Սան-Ռեմոն շնչում է կուրորտային հանգստությամբ և համաչափությամբ: Ծաղիկների և շքեղ վիլլաների քաղաք է, ռուսական արիստոկրատիայի ամենասիրված քաղաքներից մեկը: Սան-Ռեմոյում նույնիսկ ռուսական եկեղեցի կա:

Արմավենիների մի մասը, որոնք աճում են Սան Ռեմոյում, նույնպես ունեն ռուսական արմատներ: Սան Ռեմոն Իտալիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է, որը սերտորեն կապված է Ռուսաստանի պատմության և մշակույթի հետ: Այստեղ սիրում էին հանգստանալ կայսրուհիները: Նրանք այստեղ էին անցկացնում ձմեռը, իսկ հիմա ամռանը այստեղ են գալիս երգիչներ, երաժիշտներ, արվեստագետներ, այդ թվում ՝ Ռուսաստանից: Սան-Ռեմոյում Ձեր զբոսանքը սկսելու լավագույն վայրը Ալֆրեդ Նոբելի վիլլան է, որը շրջապատված  է հսկայական գեղեցիկ պարտեզով:

Վիլլան գտնվում է պատմական կենտրոնից դուրս: Շվեդ քիմիկոս, ինժեներ և գյուտարար Ալֆրեդ Նոբելը կյանքի վերջին տարիներն այստեղ է անցկացրել: Կարծիք կա, որ հենց այստեղ է նա մտածել իր կտակը, որը դրեց Նոբելյան մրցանակի սկիզբը: Սան Ռեմոյի կլիման բավականին մեղմ է, ամռանը անտանելի շոգ չի լինում: Այնուամենայնիվ, վիլլայի բարձր ծառերի ստվերում միշտ հաճելի զովություն կգտնեք:

Նոբելի հարևանությամբ, ճանապարհի մյուս կողմում մեկ այլ շքեղ վիլլա է գտնվում, որը պատկանում էր շվեյցարական Օրմոնդ ընտանիքին: Երկրաշարժի ժամանակ վիլլան մեծապես վնասվել էր, բայց Օրմոնդ ընտանիքը արագ վերականգնեց այն, իսկ ավելի ուշ քաղաքապետարանը գնեց ամեն ինչ: Այժմ վիլլան բաց է այցելությունների համար և յուրաքանչյուրը կարող է զբոսնել այգում:

Օրմոնդ վիլլայի զբոսայգին անվանում են Սան-Ռեմոյի «կանաչ թոքեր»: Այստեղ շատ գեղեցիկ է ու անսովոր: Որոշ անսովոր ծառեր կարծես մեկ այլ մոլորակից լինեն:

Վիլլան այցելել են բարձրաստիճան հյուրեր, ընդհուպ մինչև Էլիզաբեթ Ավստրիացին: Հիմա ամեն ինչ քաղաքին է պատկանում, ձմեռային պարտեզը շարունակում է բաց մնալ այցելուների համար։ Այստեղ անցկացվում են ծաղիկների ցուցահանդեսներ, ինչպես նաև հարսանեկան արարողություններ:

Սան-Ռեմոյի տեսարժան վայրերից մեկը 24 կմ երկարությամբ հեծանվային արահետն է: Սա Եվրոպայում ամենաերկար արահետն է,  որը կառուցել են հնի փոխարեն, շարքից դուրս եկած երկաթուղու տեղում: Այժմ բոլոր հեծանվորդները կարող են հանգիստ այստեղ հեծանիվ վարել, նրանց ոչ ոք չի խանգարի: Մարտին Իտալիայում անց է կացվում «Միլան-Սան Ռեմո» հեծանվավազքը: 290 կիլոմետր մեկ օրվա ընթացքում:

Սան-Ռեմոն հայտնի է իր ավազային լողափերով: Լիգուրիայի ափը բավականին քարքարոտ է, իսկ ավազային լողափերը հազվագյուտ են հանդիպում: Սան – Ռեմոն հայտնի հանգստավայր է: Սակայն տարօրինակ է, որ չկան մեծ թվով զբոսաշրջիկներ և հանգստացողներ: Բացի այդ, Սան Ռեմոն ունի հետիոտնային մեծ կենտրոն, որտեղ մեքենաներ չկան, և կարող եք հանգիստ քայլել փողոցներով, նստել սրճարանում, անցնել խանութներով: Ի դեպ, Սան – Ռեմոյում կարող եք ընտրել ոչ թե հյուրանոց, այլ լավ գնով բնակարան վարձել և մի քանի օր Ձեզ տեղացի զգալ:

Սան-Ռեմոյի  «հին քաղաք»-ը կոչվում է Լա Պինյա:

Այն իրենից ներկայացնում է միջնադարյան Սան- Ռեմոյի մի քանի թաղամաս: Այստեղ առանձնահատուկ հմայք է տիրում: Հին քաղաքը մռայլ է, խճճված ու նեղ, ասես իսկական լաբիրինթոս լինի: Ժամանակին Լա Պինյան հարուստների թաղամաս էր, որոնք միասին հավաքվել էին թշնամիներից ավելի հեշտ պաշտպանվելու համար: Նրանք, ովքեր ապրում էին ավելի բարձր բլրի վրա, իրենց ամենաապահովն էին զգում, իսկ նման  լաբիրինթոսի վրա հարձակվելը բոլորովին էլ հեշտ չէր: