ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շարունակվող և օրեցօր խորացող համաշխարհային դիմակայությունը, որն առաջին հերթին դրսևորվում է Արևմուտքի շահերի խզումով, փորձագիտական և վերլուծական հանրության, էլ չասած արդեն  քաղաքական դասի շատ ներկայացուցիչների թույլ է տալիս «Սառը պատերազմի» նոր փուլը կայացած փաստ համարել:

Աշխարհի ժամանակակից աշխարհաքաղաքական քարտեզը քննության ենթարկելով ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկու տեսանկյունից, որը շարադրված է նրա «Շախմատային մեծ խաղատախտակ» [i] աշխատության մեջ, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հիմնական «մարտերն» այսօր, այնուամենայնիվ, ծավալվում են Սիրիայի և Ուկրաինայի խաղադաշտերում: Աշխարհագրական հենց այդ կոորդինատներում էլ այսօր տեղի է ունենում ոչ միայն Վաշինգտոնի և Մոսկվայի, այլ նաև համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների շահերի հիմնական բախումը: Բնական է, որ ամերիկյան և ռուսական շահերի բախման վայրն ամենևին չի սահմանափակվում միայն Սիրիայով և Ուկրաինայով: Ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը, բանավեճը և վերջինիս փաստարկումն անխուսափելիորեն արտապատկերվում է այլ տարածաշրջանների, առաջին հերթին, այսպես կոչված, «թեժ կետերի» վրա:

Չնայած 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի՝ մի կողմից Հայաստանի ու Արցախի, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջև հաստատված անժամկետ զինադադարին՝ անկասկած, այն այսօր էլ շարունակում է այդպիսի «թեժ կետ» մնալ: ԼՂՀ պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գիծը, ինչպես և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանը մինչ օրս շարունակում են մշտական զինված միջադեպերի օջախ մնալ:

Ամեն տարի ռմբակոծությունների և դիվերսիոն հարձակումների հետևանքով հաճախ սխալմամբ «սառեցված» անվանվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մի քանի հարյուր զինծառայող են կորցնում, հակամարտության զոհ են դառնում նաև խաղաղ բնակիչները: Միայն վերջին՝ 2016թ. ապրիլին պաշտոնական Բաքվի սանձազերծած, իր մասշտաբներով ամենահզոր սրացման արդյունքում ընդամենը հինգ օրվա ընթացքում երկու կողմից սպանվել է մի քանի հարյուր մարդ: Սույն հետազոտության մեջ կփորձենք պատճառահետևանքային կապը բացահայտել Արևմուտք-Ռուսաստան համաշխարհային դիմակայության առանձին ասպեկտների ու հռետորաբանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանձին զարգացումների ու դերակատարների հռետորաբանության միջև: Նման նախաձեռնությունը, թվում է, թե ոչ պակաս չափով կնպաստի Հայաստանի, Արցախի և ողջ հայության համար անկասկած կարևոր ու ռազմավարական նշանակության այս թեմայով քաղաքական հանձնարարականների ձևավորմանը:

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Ամբողջությամբ վերցրած, չնայած խիստ ակտիվ տեղեկատվական-քարոզչական բաղադրիչների առկայությանը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հակամարտության շահերի բախումն իրական հիմնավորումներ ունի: Եվ դրա սկիզբը, որքան էլ կարող է տարօրինակ թվալ առաջին հայացքից, դրվեց հենց 1991թ., երբ միջազգային հարաբերությունների երկբևեռ համակարգի փլուզումը բազմամյա «սառը պատերազմի» արդյունքում արդեն նախկին Խորհրդային Միության նկատմամբ հաղթանակ տարած ԱՄՆ-ին դարձրեց միակ գերտերությունը, ով սեփական շահերն ունի և դրանք պաշտպանում է աշխարհով մեկ:

Արդյունքում, հաջորդած 25 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ում իր եվրոպական դաշնակիցների ակտիվ աջակցությամբ յուրատեսակ մեկուսացման քաղաքականություն է իրականացրել Ռուսաստանի նկատմամբ՝ հաջողությամբ իր ազդեցությունն ընդլայնելով Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքի առանձին երկրների վրա: Ընդ որում, Վաշինգտոնը Ռուսաստանի՝ որպես գործընկեր երկրի հետ հաշվի նստելու ձգտում է դրսևորել միայն Մոսկվայի կողմից իր քաղաքականությանը լիակատար համաձայնություն ցուցաբերելու դեպքում:

Պետք է նշել, որ փոքր նրբություններով և շեղումներով նման քաղաքականությունը հաջողությամբ իրականացվել է մինչև 2008թ. օգոստոսը: Հենց այդ ժամանակ Արևմուտքի հետ դիմակայության մեջ Ռուսաստանն առաջին անգամ հաջողությամբ հետապնդեց իր սեփական շահերը վրաց-օսական հակամարտությանը ռազմական միջամտության միջոցով, որը ստացավ «08.08.08» պատերազմ անվանունը:

Մոսկվայի միջամտության արդյունքը դարձավ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, իսկ փաստացիորեն՝ բռնակցումը: Սակայն դրանով հանդերձ, Ռուսաստանը «կորցրեց» վերջնականապես դեպի Արևմուտք շրջված Վրաստանին: Երկրորդ անգամ Մոսկվան էլ ավելի բարձրաձայն իր անհամաձայնությունը հայտնեց Արևմուտքի քաղաքականությանը 2014թ.՝ «Եվրամայդանին» և Կիևում առավել արևմտամետների իշխանության գալուն պատասխանելով Ղրիմի բռնակցումով և հաջորդիվ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության սանձազերծումով: Սակայն դա իրավիճակը չփրկեց, և Մոսկվայի համար Ուկրաինան նույնպես կորսվեց:

Այսպիսով, այժմ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը և հետխորհրդային տարածքի երկրների հետ ԱՄՆ հարաբերությունները Մոսկվայում շարունակում են ընկալվել որպես միջամտություն իր ռազմավարական, որոշ գնահատականներով՝ կենսականորեն կարևոր շահերի ոլորտում՝ աստիճանաբար Միացյալ Նահանգների հետ՝ մասնավորապես, և Արևմուտքի  հետ՝ ընդհանրապես հարաբերությունները բերելով առճակատման վիճակի:

Հարկ է նկատել, որ Միացյալ Նահանգներում Մոսկվայի հավակնությունները՝ ընդհանրապես, և ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու Մերձավոր Արևելքում անցանկալի վարչակարգերի տապալմանը հակառակվելը՝ մասնավորապես, մեծ հաշվով լուրջ չի ընկալվում, քանի որ Վաշինգտոնում Ռուսաստանին տակավին դիտում են որպես «սառը պատերազմում» պարտված կողմ: Ըստ այդմ, հնարավոր է դառնում եզրակացություն հնչեցնել, որ ներկայիս համաշխարհային դիմակայության կողմերը շարունակում են «սառը պատերազմի» կատեգորիաներով դատել անգամ դրա փաստացի ավարտից 25 տարի անց: Եվ հաշվի առնելով, որ հակառակ հեռանկարների ուղղությամբ միտումներ չեն դիտվում՝ այդ համաշխարհային դիմակայությունը տակավին շարունակում է դրսևորվել Սիրիայում և Ուկրաինայում շահերի դաժան բախմամբ:

ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սիրիայում քաղաքացիական պատերազմը, որը վերջին ժամանակներս արտաքին ներգրավման կտրուկ աճի պատճառով սկսեցին սիրիական հակամարտություն անվանել, սկսվել է 2011թ. գարնանը: Սկզբում դրա կողմերն էին գործող նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները՝ հանձինս «Սիրիական արաբական բանակի», «Սիրիական ազատ բանակի», սիրիական չափավոր ընդդիմության ռազմական ստորաբաժանումների, քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների, «Իսլամական պետության» (ԻՊ), «Ալ-Նուսրա ճակատ»-ի և այլ խմբավորումների:

Սակայն 2014թ. ամռանն ԻՊ-ի հզոր հարձակման արդյունքում ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի զգալի տարածքների գրավումն ահաբեկիչների կողմից հանգեցրեց նույն տարվա սեպտեմբերի սկզբին դեպի Սիրիա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ներխուժմանը, ինչը մեծամասամբ դրսևորվում էր իսլամական ահաբեկիչների դիրքերի ռմբակոծմամբ: Եվս մեկ տարի անց՝ 2015թ. սեպտեմբերի 30-ից, իսլամիստներին օդային հարվածներ սկսեց հասցնել նաև սիրիական Տարտուսում և Խմեյմիմում տեղակայված ռուսական ավիացիան (Մոսկվայի պաշտոնական վարկածը): Դրան զուգընթաց, առ այսօր մերձկառավարական ուժերին ռազմական աջակցություն է ցուցաբերվում Ռուսաստանի և Իրանի կողմից, ընդհուպ մինչև ռազմական գործողություններին «Հիզբոլլահի» մասնակցությունը: Իրենց հերթին ընդդիմությանն աջակցում են Պարսից Ծոցի երկրները և միջնորդավորված՝ Արևմուտքը:

Սիրիական հակամարտության մեջ հատուկ դեր է վերապահված Թուրքիային, ով միաժամանակ փորձում է հաշվեհարդար տեսնել Սիրիայի քրդերի հետ և ազատվել Անկարայի համար անցանկալի՝ Սիրիայում իշխող Բաշար Ասադի վարչակարգից:

Այսպիսով, սիրիական հակամարտության մեջ օտարերկրյա զգալի ներգրավվածությունը, սիրիական հանգույցում նրանց շահերի միահյուսվածությունը փորձագիտական համայնքին թույլ է տալիս հակամարտությունը բնութագրել որպես միջնորդավորված պատերազմ առաջին հերթին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, ինչի արդյունքում, ՄԱԿ-ի հաշվարկներով, արդեն սպանվել է մոտ 300 հազար մարդ, իսկ երբեմնի ծաղկած սիրիական քաղաքները վերածվել են ծխացող ավերակների:

Սիրիական հակամարտության շրջանակներում ռուս-ամերիկյան դիմակայության գագաթնակետը դարձավ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող, «Ալ-Նուսրա ճակատ»-ի զինյալների կողմից գրավված Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը: Եվ այդ՝  ներսիրիական հակամարտության շուրջ վերջին իրադարձությունների ժամանակագրությունը՝ գլխավոր գործող անձանցով, ևս մեկ անգամ թույլ է տալիս համոզվել, որ շահերի մերձավորարևելյան բախման սիրիական թատերաբեմում գլխավոր ջութակի դերը շարունակում են խաղալ հենց Մոսկվան ու Վաշինգտոնը:

2016թ. հոկտեմբերին սիրիական կառավարական ուժերը ռուսական ավիացիայի և ռազմական հրահանգիչների աջակցությամբ զանգվածային հարձակում ձեռնարկեցին գրոհայինների կողմից գրավված քաղաքի վրա: Գրեթե միաժամանակ Մոսկվան Տարտուսի ռազմածովային բազա փոխադրեց S-300 մարտկոցները, իսկ մինչ այդ՝ դեռևս 2015թ. նոյեմբերի վերջին, Սիրիայի տարածքում տեղակայվել էին S-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը: Դրանից հետո The Washington Post-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի իր աղբյուրները, տեղեկություն հրապարակեց[ii] Վաշինգտոնի կողմից Սիրիայում իր ռազմավարության վերանայման հնարավորության մասին՝ երկրում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հետ կապված:

Մասնավորապես պնդվում էր, որ Սիրիայում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը նվազեցրել է ամերիկյան վարչակազմի՝ սիրիական կառավարական օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու վերաբերյալ որոշում ընդունելու առանց այն էլ ցածր հավանականությունը: Արդյունքում զգալիորեն բարձրացավ քրդերին սպառազինություն մատակարարելու և Հալեպում Բաշար ալ-Ասադին դիմակայող ուժերին տրամադարվող համանման մատակարարումները մեծացնելու Վաշինգտոնի՝ ավելի վաղ հետաձգված ծրագրերի իրականացման հավանականությունը:

Այս ամենի խորապատկերին Սիրիայի հարցով Լոզանի բանակցությունների մասնակիցներին, հանձինս Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների, այդպես էլ  չհաջողվեց համաձայնության գալ արդեն վեցերորդ տարին շարունակվող ռազմական գործողությունների դադարեցման միասնական ռազմավարության շուրջ[iii]: Այդ ժամանակ էլ Ջոն Քերին հայտարարեց, որ չնայած Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ մի շարք հարցերի շուրջ ձեռք բերված փոխհամաձայնությանը, «արմատական հակասությունները, այնուամենայնիվ, ավելի շատ էին, և ընդհանուր լուծում այդպես էլ չմշակվեց»:

Սիրիայի հարցով Լոզանի բանակցությունների տապալումից անմիջապես հետո արևմտյան ԶԼՄ-ներում գրեթե միաձայն սկսեցին կանխատեսել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը՝ ի պատասխան Հալեպում ռուսական օդատիեզերական ուժերի շարունակվող օդային հարվածների: Ռուսաստանի դեմ Սիրիայի պատճառով հնարավոր պատժամիջոցների հարցն իսկապես սկսեց քննարկվել Հալեպում իրավիճակի սրումից հետո, և այդպիսի պատժամիջոցներ մտցնելու հարցը չբացառեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այնուամենայնիվ, Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 8.00-ից մինչև 19.00-ն ընկած ժամանակահատվածը հայտարարվեց մարդասիրական դադար՝ ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ գրոհայիններին հնարավորություն տալով քաղաքից դուրս գալ հատուկ ստեղծված միջանցքով:

Արդյունքում, հոկտեմբերի 21-22-ը տեղի ունեցած ԵՄ առաջնորդների գագաթաժողովում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը հետաձգվեց: Այդուհանդերձ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստն ազդարարեց Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պահպանման մասին՝ նշելով, որ Վաշինգտոնը «Եվրոպայում իր դաշնակիցների հետ քննարկում է Մերձավոր Արևելքում, Սիրիայում բռնության մակարդակի նվազեցման միջոցների հարցը, այդ թվում` իր գործողությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու միջոցով»: Դրանից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը խոստացավ անհամաչափ պատժամիջոցներով պատասխանել ԱՄՆ-ին… [iv] Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունն արդեն տևական ժամանակ շարունակվում է: Այսպիսով, այսօր կարելի է հետևել, թե ինչպես է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև Սիրիայում միջնորդավորված պատերազմը սահունորեն վերածվում պատժամիջոցային պատերազմի:

Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական դիմակայության սրման վերջին վկայությունը դարձավ Սառը պատերազմի ավարտից հետո ռուսական ռազմածովային նավատորմի ամենամեծ ծավալումը: Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքում Reuters գործակալության բարձրաստիճան իրազեկ աղբյուրների վկայության՝ Ռուսաստանը Հյուսիսային նավատորմի բոլոր նավերը և Բալթյան նավատորմի նավերի մեծ մասը  ուղղել է՝ «Հալեպի վրա հարձակմանը մասնակցելու համար ռազմական ինքնաթիռների փոխադրման և Հալեպի վրա օդային հարվածներն ավելացնելու նպատակին՝ որպես այդ քաղաքում հաղթանակ տոնելու Ռուսաստանի ռազմավարության մի մաս» [v]:

Հետագայում հայտնի դարձավ Միջերկրական ծովում ռուսական հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ծանր ավիակիր հածանավի տեղաշարժի մասին: Ավիակրի վրա գտնվում էին МиГ-29КР և МиГ-29КУБР կործանիչներ, СУ-33 ինքնաթիռներ և КА-52К «Կատրան» ռազմական ուղղաթիռներ: Խմբի կազմի մեջ մտնում էին նաև «Պետրոս Մեծ» ծանր միջուկային հրթիռային հածանավը, «Սեվերոմորսկ» և «Փոխադմիրալ Կուլակով» հակասուզանավային նավերը, օժանդակ նավեր:

Այսպիսով, չնայած սիրիական հանգույցի խճճվածությանը և ներսիրիական հակամարտությանն Իրանի, Թուրքիայի, Ծոցի միապետությունների, եվրոպական երկրների ուղղակի կամ միջնորդավորված մասնակցության օբյեկտիվ փաստին՝ այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ տվյալ աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ակնհայտ բարձր խաղադրույքներ կատարող խաղացողները բոլոր դեպքերում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն են:

ՈւԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ուկրաինայի հարավ-արևելքում զինված հակամարտությունը, ընդհանուր առմամբ, դրսևորվում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի և ապստամբների ջոկատների մասնակցությամբ ռազմական գործողություններով, որոնք սկսվեցին 2014թ. ապրիլի սկզբին: Սակայն ռազմական գործողություններին մասնակցում էին նաև կամավորական ջոկատներ՝ առաջին հերթին Ուկրաինայից և Ռուսաստանից: Նաև ոչ երկրորդական է ընդամենը մեկ տարվա ընթացքում ապստամբներին հինգ հարյուր տանկերով, ավելի քան հազար զրահապատ մեքենաներով և մինչև 800 փողային և հրթիռային հրետանային միավորներով զինած աղբյուրների հարցը:

Կարծես թե Ուկրաինայում հենց հակամարտության կողմերից մեկին զինամթերք մատակարարելու ոչ պակաս կարևոր հանգամանքն ԱՄՆ-ին, մի շարք այլ պետությունների, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ ԽՎ-ին դրդեց միանալու Ուկրաինայի՝ ներուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին: Մոսկվային շարունակում են մեղադրել ոչ միայն ապստամբ կողմին զենք մատակարարելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, այլև ռազմական գործողությունների ժամանակ նրանց օգտին ՌԴ զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումներն օգտագործելու մեջ: Մոսկվան այդ մեղադրանքները հետևողականորեն հերքում է, սակայն դրա հետ մեկտեղ, չճանաչված ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարությունն է  հետևողականորեն ճանաչել հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավվածության փաստը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 30.000-ը, իսկ փախստականների թիվը մոտենում է կես միլիոնին:

Այդ ամենով հանդերձ, Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական առճակատման իրական պատճառները կարծես թե, այնուամենայնիվ, ծագել են շատ ավելի վաղ՝ նույն  Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ և 1991թ. Ուկրաինայի կողմից անկախության ձեռքբերմամբ: 25 տարվա ընթացքում Ռուսաստանը ոչ միայն չի փորձել Ուկրաինայի հետ ստեղծել իրական միութենական, իրավահավասար-գործընկերային հարաբերություններ, այլ հնարավոր ամեն ինչ արել է երբեմնի եղբայրական ժողովուրդների միջև խոչընդոտներ ստեղծելու ուղղությամբ, որոնք արդեն իսկ անհաղթահարելի են թվում:

Որպես օրինակ ներկայացնենք միայն մեկը՝ «գազի հարցը», որը հատկապես վերջին տասնամյակի ընթացքում, ի դեմս «Գազպրոմ» պետական կորպորացիայի, Մոսկվայի կողմից տասնյակ անգամ բարձրացվել է Կիևի առջև: Օգտագործելով էներգառեսուրսները՝ Մոսկվան այս տարիներին փորձել է Կիևին ճզմել՝ նրան սեփական խամաճիկը դարձնելով:

Առանձնահատուկ տեղ է զբաղեցրել «բնիկ ռուսական Ղրիմի» թեման, որը նույնպես ռուս փորձագետների ու լրագրողների հռետորաբանության մեջ պարբերաբար ասպարեզ էր բերվում հատկապես դաշնային ալիքներով: Ընդ որում, աշխարհաքաղաքականության մեջ այնպիսի հասկացության գոյության մասին, ինչպիսին soft power-ն է, ինչպես նաև՝ smart power-ը, Կրեմլում կարծես թե չեն իմացել կամ էլ չափազանց զբաղվածության պատճառով մոռացել են այդ մասին:

Երբեմնի եղբայրական, սլավոնական պետության նկատմամբ այդպիսի քաղաքականությունը կյանքի կոչելու արդյունքները երկար սպասեցնել չտվեցին, որը 2013թ. տարեվերջին դրսևորվեց Ուկրաինայում սկսված Եվրոմայդանով:

Կիևի կենտրոնում ամիսներ տևած բողոքի զանգվածային ցույցերի առիթը դարձավ Վիկտոր Յանուկովիչի կառավարության կողմից Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունների կասեցումը: Հատկանշական է, որ Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահը երկրում ոչ անքան ժողովրդահաճո այդ քայլին գնաց Մոսկվայի ճնշման ներքո, որին քաղցրություն էր հաղորդում 15 մլրդ ռուսական վարկը: ճիշտ է՝ նա հասցրեց միայն առաջին 3 մլրդի փոխանցումը ստանալ դեկտեմբերին: Դրանից հետո երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ. Յանուկովիչը 2014թ. փետրվարի վերջին Ուկրաինան լքեց զանգվածային հակակառավարական ցույցերի խորապատկերին, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, իսկ Ուկրաինայի տարածքում նրա գույքը բռնագրավվեց:

Ուկրաինայի նոր նախագահ Պետր Պորոշենկոն հետագայում Մոսկվայի կողմից Կիևին տրված 3 միլիարդ դոլարը բացահայտ բնորոշեց որպես կաշառք՝ հայտարարելով, որ այդ գումարը հատկացվել է Ուկրաինային, որպեսզի երկիրը թողնվի ռուսական ազդեցության ուղեծրում[vi]: Սակայն թվում է, թե ուկրաինական «Եվրամայդանի» իրական հիմնական պատճառը, այնուամենայնիվ, դարձավ Վիկտոր Յանուկովիչի լիովին կոռումպացված վարչակարգի կողմից արդեն կիսաղքատ, թալանված երկրի կառավարման մեթոդներից ժողովրդական դժգոհությունը: Կիևի կողմից Եվրոպայի հետ ասոցացման մերժումն ուկրաինացիների՝ ադեն իսկ լցված համբերության բաժակի սոսկ վերջին կաթիլը դարձավ: Դրանից հետո Վաշինգտոնին միայն մնում էր ժամանակ առ ժամանակ «փչել» Կիևում Մոսկվայի ջանքերով բորբոքված կրակը: Ուկրաինայում իշխանափոխությանը և նոր վարչակազմի կողմից որպես անառարկելի գերակայություն հայտարարված եվրաատլանտյան ուժագծին Ռուսաստանն արձագանքեց համեմատաբար քաղաքակիրթ, պլեբիսցիտի միջոցով և վաղուց խոստացված Ղրիմի անջատմամբ: Արդյունքում, անջատողական տրամադրությունները տարածվեցին ռուսալեզու Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Անջատողականության տարածման փորձեր եղան նաև Օդեսայում ու այլ մարզերում:

Այսօր չնայած ուկրաինական ճգնաժամի կարգավորման մինսկյան համաձայնագրերի ճանապարհային քարտեզի նախապատրաստությամբ զբաղվող «Նորմանդյան քառյակում» (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ուկրաինա) Միացյալ Նահանգների բացակայությանը՝ Վաշինգտոնի ազդեցությունն այդ չորս մասնակցիներից առնվազն երկուսի վրա կասկած չի հարուցում: Այս համատեքստում պետք է առանձնահատուկ նշել Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման բանակցություններում Միացյալ Նահանգներին ներառելու Կիևի՝ բազմիցս հնչեցրած ապարդյուն կոչերը: Ինչպես նաև այն, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առանձնապես երբեք չի էլ թաքցրել ուկրաինական կարգավորման հարցում Բեռլինի և Վաշինգտոնի գործողությունների համաձայնեցված լինելու փաստը:

Այսպիսով, չնայած նրան, որ ճգնաժամի կարգավորման մինսկյան համաձայնագրերի կատարումը պետք է համաձայնեցնեն «Նորմանդյան քառյակի» արտաքին գործերի նախարարները՝ նրանց ամերիկացի գործընկերոջը, մեծ հաշվով, ոչինչ չի խանգարում ոչ պաշտոնապես մասնակցելու դրան: Հաշվի առնելով, որ առանձին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների և Ռուսաստանի տնտեսության դեմ սահմանված պատժամիջոցները «ծագումով» ոչ միայն Եվրոպայից, այլ նաև ԱՄՆ-ից են, և նաև ամերիկյան ռազմական օգնությունն Ուկրաինային, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի համատեղ մասնակցությունը ուկրաինական կարգավորմանը գրեթե առաջին պլան է դուրս գալիս:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Արևմուտքի և Ռուսաստանի, կամ էլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գլոբալ դիմակայության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ԶԼՄ-ների, համացանցի և բնականաբար սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող տեղեկատվական պատերազմը: Հարկ է նշել, որ սարսափեցնող պատկերների, «մյուս» կողմի աղետալի վիճակի մասին տեղեկության փոխադարձ տարածումը, բնականաբար, առաջին հերթին ներքաղաքական նպատակներ է հետապնդում: Դա հատկապես այն ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին բան չի մնացել, իսկ Ռուսաստանը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի, որոնցում ոչ պակաս կարևոր դեր է խաղացել իր նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունը: Միացյալ Նահանգներում այդ պատերազմի շահառուները, ի դեմս Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբների, ձգտում են Ռուսաստանին՝ ընդհանրապես, և նրա նախագահ Պուտինին՝ մասնավորապես, ներկայացնել որպես տիեզերական չարիք և սպառնալիք: Եվ եթե դեմոկրատներն այս չարիքի դեմ որպես միակ հակաթույն տեսնում են Քլինթոնին, ապա հանրապետականներն ամերիկյան ընտրողներին ներշնչում են, որ միակ քաղաքական գործիչը, ով ընդունակ է եթե ոչ հաշվեհարդար տեսնել, ապա գոնե համաձայնության գալ «ռուսական արջի» հետ, հենց իրենց թեկնածուն է և ոչ ուրիշ մեկը:

Շատ հաճախ այդ պատերազմի ջատագովներն իրենց ձգտումներում չափազանց հեռուն են գնում, ինչը բավականին ոչ միանշանակ հետևանքների է հանգեցնում: Այսպես, Մեծ Բրիտանիայի բնակիչները տակավին վերջերս նույն սոցիալական ցանցերի միջոցով դիմել են Ռուսաստանի դեսպանատուն`խնդրելով … միջուկային պատերազմ չսկսել այդ թվում և իրենց երկրի հետ[vii]: Մառախլապատ Ալբիոնի լրջախոհ բնակիչների մտահոգության առիթ էին հանդիսացել բրիտանական տաբլոիդների հրապարակումները: Մի քանի բրիտանական ԶԼՄ-ներ, միաժամանակ հղում կատարելով տարածաշրջանային նշանակության ռուսական տեղեկատվական կայքի վրա, սկսեցին ակտիվորեն շրջանառել այն մասին լուրը, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրամայել, որպեսզի բոլոր պաշտոնյաների արտասահմանում ապրող հարազատներն   անհապաղ հետ վերադառնան Ռուսաստան: Դրանից հետո Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատունն ամենայն լրջությամբ ստիպված էր բրիտանացի լրագրողներին դիմել՝ բնակչության շրջանում միջուկային պատերազմը մարգարեացնող խուճապի տարածումը դադարեցնելու խնդրանքով:

Տվյալ դեպքում հարկ է առանձնահատուկ նշել, որ լսարանի վրա նման ցնցող ազդեցություն է գործել ոչ այնքան հոդվածների բովանդակությունը, որքան հոլիվուդյան սարսափ ժանրի լավագույն ավանդույթների ոգով սարսափազդու նկարազարդումների ընտրանին:

Իմիջիայլոց, Ռուսաստանի և Արևմուտքի միջև տեղեկատվական պատերազմն իր գործն է անում՝ ոչ միայն Արևմուտքում, այլև Ռուսաստանում մարդկանց խանգարելով ցորենը որոմից զատելուն:

Ըստ «Լևադա կենտրոն»-ի վերջին հետազոտության տվյալների` ռուսաստանցիների 48%-ը մտավախություն ունի, որ սիրիական սրացումը Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ կարող է վերածել Երրորդ համաշխարհային պատերազմի[viii]: Հատկանշական է, որ դրա հետ մեկտեղ ռուսաստանցիների 52%-ը Սիրիայի տարածքում ռուսական ավիահարվածներին դրական է վերաբերվում: Դրանք բացասական են գնահատվել հարցվածների միայն 26%-ի կողմից:

Ընդ որում, Սիրիայում իրավիճակին ուշադիր հետևում է ռուսաստանցիների միայն 18% -ը, 64%-ը տեղի ունեցող իրադարձությունների մասին չափազանց քիչ բան գիտի, իսկ 17%-ը խոստովանել է վերջին իրադարձություններից իրենց լիակատար անտեղյակությունը: Կարծես թե միայն այդ երկու օրինակների հիման վրա կարելի է հասկանալ, թե տեղեկատվական պատերազմն իրականում ինչպես է ազդում թե՛ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության մեջ անմիջականորեն ներգրավված երկրների, թե՛ առաջին հայացքից այս հակամարտությանը կողքից հետևող երկրների  ուղեղների վրա: Վերջիններն ավելորդ անգամ վկայում են այսօրվա գլոբալ աշխարհում շահերի սերտ միահյուսման և համապատասխանաբար իրական և մտացածին սպառնալիքների ու մարտահրավերների մասին:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԸ ԱՄՆ-ՈՒՄ

Ինչպես արդեն նշվեց վերևում, տեղեկատվական պատերազմի ամերիկյան ակտիվիստների համար արդի հիմնական շարժառիթը և կատալիզատորն ընթացիկ նախագահական ընտրություններն են: Այս համատեքստում խոսելով նոյեմբերի 8-ին նշանակված ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մասին՝ անհնար է չնշել ինչպես դեմոկրատների և հանրապետականների, այնպես էլ ամբողջությամբ վերցրած ամերիկյան քաղաքական վերնախավի և հասարակության միջև խորը պառակտման մասին:

Դիտարկելով և վերլուծելով ներկա նախընտրական նախագահական մրցավազքը՝ թվում է, թե տվյալ պառակտման ու բանավեճերի հիմնական պատճառներն առաջին հերթին պետք է փնտրել ԱՄՆ-ի վերջին տարիների արտաքին քաղաքականության օրակարգում: Եվ այսօր հնարավոր է խոսել ԱՄՆ-ում անցյալ դարի 40-ական թվականների վերջում ձևավորված և 90-ականների սկզբին «սառը պատերազմում» ԽՍՀՄ-ի դեմ Արևմուտքի տարած նույն հավաքական հաղթանակի արդյունքում էապես ամրապնդված արտաքին քաղաքականության կոնսենսուսի սահմանների մասին:

Հարկ է առանձնահատուկ նշել այն չորս հենասյուները, որոնց վրա հիմնված էր և շարունակում է հիմնված մնալ դեմոկրատ ազատական-ինտերնացիոնալիստների և հանրապետական նոր-պահպանողականների միջև կոնսենսուսը: Դրանք են՝ ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության անվիճելիությունը, հավատարմությունն ազատական աշխարհակարգի ամրապնդման ու տարածման նկատմամբ, Միացյալ Նահանգների ազդեցության, անվտանգության և բարգավաճման միջև անքակտելի կապի ճանաչումը և Միացյալ Նահանգների գերիշխանությունն ազատական աշխարհակարգում և ամբողջ աշխարհում ժողովրդավարության տարածման անհրաժեշտությունը: Թվում էր, թե այս պնդումներից շատերը հաստատող «սառը պատերազմի» ավարտին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գոյություն ունեցող կոնսենսուսին լեգիտիմության ամուր և առաջին հայացքից  անսպառ պաշար հաղորդեցին:

Սակայն 20-25 տարի անց աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ գլոբալիզացիայի մութ կողմերը, որոնք դրսևորվում են համաշխարհային, շղթայական ֆինանսա-տնտեսական ճգնաժամով, շուկաների անսահման իշխանությամբ, անվտանգության անդրազգային սպառնալիքների առջև համընդհանուր խոցելիությամբ: Այս լույսի ներքո Բարաք Օբամայի այն հայտարարությունը, ըստ որի՝ 21-րդ դարում հենց ԱՄՆ-ը և ոչ թե Չինաստանը կորոշի համաշխարհային առևտրի կանոնները, իսկ արդյունաբերական արտադրությունը Միացյալ Նահանգներ հետ վերադարձնելու Դոնալդ Թրամփի խոստումները միևնույն մարտահրավերների մեկ շղթայի օղակներն են:

«Սառը պատերազմի» ավարտն էլ վերջնական խաղաղություն չբերեց, իսկ միջազգային իրավիճակը տարիների ընթացքում ավելի ու ավելի է վերածվում բախման, որոշ դեպքերում՝ իրական անկառավարելի քաոսի և նույնիսկ թշնամական վերաբերմունքի Արևմուտքի հանդեպ՝ ընդհանրապես և ԱՄՆ-ի նկատմամբ՝ մասնավորապես:

Վերոնշյալ գործընթացների առանձին ուժագիծ և դրսևորում են մեծապետական մրցակցության վերածննդի փորձերը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Միացյալ Նահանգներում վերջին նախընտրական ճակատամարտերի լույսի ներքո այդ խնդիրներն ավելի ու ավելի ցցուն են արտահայտվում: Իսկ ամերիկացիների ծանրակշիռ մասն արդեն դժգոհություն է արտահայտում վերջին տասնամյակներին կառավարող վերնախավի կողմից առաջարկվող արտաքին քաղաքականության կոնսենսուսի նկատմամբ: Պատճառն ապագայում անվտանգության վերաբերյալ միանգամայն արդարացված անհանգստությունն է և արտաքին թշնամական աշխարհից առանձնանալու ձգտումն է: Եվ, եթե Հիլարի Քլինթոնն արտաքին քաղաքական կոնսենսուսի հետևողական կողմնակիցն ու հետևորդն է, ապա Դոնալդ Թրամփն առնվազն ներկայանում է որպես այդ բողոքի հիմնական արտահայտողը՝ թեկուզև խիստ ժողովրդահաճո ձևով: Ավանդական ամերիկյան վերնախավի և հասարակության մի զգալի մասի միջև նման հակասությունները, որպես արդյունք, անցյալ դարասկզբից ի վեր թերևս առաջին անգամ հանգեցրեցին այնպիսի նախագահական ընտրությունների, որին թեկնածուները գնում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ սկզբունքորեն տարբեր հայացքներով:

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Գործնականում ռուսական պետության արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը բոլոր ժամանակներում աննախանձելի են մնում՝ առաջին ջութակի դերը զիջելով ռուսական զենքին: Սակայն վերջին տասնամյակների ընթացքում՝ հատկապես պուտինյան Ռուսաստանի ժամանակահատվածում, գործնականում հենց արտաքին քաղաքական ուղղությունն է անխափան կերպով համախմբող գործոնի դեր կատարել ռուսական հասարակության համար: Պարադոքսալ կերպով հենց դրանում է ռուսական և ամերիկյան հասարակություններում տեղեկատվական պատերազմի շահառուների՝ ինչպես արտաքին քաղաքական ձախողումների, այնպես էլ հաջողությունների ընկալման հիմնական տարբերությունը:

Յուրաքաչյուր մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է ռուսական տնտեսության կառուցվածքին, արտահանմանը և ներմուծմանը, սոցիալական իրավիճակին, ռուսական ծայրամասերի խնդիրներին, ժողովրդագրությանը, առաջադիմող կոռուպցիային, անօրինականության մթնոլորտին և այլն, նրա համար միանգամայն պարզ է, որ առաջնահերթության կարգով լուծման ենթակա են հենց այդ խնդիրները: Սակայն միացնելով դաշնային, ինչու չէ նաև մարզային որևէ ալիք՝ կարելի է դիտել արդեն սովորական դարձած ռեպորտաժները «փտող Արևմուտքի», «ներգաղթյալների ներհոսքից խեղդվող Եվրոպայի», «սեռական փոքրամասնությունների անօրինականությունների», «Ամերիկայի համաշխարհային ժանդարմը լինելու», անգլիացիների, անգոլացիների, վրացիների և, բնականաբար, ուկրաինացիների խնդիրների, բայց ոչ բուն ռուսաստանցիների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:

Ռուսական քարոզչությունը պետական մակարդակով տարիներ շարունակ հենց ռուսաստանցիների իրական կարիքների և խնդիրների մասին սյուժեներն ու տեղեկատվությունը փոխարինում է ամերիկացիների, եվրոպացիների և աշխարհի՝ օբյեկտիվորեն ավելի աղքատ տարածաշրջանների բնակիչների՝ հաճախ առասպելացված խնդիրների մասին ռեպորտաժներով ու տեղեկատվությամբ:

Պետք է նշել, որ ռուսական քարոզիչները հեծանիվ չեն հորինել՝ իրենց գործունեության հիմքում վերցնելով և որոշ չափով արդիականացնելով նույն «սառը պատերազմի» ժամանակների խորհրդային մշակումները: Նման իրավիճակն արդարացիորեն տեղավորվում է «զանգվածային տխմարացման տեսության» մեջ, որով էլ ռուսական հասարակության քիչ թե շատ առաջադեմ շրջանակներում ընդունված է բնութագրել այն: Սակայն ռուսաստանյան հասարակության ավելի լայն շերտերը հաջողությամբ և պարբերաբար ընկնում են տեղեկատվական պատերազմի ծուղակները: Որպես հետևանք՝ Ռուսաստանի անծայրածիր տարածության բոլոր իմաստներով մոռացված մի փոքրիկ քաղաքում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր դատողություններ են անում համաշխարհային քաղաքականության և աշխարհաքաղաքականության բարդ իրադարձությունների և Միացյալ Նահանգների մասին, ով Ռուսաստանի «ոտքի կանգնելուն» խանգարում է: Այսպիսով, կարելի է փաստել, որ տեղեկատվական պատերազմի ռուսական ադեպտների կողմից Արևմուտքի մասին տարածվող սարսափ պատմությունները բավականին հաջողությամբ փոխարինում են Ռուսաստանի ներքին իրական օրակարգին: Մի օրակարգ, որը թելադրված է իրական սոցիալ-տնտեսական, եթե ուզեք՝ կենցաղային, այլ ոչ թե Բուրկինա Ֆասոյի բնակիչների խնդիրներով: Եվ վերջապես, ըստ հաջորդականության, բայց ոչ կարևորության վերջին դիտարկումը. «Աղքատների օգտին խոսակցությունները», ի թիվս ռուսական քարոզիչների այլ հնարքների, հաջողությամբ օգնում են սլաքը խոտորել գլխավորից՝ երկրի ահռելի ազգային հարստության բաշխումից, իսկ այժմ արդեն վերաբաշխումից:

ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

1992թ. Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման ԵԱՀԿ Մինսկի խմբի ի հայտ գալու հենց ամենասկզբից Վաշինգտոնի, Փարիզի և Մոսկվայի շահերը, թերևս, երբեք այնքան շատ հակասություններ չեն պարունակել, որքան նրանց մասնակցությամբ ներկայիս գլոբալ դիմակայության ժամանակահատվածում:

Սույն տողերի հեղինակը տարբեր քաղաքական գործիչների և փորձագիտական-վերլուծական հանրության ներկայացուցիչների շուրթերից բազմիցս լսել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև համաձայնության հասնելու ճանապարհին հենց այդ հակասություններն են գլխավոր խոչընդոտ հանդիսանում: Համանախագահող երկրները ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման իրենց փորձերում արդարացիորեն չեն մոռանում նաև իրենց շահերի մասին: Եվ եթե, օրինակ, Ռուսաստանի շահերը պահանջում են ղարաբաղյան շփման գծի երկայնքով սեփական խաղաղապահների անհապաղ տեղակայում, ապա Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների գործընկերների շահերին դրանք հակասում են: Արևմուտքն առնվազն շահագրգռված չէ հակամարտության գոտում նման ուժերի տեղակայմամբ: Իսկ առավելագույնը՝ դեմ չէր լինի Ղարաբաղի շուրջ տեղակայել սեփական «երկնագույն սաղավարտներին»:

2008թ.՝  հարևան Վրաստանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև սահմանազատումից հետո, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ այն միակ փականը, որը թույլ է տալիս Հարավային Կովկասը բացել և փակել այլ երկների, օրինակ, նույն Թուրքիայի և Իրանի առջև: Այս իմաստով Ղարաբաղում սեփական խաղաղապահների տեղակայումը, ինչին բոլորից շատ ձգտում է Մոսկվան, թույլ կտա նրան ոչ միայն էակապես ամրապնդել իր ներկայությունը և ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա, էլ չասած բուն Ղարաբաղի մասին, այլ նաև միանձնյա աշխարհաքաղաքականություն իրականացնել տվյալ տարածագոտում:

Մինչև վերջին ժամանակներս ղարաբաղյան կարգավորումն արդարացիորեն համարվում էր գրեթե միակ պլատֆորմը, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բացահայտ հակասություններ և բախումնային իրավիճակներ նկատելի չեն եղել: Տվյալ թեզի վկայությունն է նաև այսօր շարունակվող Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ընդհանուր առմամբ բավական համակարգված աշխատանքը:

Ավելին, ղարաբաղյան կարգավորման միջնորդական գործընթացում Ռուսաստանի ավելի ակտիվ դերին Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համաձայնությունը թույլ էր տալիս նաև խոսել նրանց միջև իրավիճակային, ժամանակային առումով սահմանափակ, սակայն կոնսենսուսի առկայության մասին: Իսկապես, Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս օգտվել է Ղարաբաղի հարցով իրեն տրված «քարտ բլանշից»՝ հրավիրելով հակամարտության կողմ երկրների նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներ:

Հարկ է առանձնահատուկ նշել, որ վերջին հանդիպումները եղել են եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: Եվ հենց երեք նախագահների հունիսյան հանդիպումից հետո առանձնապես հաճախակիացել են, այսպես կոչված, «Լավրովը պլանի» կամ «Պուտինի պլանի» ի հայտ գալու և արագ իրականացման ասեկոսեները: Այդ պլանի կարճ էությունն է՝ Ղարաբաղի 5 շրջանների հանձնումն Ադրբեջանին, հաղորդուղիների ապաշրջափակումը և գլխավոր կռվախնձորի՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելը: Ղարաբաղյան հակամարտության գոտում տարեկան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհերով ուղեկցվող սողացող պատերազմի դադարեցման երաշխավորները, դատելով «նախաձեռնողների հասցեից», պետք է դառնան նույն այդ ռուսական խաղաղապահները:

Սակայն Երևանն ու Բաքուն, և առավել ևս՝ Ստեփանակերտը, նախկինի նման առանձնապես չեն շտապում կյանքի կոչել Լավրով-Պուտին պլանը: Թվում է՝ ոչ պակաս դեր է խաղացել այդ կետերի շուրջ տեսակետների համաձայնեցվածության և Վաշինգտոնի ու Փարիզի հետ Մոսկվայի միասնական դիրքորոշման բացակայությունը: Առնվազն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ղարաբաղի հարցով միասնական օրակարգի բացակայության անուղղակի հաստատումներից մեկը դարձավ Ջոն Քերիի՝ վերջերս արված խոսուն հայտարարությունը: Մասնավորապես, ամերիկյան դիվանագետն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաղթահարելու համար առկա պայմանները բնութագրեց որպես դեռևս չհասունացած՝ դա առաջին հերթին հիմնավորելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների անպատրաստ լինելով: «Պաղեստինաիսրայելյան հակամարտությունն այդ տեսակին չի պատկանում: Նման հակամարտությունները բարդ են, բայց կարելի է գտնել դրանք անցյալում թողնելու եղանակները, եթե մարդիկ որոշակի համալիր լուծումներ ձեռնարկեն: Գտնում եմ, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունը մտնում է տվյալ կատեգորիայի մեջ»-ընդգծել է Քերին[ix]:

Ամերիկյան պետքարտուղարին երկրորդում է ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ դրանից անմիջապես հետո հնչեցնելով Ղարաբաղի հարցով որևէ համաձայնության հասնելու անհնարինության մասին՝ ինչպես առանց գրավյալ տարածքներն Ադրբեջանին հանձնելու, այնպես էլ առանց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման բանակցությունների:

Երկու գլոբալ խաղացողների միջև հարաբերությունների գրեթե ամբողջ դիապազոնով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վերջին շփումների լույսի ներքո կարծես թե Ուորլիքի և նրա անմիջական ղեկավարի հայտարարությունները Մոսկվայի բազմիցս արած հայտարարությունների պատասխանն էին: Ռուսաստանը նպատակահարմար է համարում չճանաչված ԼՂՀ-ի կարգավիճակի որոշման հետաձգումը՝ ի նկատի ունենալով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հակամարտության կողմերի մոտ համաձայնության բացակայությունը և Ղարաբաղի շրջանները Բաքվի վերահսկողությանը հանձնելու ճանապարհով հակամարտության կիսատ-պռատ լուծման անհրաժեշտությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, Ռուսաստանի և Արևմուտք-ԱՄՆ-ի միջև, ըստ ամենայնի, ավարտից տակավին հեռու շահերի առճակատման նախադրյալների, պատճառների, տարածագոտիների, պատճառահետևանքային կապի վերլուծությունը թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկել որպես դրա երկրորդական հարթակներից մեկը:

Ղարաբաղյան թնջուկի վերջնական հանգուցալուծման տեսլականի վերաբերյալ համանախագահ երկրների դիրքորոշումների հակասականությունը՝ ապացուցված համապատասխան իրադարձություններով, դրա անհնարինության ծանրակշիռ պատճառներից մեկն է թվում: Վերոշարադրյալ փաստերի և իրադարձությունների համակցության հիման վրա թվում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրական, վերջնական կարգավորումը կարող է տեղի ունենալ բացառապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության պարագայում, նրանց միջև թեկուզև վստահության նվազագույն մակարդակի առկայության պայմաններում:

Վերոնշյալ գործոնների բացակայությունը, անկասկած, ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսանավելու լրացուցիչ հնարավորություններ է տալիս՝ հաճախ նպաստելով նրանց միջև չհասկացածվածության և թշնամանքի մթնոլորտի խորացմանը:

Այլ խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնելը կարող է իրականություն դառնալ Սիրիայում, Ուկրաինայում առավել «թեժ» հակասությունների, մյուս՝ ոչ պակաս կարևոր և սկզբունքային հարցերի շուրջ գլոբալ դերակատարների միջև փոխհամաձայնության հասնելու դեպքում: Մինչ նման մթնոլորտի ի հայտ գալն առնվազն տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որևէ պայման չի նշմարում:

Դավիթ Ստեփանյան
Արմինֆո գործակալության քաղաքական վերլուծաբան
ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

ՀՂՈՒՄՆԵՐ

[i] Збигнев Бжезинский, Великая шахматная доска, http://knigosite.org/library/read/53638

[ii] Russian air defense raises stakes of U.S. confrontation in Syria, https://www.washingtonpost.com/world/national-security/russian-air-defense-raises-stakes-of-us-confrontation-in-syria/2016/10/17/85c89220-948c-11e6-bb29-bf2701dbe0a3_story.html

[iii] Major Russian naval deployment to intensify Aleppo assault: NATO diplomat,

http://www.reuters.com/article/us-mideast-crisis-syria-nato-idUSKCN12J2C6

[iv] Москва подготовила «серию мероприятий» на случай санкций за Сирию,
http://www.rbc.ru/rbcfreenews/580de5269a7947b02c40e651

[v] Syria talks in Lausanne end without breakthrough, http://www.reuters.com/article/us-mideast-crisis-syria-talks-idUSKBN12E2GQ

[vi] Порошенко назвал взяткой российский кредит в 3 миллиарда долларов, https://lenta.ru/news/2015/06/15/ukraindebt/

[vii] Independent: Напуганные британцы просят Россию не начинать третью мировую, https://russian.rt.com/inotv/2016-10-18/Independent-Napugannie-britanci-prosyat-Rossiyu

[viii] Почти половина россиян опасается третьей мировой войны из-за Сирии
http://www.rbc.ru/rbcfreenews/5816ee599a79473cf0ac9c1d

[ix] Керри: США стоят на пороге замораживания дискуссий с Россией по Сирии
http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/3664758

 «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)