Հայկական ավիացիան բարձր հիմքերի վրա է և պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության գնդապետ Թևոս Իլիկչյանը:

«1992 թվականի հունիսն էր, ԽՍՀՄ-ից ստացանք բավական ծանր ժառանգություն, ունեինք ընդամենը մեկ ուղղաթիռային ջոկատ, իրոք ծանր էր: Ժամանակի ընթացքում ստեղծվեց մեր ռազմական օդուժը, բավական մեծ տանջանքներով դա իրականություն դարձավ: Այսօր մենք ունենք բավական արդյունավետ գործող օդուժ: Քանակի տեսանկյունից համեմատելի չէ մեր հարևանների հետ, բայց միշտ չէ, որ քանակությունը դեր է տանում, պետք է կարողանալ փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել, և մենք պատրաստ ենք ու դրանք կատարում ենք ամենաբարձր մակարդակով, անգամ կասկածելու բան չկա»,- ասաց Թևոս Իլիկչյանը:

Նրա խոսքով, քառօրյա պատերազմի ընթացքում տրանսպորտային ուղղաթիռները բավական արդյունավետ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, իրականացրեցին վիրավորների, զինամթերքի տեղափոխում` անկախ եղանակային պայմաններից:

«Մեր բոլոր տղաները մեծագույն համեստությամբ այդ ամենը կատարեցին: Գրոհային ավիացիան սպասում էր իր հերթին, փառք Աստծո, միջամտության անհրաժեշտություն չեղավ: Գործը դրան չհասավ: Չնայած, մեր տղաներն ինքնաթիռներում և ուղղաթիռներում նստած՝ սպասում էին հրամանի»,- ավելացրեց Թևոս Իլիկչյանը:

Ռազմական օդուժում ոչ պակաս կարևոր է պարաշյուտադեսանտային ծառայությունը, որը սովորեցնում է օդաչուներին փրկվել, պարաշյուտով թռչել, ծառայության աշխատակիցները ներգարվվում են որոնողափրկարարական աշխատանքներում: Ծառայությունը սպասարկում է անգամ քաղաքացիական ավիացիայի օդանավերը:

Երբ 1992 թվականից ստեղծվեց հայկական զինված օդուժը, այդ ժամանակվանից նաև սկսեց գործել պարաշյուտադեսանտային ծառայությունը:

Ծառայության անցած ուղին ներկայացրեց կապիտան Քրիստինա Իլիկչյանը:

«Այն բավական դժվարությունների ճանապարհ անցավ, այսօր, կարող ենք ասել, որ կայացած ծառայություն ունենք: Սկզբում դժվար էր, որովհետև մասնագետները շատ քիչ էին, պահ է եղել, որ երկու հոգով էինք լինում, բայց հետո ծառայության անձնակազմն ընդլայնվեց, ծառայությունը զարգացում ապրեց: Այսօր ունենք որակյալ ծառայություն, որակյալ մասնագետներ»,- ասաց Քրիստինա Իլիկչյանը:

Ըստ Թևոս Իլիկչյանի՝ Հայաստանն ունի պարաշյուտային շատ լավ դպրոց, այն միշտ էլ զարգացած է եղել: Տարիների ընթացքում ստեղծվեց «Պարաշյուտային ֆեդերացիա»-ն, կադրերի վերապատրաստման առումով կա համագործակցություն այլ երկրների հետ և մեր ունեցած փորձի փոխանակում:

«Մեր ռազմական ավիացիան իր առջև դրված խնդիրները լիարժեք կատարում է, ոչ մի տնտեսում չի արվում, պարբերաբար թռիչքներ են կատարում թե սկսնակները, թե փորձառուները: Արդյունքում` ունենք բարձրակարգ և պահանջվող քանակությամբ մասնագետներ: Մանագետների պակաս չունենք»,- հավելեց Թևոս Իլիկչյանը: