Անցյալի և ներկայի ավանդույթները խառնվել են Խաղաղօվկիանոսյան օղակի այս երիտասարդ, աշխույժ և արագ աճող քաղաքում: Շանհայը շարունակում է աճել. Երկնաքերերը ձգվում են դեպի անհավանական բարձունքներ: Մեկ գիշերվա ընթացքում այստեղ հայտնվում են բարեր, խանութներ ու ռեստորաններ:

Քաղաքը թնդում է երիտասարդության էներգիայից, շուկաներում տիրող եռուզեռից, որտեղ վաճառվում է գրեթե ամեն ինչ։ Առաջընթացը երևում է, բայց վաղ առավոտյան, ուռիների տակ դեռ կտեսնեք ավանդական Չինաստանը թաքնված փոքր շուկայում:

Շանհայում ապրում է 20 միլիոն մարդ: Չնայած քաղաքը ակնհայտորեն գերբնակեցված է, բայց շատ հեշտ է կողմնորոշվել նրանում: Անթիվ խանութներով անվտանգ և աշխույժ Շանհայը վերածվում է նոր Հոնկոնգի և Չինաստանի զարգացման խորհրդանիշի 21-րդ դարում: Վերջին տասնամյակում քաղաքը արագորեն աճել է: Հին թաղամասերը քանդում են ամեն շաբաթ, որպեսզի փոխարինեն փայլփլուն երկնաքերերով: 5000 բարձրահարկ շենք է կառուցվել, հազարավորներն էլ գծագրման փուլում են: Դեպի ապագան ուղղված  Շանհայի բնակիչները դեռ հավատարիմ են մնում իրենց ավանդույթներին: Հնագույն, զուսպ, բայց միևնույն ժամանակ նախաձեռնող և խելամիտ Չինաստանի ժողովուրդը հպարտությամբ և սիրով է ընդունում նոր քաղաքը:

Շանհայը արդեն վերապրել է ծաղկման շրջանը, չնայած որ օտարերկրյա օկուպացիայի տակ էր: 1920-1930-ականներին արագ աճող քաղաքը հայտնի էր իր հարստությամբ, ինչպես նաև ավազակներով, թմրանյութերով և գիշերային ակումբներով: «Շանհայացնել» արտահայտությունը հայտնվեց այն օրերին, երբ ձկնորսներին շշմեցնում էին թմրանյութերով և բռնի ուժով տանում նավերով:

Գտնվելով հզոր Յանցզի գետի ափին՝ Շանհայը ժամանակին եղել է ձկնորսական գյուղ, մինչև որ բրիտանացիները 1842 թվականին այստեղ չհիմնեցին առևտրային նավահանգիստ՝ ապրանքներ հայրենիք բերելու և Հնդկաստան ափիոն ներմուծելու համար: Առափնյա գոտում սկսեցին կառուցել եվրոպական ոճի շքեղ տներ: Շրջանը ստացավ «Ափափողոց» անվանումը: Զարգացման գագաթնակետին քաղաքը անվանվեց Արևելքի Փարիզ: Ամեն ինչ ավարտվեց, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Շանհայը գրավվեց ճապոնացիների կողմից և 1949 թ.-ին այնտեղ մտան կոմունիստները:

Շանհայը քառասուն տարի քնափության մեջ էր: Այն արթնացավ միայն 1990 թ.-ին, երբ Չինաստանի ղեկավար Դեն Սյաո Պինը բացեց քաղաքը առևտրի համար: Փողը սկսեց գետի պես հոսել: Նախ կենտրոնական կառավարությունից, ապա տեղական ու օտարերկրյա ներդրողներից: Շանհայը ծաղկեց:

Շանհայցիները սիրում են գնումներ կատարել: Քաղաքն ունի հսկայական քանակությամբ առևտրի կենտրոններ և աշխույժ շուկաներ, որոնք վաճառում են թեյ, սնունդ և ապրանքներ արևմուտքից: Ամենուր կարելի է տեսնել գնումներով երիտասարդ աղջիկների, որոնցից ետ չեն մնում նրանց բոյֆրենդները:

Տաքսիները քաղաքում մաքուր են, անվտանգ և աներևակայելիորեն էժան: Սա փոխադրման լավագույն միջոցն է: Միակ անհարմարությունն այն է, որ վարորդները անգլերեն չեն խոսում: Խնդրեք հյուրանոցի դռնապանին գրել չինարեն նշանակված վայրը:

Չինաստանը թեյի ծննդավայրն է: Չինացիները դեռևս 5000- 6000 տարի առաջ աճեցնում էին թեյի թփեր: Շանհայում հիմնականում խմում են կանաչ թեյ, որն օգտակար է մարսողության և նիհարելու համար: Չինացիները սիրում են նաև անուշաբույր թեյեր: Հասմիկ ծաղկով թեյը աներևակայելի գեղեցիկ է, որը բացվում է տաք ջրում:

Իրական անտիկ աշխարհը կարելի է տեսնել մի զարմանալի վայրում ՝ Շանհայի թանգարանում, որը բացվել է 1995 թվականին: Հարյուրավոր տարիներ Չինաստանը համարվում էր մոլորակի ամենաառաջավոր քաղաքակրթությունը: Երկրի պատմությունը սկսվում է 4000 տարի առաջ: Թանգարանի ցուցադրանմուշներից շատերը 3000 – 4000 տարեկան են:

Շանհայի շուկաներում  կարելի է գնել ամեն ինչ՝ հնաոճ իրեր, ծաղիկներ, թռչուններ, արձաններ: Այստեղ անցյալն ու ներկան միահյուսվում են իրար: Ընդամենը մեկ օրվա ընթացքում Շանհայի դերձակները կկարեն Ձեր ուզած կտորից բաճկոն: Շուկայում սակարկությունների ժամանակ, համարձակորեն իջեցրեք գինը 80% -ով։ Դա այստեղ ընդունված է: Շանհայի խոհանոցը ներառում է հարակից գավառների ուտեստները: Հավը կամ ձուկը հաճախ համեմվում են բազմաբաղադրիչ կծու սոուսով:

Քաղաքն ունի մեծ թվով չորս և հինգ աստղանի հյուրանոցներ: Անընդհատ նորերն են կառուցվում: Ավելի հասարակ հյուրանոցներ այլևս հեշտ չէ գտնել, բայց զբոսաշրջության աճի հետ մեկտեղ ընտրությունն ավելի է մեծանում: