1945 թվականին Ճապոնիային հաղթել է ոչ թե ամերիկյան ատոմային ռումբը, այլ` Ստալինը. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականում հրապարակվել է British American Security Information Council (Ամերիկյան տեղեկատվական անվտանգության խորհրդի) հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող, Five Myths About Nuclear Weapons (Հինգ առասպել միջուկային զենքի մասին) գրքի հեղինակ Ուորդ Ուիլսոնի` «Ճապոնիային հաղթել է ոչ թե ռումբը, այլ` Ստալինը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի դեմ ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառումը վաղուց ի վեր դարձել է զգացմունքային բանավեճերի առարկա: Սկզբնական շրջանում շատ քչերն էին կասկածում նախագահի Տրումենի որոշման ճշմարտացիությանը` կապված Հիրոսիմայի ու Նագասակիի վրա ատոմային ռումբեր նետելու հետ:

Սակայն 1965 թվականին պատմաբան Գար Ալպերովիցը հայտարարեց, որ չնայած ռումբերը ճապոնացիներին հարկադրեցին անհապաղ հայտարարել պատերազմի դադարեցման մասին` այնուամենայնիվ, այդ երկրի առաջնորդները ցանկանում էին կապիտուլացվել, և դա անելու էին մինչև ամերիկյան ներխուժումը, ինչը պլանավորված էր 1945 թվականի նոյեմբերի 1-ին: Հետևաբար, այդ ռումբերի կիրառման կարիքը չկար:

Դրան հաջորդած 48 տարվա ընթացքում շատերը մասնակցեցին այդ բանավեճին. ոմանք համակարծիք են Ալպերովիցի հետ և դատապարտում են ատոմային ռմբակոծությունները, իսկ ոմանք էլ ընդգծում են, որ ռմբակոծությունները եղել են բարոյական և անհրաժեշտ, քանի որ դրանք կյանքեր են փրկել:

Սակայն երկու տեսակետների կողմնակիցները ելնում են նրանից, որ նոր, առավել հզոր զենքով Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծություններն իսկապես Ճապոնիային հարկադրել են կապիտուլացվել օգոստոսի 9-ին: Նրանք անգամ կասկածի տակ չեն դնում ռմբակոծությունների օգտակարությունն ու նպատակահարմարությունը և հարցադրում չեն անում դրանց արդյունք տալու վերաբերյալ:

Համընդհանուր ընդունված տեսակետով դրանք արդյունք են տվել: Սակայն այս տեսակետն ունի երեք լուրջ թերություն, և եթե դրանք դիտարկենք համատեղ, ապա էականորեն կթուլանա Ճապոնիայի կապիտուլացման պատճառների ավանդական պատկերացումը:

Ժամանակ

Առաջին խնդիրն առնչվում է ժամկետների ավանդական մեկնաբանմանը, ըստ որի` ԱՄՆ ռազմաօդային ուժերն ատոմային զենքով օգոստոսի 6-ին ռմբակոծում են Հիրոսիման, իսկ դրանից երեք օր անց ևս մեկ ռումբ են նետում Նագասակիի վրա, և արդեն հաջորդ օրը ճապոնացիներն ազդանշանում են, որ մտադիր են հանձնվել: Ամերիկյան պատմության դասագրքերում գլխավոր և վճռորոշ օր է համարվում օգոստոսի 6-ը` ատոմային առաջին ռմբակոծության օրը:

Իսկ ճապոնացիների տեսանկյունից ամենակարևոր օրը եղել է ոչ թե օգոստոսի 6-ը, այլ` օգոստոսի 9-ը: Այդ օրը հավաքվել է կառավարության վեց գլխավոր անդամից բաղկացած Բարձրագույն խորհուրդը` պատերազմի ժամանակ առաջին անգամ քննարկելու համար անխոս կապիտուլյացիայի հարցը: Ինչը՞ նրան ստիպեց առաջին անգամ մտածել կապիտուլյացիայի մասին: Հազիվ թե, Նագասակիի ռմբակոծությունը:

Ռումբը նետվել է օգոստոսի 9-ի ուշ առավոտյան, երբ արդեն իսկ մեկնարկել էր Բարձրագույն խորհրդի նիստը, որում դիտարկվում էր կապիտուլյացիայի հարցը: Նագասակիի ռմբակոծության մասին ճապոնացի ղեկավարներն իմացել են միայն կեսօրին, երբ խորհրդի նիստում հայտարարվել էր ընդմիջում, քանի որ հարցը մտել էր փակուղի և անհրաժեշտ էր ողջ կաբինետի հանդիպումը` քննարկումը շարունակելու համար:

Եթե խոսենք ժամանակի ու ժամկետների մասին, ապա Նագասակիի ռմբակոծությունը չէր կարող պատճառ և խթան դառնալ նրանց որոշման համար: Նույնը վերաբերում է Հիրոսիմայի ռմբակոծությանը: Այդ քաղաքի վրա ռումբը նետվել էր դրանից երեք օր առաջ: Դա ի՞նչ ճգնաժամ է, որ դրա քննարկման սկսելը պահանջել է երեք օր: Մի՞թե ճապոնացի առաջնորդները կարծել են, որ Հիրոսիման առաջացրել է ճգնաժամ, իսկ հետո երեք օր սպասել են` դա քննարկելու համար:

Հիրոսիմայի նահանգապետն ատոմային ռմբակոծության նույն օրը Տոկիոյին զեկուցել է, որ քաղաքը ենթարկվել է հարվածի, որի հետևանքով զոհվել է քաղաքի բնակչության 1/3-ը և ավերվել է տարածքի 2/3-ը: Այդ տեղեկատվությունը չի փոխվել հետագա օրերին: Այդպիսով ռմբակոծության վերջնական հետևանքները հայտնի են եղել ի սկզբանե:

Բացի այդ, Հիրոսիմայի ռմբակոծության հետևանքները հետազոտող ցամաքային զորքերի մասնագետների խմբի նախնական զեկույցը պատրաստվել և ղեկավարությանն ուղարկվել է միայն օգոստոսի 10-ին: Այլ կերպ ասած` զեկույցը Տոկիոյում է հայտնվել արդեն այն բանից հետո, ինչ որոշում է ընդունվել կապիտուլյացիայի մասին:

Եվ երրորդ`ճապոնացի զինվորականները գոնե մոտավորապես հասկանում էին, թե ինչ բան է ատոմային զենքը: Ճապոնիան ուներ ատոմային զենքի ստեղծման ծրագիր: Մի շարք զինվորականներ իրենց օրագրերում նշել են միջուկային զենքի կողմից Հիրոսիմայի ոչնչացման մասին: Դրա համար էլ քննադատության չի դիմանում այն պնդումը, թե Ճապոնիայի ղեկավարությունը ոչինչ չի իմացել միջուկային զենքի մասին:

Читайте также  Ադբաշյան. Քաղավիացիան մարդկանց տեղափոխման իրավունքն իրագործելու համար է

Մասշտաբներ

1945 թվականի ամռանն ամերիկյան ռազմաօդային ուժերն իրականացրին համաշխարհային պատմության մեջ քաղաքների ավերման ամենաինտենսիվ կամպանիաներից մեկը: Ճապոնիայում ռմբակոծության ենթարկվեց 68 քաղաք, որոնք ավերվեցին ամբողջովին կամ մասնակի: Մոտ 1.7 միլիոն մարդ մնաց առանց տանիքի, զոհվեց 300.000 և վիրավորվեց 750.000 մարդ:

66 ավիացիոն հարձակում իրականացվեց սովորական զենքի կիրառմամբ, իսկ երկուսը` ատոմային ռումբերի կիրառմամբ: Ոչ միջուկային միջոցների կիրառմամբ ավիահարվածների պատճառած վնասը վիթխարի էր:

Մարիանյան կղզիներից թռչող B-29 ռմբակոծիչների ռմբային բեռնվածությունը կազմում էր 7-9 տոննա: Սովորաբար մեկ օդային հարձակմանը մասնակցում էր 500 ռմբակոծիչ: Դա նշանակում է, որ ոչ միջուկային միջոցների կիրառմամբ սովորական ավիահարձակման ժամանակ յուրաքանչյուր քաղաքի վրա ընկնում էր 4-5 կիլոտոնն, մինչդեռ Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը կազմել է 16.5 կիլոտոնն, իսկ Նագասակիինը` 20 կիլոտոնն:

Այդ պատճառով էլ կարելի է պնդել, որ սովորական ռումբերի կիրառմամբ մի շարք ավիահարձակումներ իրենց կործանիչ ուժով մոտենում են ատոմային երկու ռմբակոծություններին: 1945 թվականի մարտի 9-ի լույս 10-ի գիշերն իրականացվեց սովորական միջոցների կիրառմամբ Տոկիոյի առաջին ռմբակոծությունը, ինչը դարձավ պատերազմների պատմության մեջ քաղաքի ամենաավերիչ ռմբակոծությունը:

Այդ ժամանակ Տոկիոյում այրվեց մոտ 41 կիլոմետր քառակուսի քաղաքային տարածք, զոհվեց 120.000 ճապոնացի: Սրանք քաղաքների ռմբակոծությունից ամենամեծ կորուստներն են:

Եթե մենք կազմենք 1945 թվականի ամռանը բոլոր 68 քաղաքների ռմբակոծությունների հետևանքով գրանցված զոհերի քանակի աղյուսակը, ապա Հիրոսիման զոհված քաղաքացիական բնակչության թվաքանակով երկրորդ տեղում է: Իսկ ահա ավերված քաղաքային տարածքի ցուցանիշով Հիրոսիման չորրորդն է:

Եթե ստուգենք քաղաքներում ավերածությունների տոկոսային հարաբերությունը, ապա Հիրոսիման կհայտնվի 17-րդ տեղում: Կատարելապես ակնհայտ է, որ վնասի մասշտաբով Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը լիովին համատեղելի է ոչ միջուկային միջոցներով հասցված ավիահարձակման հետ:

Հիրոսիմայից երեք շաբաթ առաջ ամերիկյան ավիացիան հարձակում գործեց 26 քաղաքի վրա, որոնցից 8-ը (գրեթե 1/3-ը) ավերվեց կա՛մ ամբողջությամբ, կա՛մ էլ Հիրոսիմայից ավելի ուժեղ (եթե հաշվի առնենք, թե քաղաքի որչափ մասն է ավերված): Հարց է առաջանում. եթե ճապոնացիները կապիտուլացվել են մեկ քաղաքի ավերվածության պատճառով, ապա ինչո՞ւ նրանք չհանձնվեցին այն ժամանակ, երբ ոչնչացվեց 66 այլ քաղաք:

Եթե Ճապոնիայի ղեկավարությունը որոշել է հանձնվել Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծությունների պատճառով, ապա դա նշանակում է, որ նրանց ընդհանուր առմամբ անհանգստացրել են քաղաքների ռմբակոծությունները, որ այդ քաղաքներին հասցված հարվածները լուրջ փաստարկ են հանդիսացել կապիտուլյացիայի օգտին:

Արիխվները վկայում են, որ Բարձրագույն խորհրդի նիստերում մեծապես կարևորվել է ԽՍՀՄ-ի չեզոքության պահպանումը, իսկ քաղաքների ռմբակոծումը հիշատակվել է ընդամենը երկու դեպքում` 1945 թվականի մայիսին և օգոստոսի 9-ի երեկոյան: Օգոստոսի 13-ին գեներալ Անամին հայտարարեց, որ ատոմային ռմբակոծությունները վերջին ամիսների սովորական ավիահարվածներից ավելի սարսափելի չեն:

Եթե Հիրոսիման ու Նագասակին ավելի սարսափելի չեն սովորական ռմբակոծություններից, եթե Ճապոնիայի ղեկավարությունը հատուկ նշանակություն չի տվել դրան, անհրաժեշտ չի համարել մանրակրկիտ քննարկել տվյալ հարցը, ապա ինչպե՞ս այդ քաղաքներին հասցած ատոմային հարվածները կարողացան նրան հարկադրել կապիտուլացվել:

Ռազմավարական նշանակություն

Եթե ճապոնացիներին չեն անհանգստացրել ընդհանուր առմամբ քաղաքների ռմբակոծությունները և մասնավորապես Հիրոսիմայի ռմբակոծությունը, ապա ընդհանրապես ի՞նչն է նրանց անհանգստացրել: Պատասխանը պարզ է և մեկն է` ԽՍՀՄ-ը: Ճապոնացիները գտնվում էին բավական բարդ ռազմավարական իրավիճակում:

Պատերազմը մոտենում էր իր ավարտին, և նրանք տանուլ էին տալիս այդ պատերազմը:
Սակայն նրանց բանակը նախկինի պես ուժեղ էր և լավ մատակարարվում էր: Զենքի տակ գտնվում էր գրեթե 4 միլիոն մարդ, որից 1.2 միլիոնը պահպանում էր ճապոնական կղզիները: Անգամ ամենաանզիջում ճապոնացի ղեկավարները հասկանում էին, որ պատերազմի շարունակելն անհնար էր:

Հարցը չէր կայանում պատերազմը շարունակել-չշարունակելում: Հարցը միայն պատերազմը լավ պայմաններով ավարտելու մասին էր: Դաշնակիցները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն, ԽՍՀՄ-ը դեռ չեզոքություն էր պահպանում) պահանջում էին «անխոս կապիտուլյացիա»:

Ճապոնիայի ղեկավարությունը հուսով էր խուսափել ռազմական տրիբունալներից, պահպանել գոյություն ունեցող պետական իշխանության ձևը և զավթած տարածքերի մի մասը: Նա ուներ կապիտուլացիայի օպտիմալ պայմանների ստացման երկու պլան, այլ կերպ ասած` գործելու ռազմավարական երկու տարբերակ:

Читайте также  Ավիա չարթեր

Առաջին տարբերակը դիվանագիտականն էր: 1941 թվականի ապրիլին Ճապոնիան ԽՍՀՄ-ի հետ կնքել էր չեզոքության մասին պակտ, որի գործունեության ժամկետը լրանում էր 1946 թվականին: Արտգործնախարար Տոգո Սիգենորիի գլխավորած հիմնականում քաղաքացիական ղեկավարների խումբը հուսով էր, որ կհաջողվի համոզել Ստալինին հանդես գալ միջնորդի դերում մի կողմից Ճապոնիայի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև` իրավիճակը կարգավորելու համար:

Թեև այդ պլանը հաջողություն ունենալու քիչ հնարավորություններ ուներ, այն արտացոլում էր լիովին առողջ ռազմավարական մտածելակերպ: Ի վերջո, ԽՍՀՄ-ը շահագրգռված էր նրանում, որ կարգավորման պլանները շատ բարենպաստ չլինեին ԱՄՆ-ի համար, քանի որ Ասիայում ամերիկյան ազդեցության ու հզորության ուժեղացումը անպայմանորեն կնշանակեր ռուսական ազդեցության ու իշխանության թուլացում:

Երկրորդ պլանը ռազմական էր, որի կողմնակիցների մեծ մասը զինվորականներն էին` բանակի նախարար Անամի Կորետիկայի գլխավորությամբ: Նրանք հուսով էին, որ երբ ամերիկյան զորքերը կսկսեն ներխուժել երկրի տարածք, կայսերական բանակի ցամաքային զորքերը նրանց կպատճառեն վիթխարի կորուստներ, ինչի շնորհիվ կհաջողվեր ԱՄՆ-ից ստանալ ավելի բարենպաստ պայմաններ:

ԱՄՆ-ը վճռականորեն էր տրամադրված ճապոնացիներից անխոս կապիտուլյացիային հասնելու հարցում, սակայն դրա հետ մեկտեղ ԱՄՆ ռազմական շրջաակներում առկա էր անհանգստություն, որ ներխուժման դեպքում սեփական կորուստները կլինեն անհամեմատ մեծ: Այսինքն, Ճապոնիայի բարձրագույն հրամանատարության ռազմավարությունում կար որոշակի տրամաբանություն:

Հասկանալու համար, թե ինչը ճապոնացիներին հարկադրեց կապիտուլացվել` Հիրոսիմայի ռմբակոծությունը՞, թե՞ ԽՍՀՄ-ի կողմից Ճապոնիային պատերազմ հայտարարելը, պետք է տեսնել, թե այդ իրադարձություններն ինչպես ազդեցին ռազմավարական իրավիճակի վրա:

Հիրոսիմային ատոմային հարվածից հետո` օգոստոսի 8-ի դրությամբ, երկու տարբերակներն էլ դեռ ուժի մեջ էին: Դեռ կարելի էր միջնորդության խնդրանքով դիմել Ստալինին: Բացի այդ, դեռ կարելի էր տալ վերջին վճռորոշ ճակատամարտը և հակառակորդին պատճառել մեծ վնաս:

Հիրոսիմայի ավերումը ոչ մի կերպ չազդեց բանակի պատրաստության վրա` համառորեն պաշտպանելու համար հարազատ կղզիների ափերը: Նրանք դեռ ունեին բավականաչափ փամփուշտներ ու արկեր, իսկ բանակի մարտական հզորությունը եթե իսկ նվազել էր, ապա`աննշան: Այնպես որ Հիրոսիմայի ռմբակոծությունը չի կանխորոշել Ճապոնիայի ռազմավարական երկու տարբերակները:

Մինչդեռ ԽՍՀՄ-ի կողմից պատերազմ հայտարարելը, նրա ներխուժումը Մանջուրիա և Սախալին կղզի ունեցան լրիվ այլ արդյունք: Երբ ԽՍՀՄ-ը պատերազմի մեջ մտավ Ճապոնիայի դեմ, Ստալինն արդեն իսկ չէր կարող հանդես գալ միջնորդի դերում, քանի որ նա այժմ դարձել է Ճապոնիայի հակառակորդ: Այդ պատճառով էլ ԽՍՀՄ-ն իր գործողություններով վերացրեց պատերազմն ավարտելու դիվանագիտական տարբերակը:

Ճապոնական լավագույն զորքերի մեծ մասը գտնվում էր երկրի հարավային կղզիներում: Ճապոնացի զինվորականները կատարելապես ճիշտ էին կարծում, որ ամերիկյան ներխուժման առաջին թիրախը կլինի ամենահարավային Կյուսյու կղզին:

Իսկ ահա Մանջուրիայում գտնվող երբեմնի հզոր Կվանտունյան բանակը չափազանց թուլացել էր, քանի որ նրա լավագույն զորամասերը տեղափոխվել էին Ճապոնիա` կղզիների պաշտպանության կազմակերպման համար: Երբ ռուսները մտան Մանջուրիա, նրանք պարզապես ճզմեցին երբեմնի էլիտար բանակին:

Բացի այդ, 100.000-անոց խորհրդային 16-րդ բանակը ափհանվեց Սախալին կղզու հարավային մասում, ուր պետք է ճնշեր տեղի ճապոնական զորքերի դիմադրությունը: Դրանից հետո այդ բանակը 10-14 օրում պետք է նախապատրաստվեր ճապոնական ամենահյուսիսային Հոկայդո կղզի ներխուժելուն: Հոկայդոն պաշտպանում էր Ճապոնիայի 5-րդ տարածքային բանակը` բաղկացած երկու դիվիզիայից և երկու բրիգադից:

Պետք չէ ռազմական հանճար լինել` հասկանալու համար, որ կարելի է վճռական ճակատամարտ տալ մեկ գերտերության դեմ` մեկ ուղղությամբ, սակայն անհնար է հետ մղել երկու գերտերությունների հարձակումը` երկու տարբեր ուղղությամբ: Խորհրդային հարձակումը Ճապոնիայի համար վերացրեց վճռորոշ ճակատամարտի ռազմական ռազմավարությունը, իսկ դրանից ավելի առաջ արժեզրկել էր դիվանագիտական ռազմավարությունը:

Խորհրդային հարձակումը ռազմավարական տեսանկյունից դարձավ վճռորոշ, քանի որ Ճապոնիային զրկեց գործելու երկու տարբերակներից: Իսկ Հիրոսիմայի ռմբակոծությունը վճռորոշ չէր, քանի որ Ճապոնիային չզրկեց ոչ մի տարբերակից: Ճապոնական հետախուզությունը կանխատեսել էր, որ ամերիկյան զորքերն ափհանում կսկսեն միայն մի քանի ամիս անց, մինչդեռ խորհրդային զորքերը կարող էին ճապոնական բուն տարածքում հայտնվել հաշվված օրերի ընթացքում (ավելի կոնկրետ ասած` 10 օրվա ընթացքում):

Читайте также  Ամերիկյան հետախուզական ԱԹՍ-երն օդային բախումներից խուսափելու համակարգ կստանան մինչև 2017 թվականը

Խոհրդային հարձակումը խառնեց պատերազմն ավարտելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ բոլոր պլանները: Իսկ Ճապոնիայի ղեկավարները նման եզրահանգման էին եկել դրանից դեռ մի քանի ամիս առաջ: 1945 թվականի հունիսին նրանք հայտարարեցին, որ եթե ԽՍՀՄ-ը մտնի պատերազմի մեջ, ապա դա կկանխորոշի կայսրության ճակատագիրը:

Հարմարավետ պատմություն

Մենք պետք է հիշենք, որ Հիրոսիմայի ռմբակոծության ավանդական բացատրությունը գտնվում է զգացական պլանում թե՛ Ճապոնիայի, թե՛ նաև ԱՄՆ-ի համար: Հիրոսիմայի դեպքերի ավանդական մեկնաբանումը Ճապոնիայի ղեկավարությանն օգնեց հասնելու քաղաքական մի շարք կարևոր նպատակների թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային արենայում:

Պատերազմն աղետ դարձավ Ճապոնիայի համար: Տնտեսությունն ավերված է, քաղաքների 80 տոկոսն ավերված ու այրված է, բանակը ջախջախված է` կրելով մի շարք պարտություններ, նավատորմը կրել է շատ ծանր կորուստներ և դուրս չի գալիս բազաներից, ժողովրդին սկսում է չբավականացնել սննդամթերքը:

Սակայն ամենակարևորն այն է, որ դուք ստում եք ձեր ժողովրդին` չասելով, թե իրականում որքան վատ է իրավիճակը: Ժողովուրդը կցնցվի` իմանալով կապիտուլյացիայի մասին: Իսկ ի՞նչ է պետք անել. խոստովանե՞լ, որ դուք լիովին ձախողվել եք, սխալ հաշվարկներ եք արել, լուրջ սխալներ եք գործել և վիթխարի վնաս եք պատճառել սեփական ժողովրդին, թե՞ պարտությունը պատճառաբանել գիտական զարմանալի նվաճումներով, որոնց ոչ ոք չէր կարող կանխատեսել:

Եթե պարտության մեղավորությունը դրվի ատոմային ռումբի վրա, ապա բոլոր սխալները և զինվորական սխալ հաշվարկները դուրս կգան հաշվից: Ռումբը պատերազմում պարտվելու իդեալական արդարացում է. պետք չէ մեղավորներ փնտրել, պետք չէ հետաքննություն և դատ անցկացնել, ճապոնացի առաջնորդները կարող են ասել, որ արել են հնարավոր ամեն բան: Այդպիսով ատոմային ռումբն ընդհանուր առմամբ օգնեց հանել ճապոնացի ղեկավարների վրայից մեղավորությունը:

Սակայն ճապոնական պարտությունն ատոմային ռմբակոծություններով բացատրելու շնորհիվ հաջողվեց հասնել լիովին կոնկրետ քաղաքական երեք նպատակի: ա) Դա օգնեց պահպանել կայսեր լեգիտիմությունը: Քանի որ պատերազմը տանուլ է տրվել ոչ թե գործած սխալների, այլ` անսպասելիորեն հակառակորդի մոտ հայտնված հրաշք զենքի պատճառով, կայսրը հետագայում նույնպես աջակցություն կվայելի Ճապոնիայում:

բ) Դա հարուցեց միջազգային համակրանք: Ճապոնիան ագրեսիվ պատերազմ էր վարում և հատուկ դաժանություն էր ցուցաբերում նվաճված ժողովուրդների նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, մյուս երկրները պետք է դատապարտեին նրա գործողությունները:

Իսկ եթե Ճապոնիան վերածվի զոհ-երկրի, ապա կարելի է դրանով իսկ չեզոքացնել ճապոնացի զինվորականների նողկալի հանցանքները: Ատոմային ռմբակոծությունների հանդեպ ուշադրություն հրավիրելն օգնեց Ճապոնիայի հանդեպ ձևավորել մեծ համակրանք և մարել ամենախիստ ձևով նրան պատժելու ձգտումը:

գ) Եվ վերջապես հայտարարությունը, որ պատերազմում հաղթանակն ապահովեց ատոմային ռումբը, նպաստավոր եղավ Ճապոնիայի ամերիկյան հաղթողի համար: Ճապոնիայում ամերիկյան օկուպացիան պաշտոնապես ավարտվեց միայն 1952 թվականին, և այդ ողջ ընթացքում ԱՄՆ-ը կարողացավ իր ուզածի պես փոխել և վերակառուցել ճապոնական հասարակությունը:

Ճապոնացի բազմաթիվ ղեկավարներ վախենում էին, որ ամերիկացիները կցանկանան վերացնել կայսերական ինստիտուտը, որ իրենց կարող են դատել ռազմական հանցանքների համար (երբ Ճապոնիան կապիտուլացվեց, Գերմանիայում արդեն իսկ դատում էին նացիստական առաջնորդներին):

Դրա համար էլ նրանք որոշեցին չհիասթափեցնել ամերիկացիներին, որոնք ցանկանում էին հավատալ, որ պատերազմում հաղթանակն ապահովեցին իրենց ռումբերը: Հայտարարելով ատոմային ռումբի կիրառմամբ պատերազմի ավարտի մասին` ճապոնացիները շատ բանով սպասարկեցին սեփական շահերը, բայց նաև ամերիկյան շահերը:

Քանի որ պատերազմում հաղթանակն ապահովեց ռումբը, ուժեղանում է ԱՄՆ ռազմական հզորության մասին պատկերացումը, Ասիայում և համայն աշխարհում աճում է ԱՄՆ-ի դիվանագիտական ազդեցությունը, ամրապնդվում է ամերիկյան անվտանգությունը:
Ռումբի ստեղծման վրա ծախսված 2 միլիարդ դոլարը զուր չանցավ:

Մյուս կողմից էլ եթե խոստովանվեր, որ Ճապոնիայի կապիտուլյացիայի պատճառը եղել է ԽՍՀՄ-ի կողմից պատերազմի մեջ մտնելը, ապա ԽՍՀՄ-ը լիովին կարող էր հայտարարել, որ չորս օրում արեց այն, ինչը չորս տարում չկարողացավ անել ԱՄՆ-ը: Եվ այդ դեպքում կուժեղանար ԽՍՀՄ-ի ռազմական հզորության ու դիվանագիտական ազդեցության մասին պատկերացումը:

Այժմ մենք ի՞նչ պետք է մտածենք միջուկային զենքի մասին, երբ պարզվեց, որ նրա առաջին իսկ վիթխարի ձեռքբերումը` Ճապոնիայի հանկարծակի ու հրաշքով կապիտուլյացիան, կեղծիք է»:

Translate »