացրել դեպքերի նման զարգացման (ՌՀՓ) մասին։

Մասնավորապես հաղորդվել է, որ Պուտինի խորհրդական (հատուկ ներկայացուցիչ) Ալեքսանդր Դուգինը հուլիսի 14-ին ժամանել է Թուրքիա և հանդիպումներ է ունեցել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի ու Հասարակական կարգուկանոնի ու անվտանգության վարչության պետ Մուհամմեթ Դերվիշօղլուի հետ ։ Հոկտեմբերի սկզբին Դուգինը խոստովանեց, որ հուլիսի 14-ին Թուրքիայի իշխանություններին զգուշացրել է թուրքական բանակում սպասվող զարգացումների մասին։

ՌՀՓ-ը Թուրքիայում առաջացրեց հակաարևմտյան սուր տրամադրություններ, քանի որ Թուրքիայում (նաև իշխանական մակարդակով) կարծում էին (են), որ ՌՀՓ-ի հետևում կանգնած է ԱՄՆ-ը։ ՌՀՓ-ից հետո ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերություններում աճեց լարվածությունը, ինչին նպաստեցին հուլիսի 20-ին թուրքական իշխանությունների կողմից երկրում 3 ամսով արտակարգ դրության ռեժիմի ներդրումը (այն շարունակ երկարաձգվում է ցայսօր) և դրա շրջանակներում զանգվածային բռնություններ սկսելը։ ԵՄ-ը մտահոգություն հայտնեց այդ անհամաչափ արձագանքի համար, քննադատեց Թուրքիայի իշխանություններին և զգուշացրեց, որ մահապատժի հնարավոր վերականգնումը ոչ միայն վերջ կդնի կառույցին Թուրքիայի անդամակցության հեռանկարին, այլև ԵԽ-ին Թուրքիայի անդամությանը (ԵԽ-ի անդամ երկրներում չի գործում մահապատիժ. Բելառուսին կառույցի շարքերը չեն ընդունում հենց մահապատիժ ունենալու պատճառով)։

Մինչդեռ ՌԴ-ը որևէ կերպ չարձագանքեց Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդկանց հանդեպ սկսված մասշտաբային բռնություններին, մահապատժի հնարավոր վերականգնմանը։ Դրա համար էլ սպասելի էր, որ ՌՀՓ-ը կնպաստի նրան, որ Թուրքիան է՛լ ավելի կհեռանա Արևմուտքից և կմերձենա ՌԴ-ի հետ։ Օգոստոսի 9-ին Էրդողանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ ինքնաթիռային միջադեպից հետո Պուտինի հետ առաջին անգամ հանդիպելու համար։ Ի դեպ, դա դարձավ ՌՀՓ-ից հետո Էրդողանի առաջին արտասահմանյան այցը։ Այցից 15 օր անց՝ օգոստոսի 24-ին, Սիրիայի հյուսիսում սկսվեց «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որով թուրքական ավիացիան SU-24M-ի  միջադեպից 9 ամիս անց վերադարձավ Սիրիա։ «Եփրատի վահանը» կենսական կարևորություն ուներ Թուրքիայի համար՝ Սիրիայի քրդերի ռազմական հաղթարշավը կանգնեցնելու, նրանց ինքնավար շրջանների միջև սեպ խրելու տեսանկյուններից։ Փոխարենը Թուրքիան ՌԴ-ի առջև «կանաչ լույս» վառեց «Թուրքական հոսք» գազատարի նախագծի հարցում, որի իրագործումը սառեցրել էր SU-24M-ի միջադեպից հետո։

«Թուրքական հոսք»  գազատար – Հայտնի է, որ ԵՄ-ի հակազդեցության պատճառով ՌԴ-ը 2014թ. դեկտեմբերին հարկադրված եղավ հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի (դեպի Բուլղարիա) նախագծից և նախապատվությունը տալ «Թուրքական հոսք» գազատարի նախագծին։ Դրանով Թուրքիան հնարավորություն ստացավ Եվրոպային ռուսական գազ մատակարարելու հարցում վերածվել տարանցիկ երկրի։ Վերջին տարիներին ԵՄ-ը զգալի քայլեր է ձեռնարկում ՌԴ-ից իր գազային մեծ կախվածությունը թուլացնելու ուղղությամբ, և այդ պլանում մեծ դեր է վերապահվել Թուրքիային, ով էլ լայնորեն օգտվում է ԵՄ-ՌԴ գազային դիմակայությունից։ Դրա վառ օրինակը «Թուրքական հոսքի» նախագիծն է։

Այդպիսով Թուրքիան «կանաչ լույս» վառեց իր տարածքով ԵՄ ռուսական գազ արտահանելու առջև և ԵՄ-ին ցույց տվեց, որ պարտավոր չէ հետևելու նրա որոշումներին (ավելի վաղ ԵՄ-ի անդամ Բուլղարիան հրաժարվել էր «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործումից), քանի որ կառույցի անդամ չէ։ Փաստորեն Անկարան բաց չթողեց հերթական առիթը, որպեսզի ԵՄ-ը «զղջա» իր շարքերում Թուրքիային մինչ այդ չընդգրկելու համար։

Պուտինն իր հերթին ԵՄ-ին ցույց տվեց, որ ունի «Հարավային հոսքին» այլընտրանք՝ ի դեմս «Թուրքական հոսքի»։ Հատկանշական է, որ երկու գազատարների նախագծերն էլ միտված են նրան, որպեսզի Ուկրաինան դադարի ԵՄ-ին ռուսական գազի մատակարարման համար տարանցիկ երկիր լինելուց։ Սակայն SU-24M-ի միջադեպից հետո թուրքական կողմը սառեցրեց «Թուրքական հոսքի» նախագծի իրագործումը, որով ՌԴ-ը հայտնվեց փակուղային իրավիճակում՝ մնալով առանց «Հարավային հոսքի» ու «Թուրքական հոսքի»։ Խնդիրն առնչվում էր նաև Պուտինի իմիջին, ով, ստեղծված իրավիճակից ելնելով, ձգտում էր շուտափույթ հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկին։

Դրա համար էլ նա այդքան հեշտությամբ ընդունեց Էրդողանի մասնակի կամ անհասցե ներողությունը և գնաց երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Այդպիսով, Սիրիայի քրդերի հաղթարշավը և «Թուրքական հոսքի» նախագծի սառեցումը Անկարային ու Մոսկվային ստիպեցին շուտափույթ (ամիսներ անց) գնալ հարաբերությունների կարգավորմանը և չկրկնել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման սցենարը, որի համար պահանջվեց ավելի քան 6 տարի։

Ռուսական «Գազպրոմը» 2017թ. մայիսի 7-ին ձեռնամուխ եղավ «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը։ Օգոստոսի կեսին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն Իզմիրի 86-րդ միջազգային տոնավաճառի ժամանակ հայտարարեց. «2017թ. մայիսին Սև ծովի ռուսական հատվածում մեկնարկել է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի (910 կմ) կառուցումը (Թուրքիայում գազատարի ցամաքային հատվածի երկարությունը կազմելու է 180 կմ)։ Ներկա դրությամբ կառուցվել է ավելի քան 170 կմ գազատար։ «Թուրքական հոսքը» կոչված է բարելավելու Թուրքիայի և դիվերսիֆիկացնելու Եվրոպայի գազամատակարարումը»։

Հիշեցնենք, որ ծրագրված է «Թուրքական հոսքի» առաջին ճյուղը շահագործման հանձնել 2018թ. մարտին, իսկ երկրորդը՝ 2019թ. (ավելի վաղ խոսք էր գնում 4 ճյուղի կառուցման մասին)։  Յուրաքանչյուր ճյուղի տարեկան հզորությունը կազմելու է 15.75 մլրդ մ3։ Դրանցից առաջինը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ երկրորդը՝ Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար։ Բնականաբար, այստեղ հիմնական շեշտը դրված է տվյալ գազատարով ԵՄ-ին ռուսական գազ մատակարարելու վրա, քանի որ եթե հիմնական խնդիրը լիներ ՌԴ-ից ծովային ճանապարհով Թուրքիային գազ մատակարարելը, ապա «Թուրքական հոսքի» փոխարեն կկառուցվեր, ասենք, «Երկնագույն հոսք 2» գազատարը, որի երթուղին շատ ավելի կարճ է (396 կմ), իսկ կառուցումը՝ պակաս ծախսատար ու ժամանակատար։

Արդեն նշվեց, որ «Հարավային հոսքի» (նաև «Հյուսիսային հոսքի») նման «Թուրքական հոսքը» նույնպես միտված է նրան, որպեսզի Ուկրաինան զրկվի ԵՄ-ին ռուսական գազ մատակարարելու հարցում տարանցիկ երկրի կարգավիճակից։ Ընդգծենք, որ «Թուրքական հոսք» գազատարի անգամ առաջին ճյուղի կառուցումը կվնասի Ուկրաինային, քանի որ վերջինս այդ դեպքում կզրկվի Թուրքիային ռուսական գազ մատակարարելու հարցում տարանցիկ երկրի իր կարգավիճակից։ Դժվար է կարծել, որ SU-24M-ի միջադեպից անմիջապես անց Ուկրաինայի հետ հարաբերությունները զգալի սերտացրած Թուրքիայի իշխանությունները չեն գիտակցում դա։

Ակնհայտ է, որ «Թուրքական հոսքի» առաջին ճյուղի կառուցումից հետո ՌԴ-ը դադարեցնելու է «Արևմտյան» («Անդրբալկանյան») գազատարով Թուրքիային գազ մատակարարելը, որի երթուղին անցնում է Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի տարածքներով՝ հասնելով Թուրքիայի եվրոպական տարածք։ Հայտնի է, որ վերջին տարիներին թուրքական մի շարք մասնավոր ընկերություններ «Արևմտյան» գազատարով ներկրում են տարեկան 10 մլրդ մ3 ռուսական գազ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ 2011թ. աշնանը թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը, «Գազպրոմից» չստանալով էական զեղչ, հրաժարվեց ռուսական գազ ներկրել «Արևմտյան» գազատարով։  BOTAŞ-ն այդ քայլին գնաց 1986թ. ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի միջև 25 տարով կնքված պայմանագրի ժամկետի ավարտին, ըստ որի՝ BOTAŞ-ն «Արևմտյան» գազատարով տարեկան ներկրում էր 6 մլրդ մ3 ռուսական գազ։

Ներկայումս խնդրահարույց է մնում «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման հարցը։ 2017թ. մայիսի վերջին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարեց, որ «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման համար ՌԴ-ին անհրաժեշտ են «երկաթբետոնե» երաշխիքներ, որպեսզի չկրկնվի «Հարավային հոսքի» տխուր փորձը։ Սակայն ԵՄ-ը հրաժարվում է տրամադրել այդպիսի երաշխիքներ։

Ավելին, 2017թ. օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց ՌԴ-ի հանդեպ նոր և աննախադեպ պատժամիջոցներ, որոնց հուլիսին հավանության էին արժանացրել Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։  Դրանցում ԱՄՆ-ն աջակցություն է հայտնում Ուկրաինայի էներգետիկ անկախությանը՝ խոստանալով դեմ հանդես գալ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի դեմ՝ հաշվի առնելով դրա կործանարար հետևանքները ԵՄ-ի էներգետիկ անկախության վրա։ Թեև պատժամիջոցներում ուղղակի չէր հիշատակվել «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ դրա երկրորդ ճյուղի կառուցման ապագան շարունակում է մնալ բավական մշուշոտ՝ հաշվի առնելով նաև այն, որ ԵՄ-ը չի արտոնել այդ խողովակաշարով ռուսական գազ ներկրելը։

Այստեղ իր ուրույն դերն ունի ինչպես ՌԴ-ից իր գազային կախվածությունը չմեծացնելու, այնպես էլ Ուկրաինային վնաս չպատճառելու (տարանցիկ երկրի կարգավիճակից չզրկելու) ԵՄ-ի մղումը։

Թուրքական կողմը ներկայումս չունի ռուսական գազ ներկրելու խնդիր, ինչն իրականացնում է «Արևմտյան» ու «Երկնագույն հոսք» գազատարներով։ Նման պայմաններում «Թուրքական հոսքի» թեկուզ առաջին ճյուղի կառուցումը վկայում է, որ նախագիծն առաջին հերթին քաղաքական է, որ ՌԴ-ը ցանկանում է ձերբազատվել Ուկրաինայից ունեցած տարանցիկ կախվածությունից և պատրաստ է հավելյալ ծախսեր անել՝ Թուրքիային ոչ Ուկրաինայի տարածքով գազ մատակարարելու համար։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա գազային կարիքների մոտ 55%-ը ապահովում է ՌԴ-ը, ինչը բավական մեծ և անգամ վտանգավոր ցուցանիշ է թուրքական կողմի համար։ Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ցուցանիշը նվազեցնելու համար, սակայն նրա արտաքին ագրեսիվ քաղաքականությունը, ներքին խնդիրները, տարածաշրջանային զարգացումները դանդաղեցնում են գործընթացը։

ԵՄ-ն իր հերթին գնալով ավելի է հակվում էներգիայի այլընտրանքային աղբյուրներ օգտագործելուն, էներգակիրների այլընտրանքային մատակարարումներ գտնելուն, ՌԴ-ից իր գազային մեծ կախվածությունը նվազեցնելուն։ Այս ամենը բավական աղոտ են դարձնում «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղի կառուցման ապագան։ ՌԴ-ում նույնպես հասկանում են դա, բայց քանի որ միայն առաջին ճյուղով կարող են ազատվել Թուրքիային գազ մատակարարելու հարցում Ուկրաինայից ունեցած կախվածությունից, շարունակում են համառորեն կառուցել այն՝ հուսալով, որ ինչ-որ պահի հնարավոր կդառնա նաև «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղի կառուցումը։

Պատժամիջոցներ – 2014թ. Թուրքիան չմիացավ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ ՌԴ-ի դեմ Արևմուտքի, այդ թվում նաև ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին։ Ավելի ուշ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յոնեթ Ջան Թեզելը թուրքական կողմի այդ քայլը պատճառաբանեց 3 գործոնով. «Նախևառաջ այդ պատժամիջոցները սահմանվել են առանց Թուրքիայի մասնակցության։ Մենք պատկանում ենք Արևմտաեվրոպական միությանը, և երբ ընդունվում են կարևոր որոշումներ, մենք նույնպես պետք է մասնակցենք դրանց։ Այդ պատճառով էլ անկարելի է ակնկալել, որ մենք ինքնաբերաբար կմիանանք այնպիսի որոշումների, որոնք ընդունվել են առանց մեզ հետ համաձայնեցման։ Երկրորդն այն է, որ մենք ունենք սկզբունք, ըստ որի՝ միանում ենք միայն ՄԱԿ-ի պատժամիջոցներին, որոնք պարտադիր են մեզ համար։ Եվ երրորդ կարևոր պատճառն այն է, որ պատժամիջոցները միշտ չէ, որ լավագույն գործիքն են»։

Այստեղ ուշագրավ է, որ թուրք դեսպանը Թուրքիայի նման պահվածքի պատճառների թվում առաջինը հիշատակում է այն, որ իրենց անտեսել են որոշումներ ընդունելիս։ Ավելորդ է նշել նաև, թե Թուրքիան որքան անգամ է անտեսել ՄԱԿ-ի կոչերն ու հորդորները, ինչպես նաև ավելի քան 20 տարի է, ինչ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ որպես նրա հանդեպ պատժամիջոց։ Բացի այդ Թուրքիան երկկողմ հարաբերությունների վատթարացման ժամանակ մի շարք պատասխան պատժամիջոցներ (ցորեն) է սահմանել ՌԴ-ի հանդեպ։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալով՝ Թուրքիան ԵՄ-ին հիշեցնում էր, որ չի հանդիսանում նրա անդամ և հետևաբար պարտավոր չէ միանալ նրա սահմանած պատժամիջոցներին (թուրքական կողմը դրանով հիշեցնում էր նաև հակառակի մասին, որ եթե լիներ ԵՄ-ի անդամ …)։ Այդպիսով, Թուրքիան վարում էր ԵՄ-ին «զղջալ տալու» իր հայտնի քաղաքականությունը։

Թուրքիայի նմանատիպ ինքնուրույն քայլերը պարարտ հող էին ստեղծում ՌԴ-ի հետ մերձենալու համար և աննկատ չէին մնում վերջինիս կողմից։ 2015թ. նոյեմբերի 15-16-ին Անթալիայում անցկացված G20–ի գագաթաժողովից անմիջապես առաջ (թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24M ռմբակոծիչը ոչնչացնելուց մոտ 10 օր առաջ) Վ. Պուտինը գովեստի խոսքեր շռայլեց ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին չմիացած Թուրքիայի հասցեին. «ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանած պատժամիջոցների խորապատկերին Թուրքիան որդեգրեց ինքնուրույն դիրքորոշում։ Անկարայի վարած անկախ, ազգային շահերին համապատասխանող արտաքին քաղաքականությունն արժանի է խորը հարգանքի։ Նման պրագմատիկ մոտեցումը նոր հորիզոններ է բացում ռուս-թուրքական համագործակցության զարգացման և առաջին հերթին դրանց գործարար բաղադրիչի համար»։

Եվ, այնուամենայնիվ, Ուկրաինայի հայտնի դեպքերից հետո ՌԴ-ի հանդեպ սահմանված արևմտյան պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալը SU-24M-ի միջադեպից հետո նրան չփրկեց ՌԴ-ի կողմից պատժամիջոցներ ստանալուց։ Հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիայի իշխանությունները ՌԴ-ին քանիցս հիշեցրեցին, որ ժամանակին իրենք չեն միացել նրա հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին, սակայն ՌԴ-ը պատժամիջոցների հարցում մնաց անդրդվելի։

ՌԴ-ի հանդեպ արևմտյան պատժամիջոցների հարցում Թուրքիայի դիրքորոշումը բնականաբար չփոխվեց նաև ընթացիկ տարվա ամռանը, երբ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց ՌԴ-ի նկատմամբ։ 2017թ. օգոստոսին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան դեմ է ՌԴ-ի հանդեպ սահմանված նոր պատժամիջոցներին, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել թուրքական տնտեսության վրա. «Թուրքիան պատժամիջոցների պատճառով վնասներ է կրել անցյալում։ Մեր հարևանների ու գործընկերների դեմ պատժամիջոցները նույնպես վնասել են մեր տնտեսությունը։ Այդ պատճառով էլ մենք չենք միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և նախընտրում ենք քաղաքական միջոցները։ Մենք ձգտում ենք հարցերը լուծել երկխոսության միջոցով, որպեսզի չտուժի մեր տնտեսությունը»։

Նշենք, որ թեև տարիներ առաջ Թուրքիան չէր միացել Իրանի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին, իրականում նվազեցրել էր այդ երկրից նավթի ներկրումը։ Արդյունքում Թուրքիայի թիվ մեկ նավթամատակարար երկիր դարձավ Իրաքը՝ կապված ընթացիկ տասնամյակում Արևմուտքի կողմից Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հետ։ Արևմտյան պատժամիջոցներն իրենց բացասական կնիքն են թողել Թուրքիայի ու Իրանի միջև արտաքին առևտրային շրջանառության վրա, թեև Թուրքիան պաշտոնապես չէր միացել այդ պատժամիջոցներին։

Սա նշանակում է, որ արևմտյան պատժամիջոցները նմանատիպ ազդեցություն կարող են ունենալ նաև Թուրքիայի ու ՌԴ-ի ապրանքաշրջանառության վրա։ Ավելին, թերևս սարերի հետևում չէ այն օրը, երբ ԵՄ-ը տնտեսական պատժամիջոցներ կսահմանի նաև Թուրքիայի նկատմամբ։ Գերմանիան արդեն իսկ վերանայում է Թուրքիայի հանդեպ տնտեսական քաղաքականությունը. Ֆ. Վ. Շտայնմայերը հուլիսի վերջին հայտարարեց, որ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը Գերմանիայի ինքնահարգանքի հարցն է։

Ի դեպ, Գերմանիան Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է. 2016թ. նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 35.473.642.000 $, որից 21.474.989.000 $-ը բաժին է ընկել Գերմանիայից Թուրքիայի ներկրմանը, իսկ 13.998.653.000 $-ը՝ Թուրքիայից Գերմանիա արտահանմանը։ Բացի այդ Թուրքիայի տարածքում գործում է գերմանական կապիտալով 6000 ընկերություն, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր։

Եվ  վերջապես, ամենամեծ թվով զբոսաշրջիկները Թուրքիա են գալիս հենց Գերմանիայից։ 2015թ. Գերմանիայից Թուրքիա այցելել է 5.5 մլն զբոսաշրջիկ։ Մինչդեռ Գերմանիայի իշխանություններն իրենց քաղաքացիներին արդեն կոչ են արել չայցելել Թուրքիա, ինչը մեծ հարված է Թուրքիայի զբոսաշրջային ոլորտին։ ԵՄ-ի կամ նրա առանձին անդամների (Գերմանիա) կողմից պատժամիջոցներ սահմանելը լուրջ վնաս կարող է պատճառել Թուրքիայի տնտեսությանը, երկրի ներսում առաջացնել հասարակական որոշակի դժգոհություն իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, ինչը կարող է իր հերթին (բացասաբար) անդրադառնալ 2019թ. նոյեմբերի 3-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքների վրա։

Գաղտնիք չէ, որ ցայժմ Թուրքիայում անցկացված ընտրություններում Էրդողանի ու նրա «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակներում զգալի, եթե ոչ առաջնային դեր են խաղացել երկրի ցուցաբերած տնտեսական արդյունքները (ԱԶԿ-ը Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և դրանից ուղիղ 17 տարի անց կփորձի շարունակել իր հաղթարշավը)։ Այդ առումով Էրդողանի համար խստապես կարևորվում է երկիրն առաջիկա երկու տարում տնտեսական խոշոր ցնցումներից զերծ պահելը։ 2019թ. ընտրությունները շատ կարևոր են նաև նրա համար, որ Թուրքիան դրանցից հետո վերածվելու է կառավարման նախագահական համակարգով պետության, որի նախագահը կունենա երկրի պատմության մեջ աննախադեպ լայն լիազորություններ և տվյալ կարգավիճակով դիմավորելու է 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

Զենիթա-հրթիռային համալիրներ – 2017թ. հուլիսի կեսին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները եվրոպական (ֆրանս-իտալական) EUROSAM կոնցեռնի հետ ստորագրել են հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության (ՀՀՊ/ՀՕՊ) հեռանկարային համալիրների մշակման ու արտադրման շուրջ համագործակցության մասին համաձայնագիր։ Նրա խոսքերով՝ Թուրքիան ու Ֆրանսիան կարևոր գործունեություն են իրականացնում պաշտպանական արդյունաբերության ոլորտում. «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման ամենակարևոր ասպեկտներից մեկը թուրքական կողմի ու EUROSAM կոնցեռնի կողմից ՀՀՊ համակարգի համատեղ մշակումն է։

Այդպիսով, թուրքական, ֆրանսիական ու իտալական ընկերություններն իրականացնում են համատեղ աշխատանքներ՝ երեք երկրների պահանջներին համապատասխան։ Համաձայնագիրը ներառում է համատեղ գործունեության այնպիսի ասպեկտներ, որպիսիք են՝ հետազոտությունները, մշակումն ու համատեղ արտադրությունը։ Դա խոշոր նախագիծ է, որն իրականացնում են երեք երկրները, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են։ Առաջիկա աշխատանքները ներառում են ոչ միայն ՀՀՊ-ի ոլորտը, այլև պաշտպանական արդյունաբերության այլ ուղղություններ։ ՀՀՊ-ի համակարգը նախատեսված է բոլոր տիպի սպառնալիքներից պաշտպանվելու համար։

Այդ հարցի շուրջ բանակցությունները տևել են մեկ տարի։ Ֆրանսիայի ու Իտալիայի հետ թուրքական ՀՀՊ-ի մշակման համակարգի մասին համաձայնագրի կնքումը չի ազդի ռուսական С-400 ԶՀՀ-ների գնման վրա։ С-400 ԶՀՀ-ների գնումը համապատասխանում է Թուրքիայի այսօրվա կարիքներին, մինչդեռ EUROSAM-ի հետ համաձայնագիրն առնչվում է համատեղ հեռանկարային ծրագրի, որը նախատեսում է Թուրքիայում ՀՀՊ/ՀՕՊ համակարգի առանցքային տարրերի արտադրություն»։

Հիշեցնենք, որ  2009թ. Թուրքիան հայտարարել էր մեծ հեռահարության ԶՀՀ-ների մասին մրցույթ (T-LORAMIDS), որին մասնակցել են ռուսական Рособоронэкспорт ընկերությունը (S-300), ամերիկյան Raytheon/Lockheed Martin կոնսորցիումը (Patriot), չինական China Precision Machinery Export-Import Corporation (CPMIEC) կոնցեռնը (HQ-9 – FD-2000) և եվրոպական EUROSAM կոնսորցիումը (Samp-T): 2013թ. սեպտեմբերին մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց CPMIEC-ը, որը գտնվում էր ամերիկյան պատժամիջոցների ներքո:

2014թ. փետրվարին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական կողմի այդ ընտրությունը պատճառաբանեց 3 հիմնական չափանիշով. չինական կողմը համաձայնել է տվյալ hամակարգերի համատեղ արտադրությանը, առաջարկել է ամենաէժան գինը ($3.44 մլրդ, ինչը գրեթե 1 մլրդ-ով պակաս է մյուս տարբերակներից) և համակարգերը թուրքական կողմին հանձնելու ամենահարմար ժամկետը: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դժգոհություններից հետո Թուրքիան հայտարարեց, թե մրցույթի արդյունքները նախնական են և կսպասի մրցույթի մյուս մասնակիցների նոր առաջարկներին։ Սա առաջին հերթին ուղղված էր ամերիկյան կողմին. Թուրքիան ակնկալում էր, որ ԱՄՆ-ը կհամաձայնվի իր հետ կիսվել Patriot ԶՀՀ-ների արտադրման տեխնոլոգիայով, որպեսզի այսուհետ նույնպես կարողանա արտադրել նման ԶՀՀ-ներ։ Նկատենք, որ Թուրքիայի այս մոտեցումը բավական տարածված է տարբեր տիպի զինատեսակների արտադրության վերաբերյալ մրցույթներում, և նա այդպիսով ձգտում է յուրացնել դրանց տեխնոլոգիաներն ու զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։

Ստացվում է, որ 2013թ. Թուրքիան պարզապես օգտագործեց չինական ընկերությունը՝ առաջին հերթին ԱՄՆ-ին իր «այլընտրանք ունենալը» ցուցադրելու, նրան շանտաժի ենթարկելու և նրանից զիջումներ կորզելու համար։ Բացի այդ Թուրքիան դրանով ցույց տվեց, որ «հարկադրված է կատարել» նման ընտրություն, որ իրեն նման քայլի մղում է ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Կարելի է ենթադրել, որ չինական կողմը հետագայում հաշվի կառնի այն, որ Թուրքիայի կողմից օգտագործվել է նման բաների համար:

Այժմ թուրքական կողմի «այլընտրանքը» Рособоронэкспорт-ն է՝ իր S-400 ԶՀՀ-ներով։ Ուշագրավ է, որ թե՛ CPMIEC-ը, թե՛ Рособоронэкспорт-ը Թուրքիայի այս «այլընտրանքային ու հարկադրված» փորձերի ժամանակ գտնվել են ամերիկյան պատժամիջոցների ներքո՝ Իրանին, Սիրիային ու Հյուսիսային Կորեային զենք մատակարարելու համար։ Այստեղ խնդիրը ոչ թե այդ համակարգերը ՌԴ-ից գնելն է, այլ դրանք օգտագործելու ձևն ու նպատակահարմարությունը։ Առկա տեղեկությունների համաձայն՝ S-400 ԶՀՀ-ներն արտադրվելու են ՌԴ-ում և ուղարկվելու են Թուրքիա, ինչից հետո Թուրքիա կժամանեն ռուս մասնագետները՝ տեղի անձնակազմին այդ ԶՀՀ-ները սպասարկելու ձևերը սովորեցնելու համար։

Ստացվում է, որ Թուրքիան չի մասնակցելու դրանց արտադրությանը, մինչդեռ դա թիվ մեկ գործոնն է, որով թուրքական կողմն առաջնորդվում է նման դեպքերում՝ յուրացնելու համար տարատեսակ զինատեսակների արտադրման տեխնոլոգիաները։ Մինչդեռ EUROSAM-ը Թուրքիային ընձեռում է նման հնարավորություն, ինչը զգալիորեն արժեզրկում է ՌԴ-ից S-400 ԶՀՀ-ների գնումը (դրանց սակավությունը թույլ չի տա ներկայումս «ծածկել» Թուրքիայի ողջ օդային տիրույթը)։ Ամեն դեպքում Թուրքիայի ու ՌԴ-ի միջև S-400 ԶՀՀ-ների գործարքը կլինի ավելի շուտ քաղաքական, ոչ թե ռազմական գործարք և երկու երկրների, մասնավորապես Թուրքիայի ուղերձն ԱՄՆ-ին (Արևմուտք)։

Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի պատասխանն այդ գործարքին կլինի բավական կոշտ և առաջին հերթին կդրսևորվի Սիրիայի քրդերին նորանոր զենքերի (մահաբեր, ծանր ռազմական տեխնիկա) մատակարարումներով և Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումները ձգձգելու տեսքով։ ՌԴ-ից S-400 ԶՀՀ-ների գնման պատմությունը տեղավորվում է Թուրքիայի բլեֆային/շանտաժային քաղաքականության շրջանակներում, որին առավել հանգամանալից կանդրադառնանք հաջորդ ենթաբաժնում։ Ի դեպ, դա կարող ենք որակել նաև որպես Թուրքիայի «և-և»-ի քաղաքականություն, որը միտված է հակադիր կողմերից առավելագույն օգուտներ քաղելուն, դիվերսիֆիկացմանը, երկու կողմին էլ սեփական այլընտրանք ունենալը ցուցադրելուն, սեփական «հարկադրված քայլերը» բացատրելուն, մի կողմին օգտագործելու միջոցով մյուսի վրա ճնշում գործադրելուն, շանտաժի ենթարկելուն, զիջումներ ստանալուն և այլն։

ՇՀԿ և ԵԱՏՄ – Վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունները շարունակ հայտարարում, սպառնում են, որ եթե ԵՄ-ը Թուրքիային չընդունի իր շարքերը, ապա Թուրքիան կանդամակցի Շանհայи համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) կամ BRICS-ին։ Որպես այդ ամենի «լրջության նշան» և ԵՄ-ին «այլընտրանքի առկայության նշան»՝ Թուրքիան 2012թ. դարձավ ՇՀԿ-ի երկխոսության գծով գործընկեր։ Նմանատիպ հերթական հայտարարությունն արվեց 2016թ. նոյեմբերին. Էրդողանն Ուզբեկստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Թուրքիան չպետք է կառչած մնա ԵՄ-ից։ Օրինակ, ինչո՞ւ Թուրքիան չպետք է անդամակցի Շանհայան հնգյակին։ ՇՀԿ-ի անդամները սկզբում հինգն էին, սակայն հետագայում նրանց միացան Ուզբեկստանը, Պակիստանն ու Հնդկաստանը։ Իրանը նույնպես ցանկանում է անդամակցել ՇՀԿ-ին։ Կարծում եմ, որ ՇՀԿ-ին անդամակցելը շահավետ կլինի Թուրքիայի համար»։

Այստեղ Էրդողանն ակնհայտ բլեֆի է դիմում. նա գիտակցում է, որ ՇՀԿ-ը Թուրքիայի համար չի կարող այլընտրանք դառնալ ԵՄ-ին, որին բաժին է ընկնում Թուրքիայի արտահանման 48.5%-ը, ներկրման 40%-ը, Թուրքիայում կատարվող ներդրումների 2/3-ը և այլն։ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ ԵՄ-ի դիրքորոշման պատճառով «հարկադրված է թեքվում» դեպի Արևելք՝ դեպի ՇՀԿ, սակայն իրականում դա այդպես չէ։ 2014թ. Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո երկրում սաստկացել են բռնությունները, որոնք չափազանց մեծ թափ հավաքեցին ՌՀՓ-ից հետո։ Էրդողանը քաջ գիտակցում է, որ իր կանխամտածված գործողություններով փոշիացնում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը, ինչի մասին ներկայումս չեն խորշում բարձրաձայնել նաև եվրոպական երկրների առաջնորդները (քանի դեռ Թուրքիայում նախագահում է Էրդողանը, այդ երկիրը պետք է մոռանա ԵՄ-ին անդամակցության մասին)։

Չնայած դրան՝ սխալ կլինի ասել, թե Էրդողանը չի ձգտում հասնել նրան, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին։ Սակայն Էրդողանը ցանկանում է, որ անդամակցումը տեղի ունենա ոչ թե ԵՄ-ի, այլ հենց իր սահմանած կանոններով, որ Թուրքիան ԵՄ-ի մաս կազմի իր ներկայիս տեսքով՝ զանգվածային բռնություններով հանդերձ (ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ունեցող Թուրքիան կալանքի տակ գտնվող լրագրողների ցուցանիշով առաջին տեղում է աշխարհում)։

Ընդգծենք, որ եթե Թուրքիան անդամակցի ՇՀԿ-ին կամ BRICS-ին, ապա նա որևէ բան չի կարողանա հակադրել այդ կառույցների անդամներ ՌԴ-ին ու Չինաստանին, որոնք նաև ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ և միջուկային տերություններ են, մինչդեռ իրավիճակը լրիվ այլ է, եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ուր շուտով միայն Ֆրանսիան կլինի միջուկային տերություն ու ՄԱԿ ԱԽ մշտական անդամ։ Տվյալ դեպքում Թուրքիան կդառնա տարածքային առումով ԵՄ-ի խոշորագույն երկիրը, իսկ բնակչության առումով՝ երկրորդը և մի փոքր կզիջի միայն Գերմանիային (հաշվի առնելով ծնելիության տեմպերը՝ ակնկալվում է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում բնակչության թվով կգերազանցի նաև Գերմանիային)։

Այս ամենը վկայում է, որ Թուրքիան անդամակցության դեպքում կվերածվի ԵՄ-ի ազդեցիկ խաղացողներից մեկի և ակտիվորեն կմասնակցի ԵՄ-ում ընդունվող որոշումներին (Թուրքիան մի քանի տասնյակ պատգամավոր կունենա 751 մանդատ ունեցող Եվրոպական խորհրդարանում)։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին 2017թ. օգոստոսին Իզմիրում անցկացված 86-րդ միջազգային տոնավաճառի ժամանակ, որին ՌԴ-ը մասնակցել է որպես գործընկեր-երկիր, հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ՝ ստեղծելով ազատ առևտրի գոտի. «Երկիրը հուսով է համապատասխան բանակցություններն ավարտել 2017թ.։ ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի մասին խոսելուց առաջ Անկարան պետք է ավարտի ազատ առևտրի ռեժիմի մասին բանակցությունները։ Թուրքիայի համար կարևոր է, որ դա չխանգարի ԵՄ-ի հետ մաքսային համաձայնագրին»:

Նշենք, որ Զեյբեքչիի այս հայտարարությունը մեծ արձագանք առաջացրեց Հայաստանում, ուր տարատեսակ կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, պետք է վետո դնի Թուրքիայի անդամակցության փորձերի վրա, որ սա հնարավորություն է Հայաստանի համար, որ Թուրքիան դրա համար պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, որ ԵԱՏՄ-ի ու Թուրքիայի միջև ազատ առևտրից կտուժի Հայաստանը, որի արտահանվող ապրանքները խնդիրների կբախվեն ԵԱՏՄ-ում։ Իրականում սա Զեյբեքչիի նմանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ընդ որում՝ ԵԱՏՄ-ի և հատկապես նրա կազմի մասին Զեյբեքչիի գիտելիքների մասին կարելի է դատել նախորդ տարի նրա արած նմանատիպ հայտարարությունից։

2016թ. օգոստոսի 23-ին Զեյբեքչին Daily Sabah-ի հետ զրույցում հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է միանալ ԵԱՏՄ-ին. «Մենք մինչև 2015թ. նոյեմբերի 24-ը՝ ռուսական ինքնաթիռի ոչնչացումը, բանակցում էինք ՌԴ-ի հետ։ Մինչև Վ. Պուտինի այցը Թուրքիա, մենք ազատ առևտրի գոտու ստեղծման մասին շրջանակային համաձայնագիր ստորագրեցինք ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ։ Այժմ մենք վերսկսել ենք բանակցություններն ու ցանկանում ենք հնարավորինս արագ ավարտել դրանք։ Ազատ առևտրի գոտին ընդգրկելու է ներդրումների ու ծառայությունների առաջին ոլորտը։ Հետագայում կողմերը ծրագրում են այնտեղ ընդգրկել նաև գյուղատնտեսական ոլորտը։ Թուրքիան դեմ չէ միանալ ԵԱՏՄ-ին, սակայն պայմանով, որ դա չխանգարի ԵՄ-ին ինտեգրվելուն։ ՌԴ-ը գլխավորում է ԵԱՏՄ-ը, որում ընդգրկված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը»։

Նկատելի է, որ Զեյբեքչին ԵԱՏՄ անդամ երկրների շարքում հիշատակում է նաև Ադրբեջանը։ Ի դեպ, թե՛ 2016թ., թե՛ 2017թ. հայտարարություններում Զեյբեքչին շեշտում է, որ երկու գործընթացները (ԵՄ-ԵԱՏՄ) չպետք է խանգարեն միմյանց։

Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ին առնչվող Զեյբեքչիի այս հայտարարությունները պայմանավորված են ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները զարգացնելու և հատկապես Թուրքիայի հանդեպ ՌԴ-ի սահմանած պատժամիջոցների վերջնական չեղարկման (լոլիկների ներկրման արգելքի վերացում), ՌԴ-ին Թուրքիայի հաճոյանալու, ԵՄ Մաքսային Միության (ՄՄ) թարմացման շուրջ անցկացվող բանակցություններում սեփական դիրքերն ամրապնդելու Թուրքիայի ձգտումներով։ Նախկինում Թուրքիայի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը պետք է հասցվի 100 մլրդ $-ի։ 2014թ. այն կազմել է ավելի քան 31 մլրդ $, որից 5.94 մլրդ $-ը բաժին է ընկել Թուրքիայից ՌԴ արտահանմանը, իսկ 25.28 մլրդ $-ը՝ ՌԴ-ից Թուրքիա ներկրմանը (ներկրման մեջ զգալի մաս են կազմում էներգակիրները)։ Սակայն SU-24M-ի միջադեպից հետո այդ ցուցանիշները սկսեցին նվազել։

Ներկայացնենք վերջին տարիներին Թուրքիայի արտաքին առևտրի ցուցանիշները՝ թե՛ տարեկան մասշտաբով, թե՛ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի կտրվածքով։

Աղյուսակ 1-ն առնչվում է Թուրքիայի արտահանման ցուցանիշներին ($).

2015թ.
2016թ.
2017թ. I կես

Ընդհանուր, որից
   143.838.871.000
142.529.584.000
 77.452.592.000

ԵՄ
     63.998.494.000
  68.343.908.000
  35.712.606.000

ԵԱՏՄ, որից
       4.975.148.000
    3.168.128.000
    1.873.054.000

ՌԴ
      3.588.331.000
    1.732.954.000
   1.128.441.000

Ղազախստան
        750.027.000
       623.715.000
    373.807.000

Բելառուս
        205.130.000
       357.524.000
    202.244.000

Ղրղզստան
        294.702.000
       308.933.000
    168.562.000

Հայաստան
       136.958.000
       145.002.000

 

Աղյուսակ 2-ն էլ առնչվում է Թուրքիայի ներկրման ցուցանիշներին ($).

2015թ.
2016թ.
2017թ. I կես

Ընդհանուր, որից
  207.234.359.000
   198.618.235.000
  108.323.531.000

ԵՄ
   78.681.346.000
     77.501.203.000
    38.795.111.000

ԵԱՏՄ, որից
   21.782.266.000
     16.461.303.000
     9.557.522.000

ՌԴ
 20.401.757.000
    15.162.386.000
     8.719.439.000

Ղազախստան
    1.109.832.000
     1.093.897.000
        684.652.000

Բելառուս
      192.831.000
        102.567.000
          84.500.000

Ղրղզստան
        76.858.000
          101.067.000
          68.343.000

Հայաստան
            988.000
             1.386.000
               588.000

Այս աղյուսակները վկայում են, թե Թուրքիայի համար որքան կարևոր են ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունները, որոնց չես համեմատի ԵԱՏՄ-ի հետ առևտրային հարաբերությունների հետ։ Սա նշանակում է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի գնա ԵԱՏՄ-ի հետ այնպիսի հարաբերությունների, որոնք կվտանգեն ԵՄ-ի հետ իր առևտրային հարաբերությունները (անկախ նրա բլեֆային/շանտաժային քաղաքականությունից, որը նույնպես ունի իր չափը)։ Ավելին, Թուրքիան ցանկանում է է՛լ ավելի խորացնել նաև ԵՄ-ի հետ իր առևտրային հարաբերությունները։ 2016թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը դիմելու է ԵՄ-ի Խորհրդին, որպեսզի ստանա ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ՄՄ-ի մասին համաձայնագրի թարմացման շուրջ Անկարայի հետ պաշտոնական բանակցություններ սկսելու թույլտվություն։

Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարությունում նշված էր, որ ՄՄ-ի թարմացումը պետք է էական տնտեսական շահ բերի երկու կողմերին, որ 1995թ. դեկտեմբերի 31-ին ուժի մեջ մտած ՄՄ-ի մասին համաձայնագիրն անհրաժեշտ է հարմարեցնել ժամանակակից պայմաններին. «Իր ներկայիս տեսքով համաձայնագիրն ընդգրկում է միայն արդյունաբերական ապրանքներ, այն չի տարածվում գյուղմթերքի վրա։ Թուրքիան ԵՄ-ի հինգերորդ խոշոր գործընկերն է, որի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 140 մլրդ €։ ԵՄ-ին է բաժին ընկնում Թուրքիայի արտաքին առևտրային շրջանառության 40%-ը, Թուրքիայում կատարվող ուղիղ ներդրումների 2/3-ը: Հուսով ենք, որ համաձայնագրի թարմացումը կհանգեցնի Թուրքիայում ներդրումների աճին»։

2016թ. դեկտեմբերի վերջին Զեյբեքչին իր հերթին հայտարարեց, որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ՄՄ մասին համաձայնագրի թարմացման գործընթացը ծրագրված է ավարտել 2018թ.-ից ոչ ուշ. «ԵՄ-ն ու Թուրքիան միաժամանակ անկախ վերլուծական կենտրոններին հանձնարարել են վերլուծել ՄՄ-ի մասին համաձայնագրի արդյունավետությունը։ Մենք Թուրքիայի կառավարությանն առաջարկել ենք համաձայնագրի թարմացման 4 տարբերակ։ Այլընտրանքներից մեկն ազատ առևտրի մասին համապարփակ համաձայնագրի վերափոխումն է։

Ընդ որում՝ բոլոր տարբերակները նախատեսում են Անկարայի մասնակցությունը որոշումներին ու նրա ինքնաբերաբար միացումն ազատ առևտրի մասին այն համաձայնագրերին, որոնք ստորագրվում են ԵՄ-ի ու երրորդ կողմերի միջև։ Մինչ այս մենք կարող էինք ԵՄ արտահանել միայն արդյունաբերական նշանակության ապրանքներ։ Համաձայնագրի թարմացման շնորհիվ Անկարան կստանա ԵՄ-ի երկրներ գյուղմթերք ու ծառայություններ արտահանելու հնարավորություն։ Թուրքական ընկերությունները կկարողանան մասնակցել ԵՄ-ի երկրների պետական գնումներին»։

Հիշեցնենք, որ դեռևս 2014թ. նոյեմբերին Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ստորագրվի ազատ առևտրի համաձայնագիր (TTIP), ապա կարևոր է, որ զրոյական մաքսատուրքով ԱՄՆ ապրանքներ արտահանելն առնչվի նաև ԵՄ ՄՄ անդամ Թուրքիային, քանի որ հակառակ դեպքում, եթե ամերիկյան ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք գործեն Թուրքիա, ապա Թուրքիան դրանից տարեկան կկորցնի 2.5-3 մլրդ $: Բոզքըրը սպառնացել էր, որ Թուրքիան տվյալ դեպքում կսառեցնի ԵՄ ՄՄ իր անդամակցությունը:

Սա վկայում է, որ Թուրքիան բաց չի թողել հարմարավետ առիթը (TTIP-ի ստորագրման հարցը), որպեսզի առաջ քաշի ԵՄ ՄՄ-ի թարմացման հարցը՝ այն էականորեն փոփոխելու և իրեն զգալի օգուտներ ապահովելու համար։ Այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Թուրքիայի հետ լուրջ տարաձայնություններ ունեցող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկա պայմաններում Գերմանիան չի տեսնում ՄՄ-ի թարմացման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու հնարավորություն (համապատասխան բանակցությունները մեկնարկել են 2017թ. հունիսի 13-ին)։ Ընդգծենք, որ թուրքական կողմի համար չափազանց կարևոր են համարվում այդ բանակցությունները 2019թ. ընտրական տարուց առաջ արդյունավետ ավարտելն ու այդ ամենից օգուտներ քաղելը։ Սակայն Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունն անհնար է դարձրել ԵՄ ՄՄ-ի թարմացումը, որի հետևանքները զգում են և դեռ կզգան թուրք գործարարները, ֆերմերները, գյուղացիները և այլք։

ԱՄՓՈՓՈՒՄ

 Ամփոփելով նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում կատարվող դեպքերը (2016թ. մայիսին Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեթ Դավութօղլուի հրաժարականը, ՌՀՓ-ը, դրան հաջորդած արտակարգ դրության ներդրումն ու զանգվածային բռնությունները) նպաստում են ԵՄ-ից Թուրքիայի հեռացմանը և ՌԴ-ի հետ Թուրքիայի մերձենալուն։ ՌԴ-ի հետ մերձեցմանը նպաստում է նաև այն, որ ՌԴ-ն ու Թուրքիան ունեն մի շարք կարևոր ընդհանրություններ, որոնք հիշատակել ենք նաև մեր նախկին հոդվածներից մեկում.

ա) ՌԴ-ում ու Թուրքիայում ավտորիտար (նմանատիպ) ռեժիմների առկայություն,

բ) մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ Արևմուտքի դատապարտող հայտարարություններից ՌԴ-ի ու Թուրքիայի մեծ դժգոհություններ ու նեղացած կեցվածք,

գ) Արևմուտքից ՌԴ-ի ու Թուրքիայի որոշակի մեկուսացվածություն. ՌԴ-ն արդեն իսկ Արևմուտքի պատժամիջոցների տակ է, իսկ Թուրքիան այդ ճանապարհին է,

դ) երկու երկրների կայսերական անցյալը. թե՛ ՌԴ-ը, թե՛ Թուրքիան ներկայումս նկրտումներ ունեն եթե ոչ նախկին կայսրությունները վերականգնելու, ապա գոնե դրանց տարածքներն իրենց ազդեցության տակ պահելու,

ե) ՌԴ-ի ու Թուրքիայի ամենակարևոր ընդհանրությունը նրանց այն դիրքորոշումն է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային և ոչ թե արտատարածաշրջանային երկրների ու ուժերի (ԱՄՆ) կողմից։

ՌԴ-ը, ՌԴ-ի հետ հարաբերությունները Թուրքիայի համար բավական կարևոր են ինչպես երկկողմ շփումների ու դիվերսիֆիկացման համատեքստում, այնպես էլ Արևմուտքին իր «այլընտրանք ունենալը» ցույց տալու, Արևմուտքին շանտաժի ենթարկելու Թուրքիայի պլանների (բլեֆային/շանտաժային քաղաքականության) համատեքստում։ Ներկայումս մենք ականատես ենք լինում Թուրքիայի ապաեվրոպականացմանը, որը, սակայն, ունի սահմաններ։ Չենք կարծում, թե Էրդողանը վերջնականապես երես է թեքել ԵՄ-ից և պատրաստ է բավական հեռու գնալ Թուրքիայի ապաեվրոպականացման ուղով։

Արդեն նշեցինք, թե Էրդողանի համար որքան կարևոր տարեթիվ է 2019թ., որքան կարևոր է առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակ տանելը, որ դրա կարևոր պայմաններից մեկը երկրի տնտեսական լավ ցուցանիշների պահպանումն է։ Հենց դրա համար էլ կարծում ենք, որ որքան շատ ԵՄ-ը խստացնի իր տոնը Թուրքիայի հանդեպ, որքան շատ Թուրքիայի հետ սկսի խոսել Էրդողանին հասկանալի (կոշտ) լեզվով, որքան շատ ուժեղացնի Թուրքիայի հանդեպ տնտեսական ճնշումը (պատժամիջոցները), այնքան շուտ Էրդողանը կփոխի իր կոշտ տոնը և կսկսի գնալ զիջումների։ ԵՄ-ում գիտակցում են, որ Թուրքիայի հանդեպ ոչ կոշտ (փափուկ) դիրքորոշումը նպաստում է այդ երկրում բռնությունների խստացմանը, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների նահանջին, երկրի ապաեվրոպականացմանը։

Այստեղ արժե հիշատակել այն, որ 1999թ. հունիսի 29-ին թուրքական դատարանը քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին դատապարտեց մահվան, ինչն ավելի ուշ փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Հետագայում՝ 2010թ. ամռանը, Թուրքիայի արդարադատության նախկին (1999–2002թթ.) նախարար Հիքմեթ Սամի Թուրքն այդ կապակցությամբ հայտարարեց, որ այն ժամանակ Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին ևս 60 հոգու, բայց քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիև իրենք հրաժարվեցին այդ գաղափարից: Սա հստակ ցույց է տալիս Թուրքիայում ժողովրդավարության հետընթացի հարցում ԵՄ-ի՝ զսպիչ ուժ լինելու մասին։ Եթե ԵՄ-ը ցանկանում է, որ Թուրքիան է՛լ ավելի հեռուն չգնա ապաեվրոպականացման ուղով, ապա պետք է հանդես գա ավելի խիստ դիրքերից։ Դա առավել արդիական է հիմա, երբ Էրդողանը նախընտրում է ամեն տիպի բռնի մեթոդներով երկրի ներսում սեփական դիրքերի ամրապնդումը, քան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մշուշոտ հեռանկարով ապրելը։

Ապաեվրոպականացման ուղով շարժվող Թուրքիան գնալով կդառնա է՛լ ավելի անկանխատեսելի երկիր, ինչը շահավետ չէ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Մինչդեռ եթե Թուրքիան իսկապես շարժվեր եվրոպականացման ուղով, ապա կդառնար ավելի կանխատեսելի երկիր, կառաջադիմեր ժողովրդավարական պլանում, ինչը նաև դրականորեն կանդրադառնար Հայոց ցեղասպանության և նմանատիպ խնդրահարույց թեմաների շուրջ Թուրքիայում հասարակական ու այլ քննարկումներ կազմակերպելու, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեպքում Հայաստանը կսահմանակցեր ԵՄ-ի հետ, կբացվեր Հայաստան-Թուրքիա սահմանը, ինչն էլ իր դրական ազդեցությունը կթողներ նաև արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ ամրապնդելով հայկական կողմի և թուլացնելով ադրբեջանական կողմի դիրքերը։ Հայաստանի Հանրապետության համար շահավետ է կանխատեսելի հարևան (Թուրքիա) ունենալը։

 Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)