Արտյոմ Մովսիսյան. Ճգնաժամ կարող է լինել մայիս ամսից սկսած

«Արմավիա» ավիաընկերության բացակայությունը ճգնաժամ չի առաջացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համար և չի ազդել այլ ավիաընկերությունների կողմից իրականացված թռիչքների տոմսերի արժեքի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

«Հիմա մենք միայն մեկ ուղղությամբ ունենք թանկացում՝ 10.000 դրամով»,- վստահեցրեց Արտյոմ Մովսիսյանը: Նա հայտարարեց, որ «Արմավիայի» իրականացրած ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը մեծ չէր, հետևաբար այն չէր կարող ճգնաժամի պատճառ դառնալ:

Արտյոմ Մովսիսյանը նշեց, որ, օրինակ, մարտ ամսին այս ավիաընկերությանն ուղևորափոխադրումների ընդամենը 12 տոկոսն է բաժին ընկել: Նրա խոսքով, սակայն, առաջիկայում խնդիր կարող է առաջանալ, քանի որ այս շրջանում ուղևորափոխադրումների ակտիվություն է նկատվում:

«Այս պահին մենք չունենք ճգնաժամ, դա կարող է լինել մայիս ամսից սկսած»,- ասաց Արտյոմ Մովսիսյանը: Թե տնտեսական ինչ խնդիրներ կարող է առաջացնել «Արմավիայի» սնանկացումը (օրինակ, բանկերը կարո՞ղ են տուժել դրանից), ըստ Արտյոմ Մովսիսյանի, դա քաղավիացիայի խնդիրը չէ:

«Մեր ուշադրության կենտրոնում այս պահին «Արմավիա» ընկերության աշխատակիցներն են և տոմս գնած ուղևորները»,- ասաց Արտյոմ Մովսիսիյանը: Նա նշեց, որ «Արմավիան» խոստացել է այսօրվանից վերադարձնել տոմսերի գումարները: Լրագրողներից մեկի այն հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի քաղաքացին, եթե «Արմավիան» չվերադարձնի տոմսի գումարը, Արտյոմ Մովսիսյանը վկայակոչեց՝ դատարան դիմելու քաղաքացու իրավունքը՝ ասելով, որ քաղավիացիան պարտադրման որևէ մեխանիզմ և իրավունք չունի:

Ըստ քաղավիացիայի վարչության պետի՝  իրենք իրավունք չունեն նաև որևէ կարգի աուդիտ իրականացնել «Արմավիայում»՝ պարզելու համար սնանկացման պատճառները և արդյո՞ք այն միտումնավոր է կատարվել, թե՞ ոչ:

Խոսելով «Արմավիա» ընկերության կարգավիճակի մասին՝ նա կոչ արեց լրագրողներին զերծ մնալ «Արմավիան»  ազգային փոխադրող անվանել, քանի որ օրենսդրության մեջ նման ձևակերպում չկա:

Նրա խոսքով,  «Արմավիային» պարզապես տրվել էին որոշ ուղղություններով թռիչք իրականացնելու արտոնյալ պայմաններ և առաջին մերժման իրավունք` առաջարկ է  արվում այլ ընկերությունների:

Читайте также  Բիզնես-չվերթներ

Քաղավիացիայի վարչության պետն անհիմն որակեց այն մեղադրանքները, թե ՀՀ կառավարությունը չի ցանկացել օգնել «Արմավիային: Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը, որի առընթեր մարմին է քաղաքացիական ավիացիայի վարչությունը, վստահելի գործընկեր է եղել «Արմավիայի» համար և արել է հնարավորը: «Հայաստանի կառավարությունը շատ հուսալի և պարկեշտ գործընկեր է: «Արմավիա» ընկերությունը այս տասը  տարիների ընթացքում չի կարող մատնանշել մի դեպք, որ ինքը դիմել է, և ՀՀ կառավարությունը մերժել: Մենք՝ պարկեշտ պարտնյոր լինելով հանդերձ, երբեք մեզ թույլ չենք տվել ֆինանսական հոսքերի մեջ մտնել: Դա նաև սուվերենությանն խնդիր է»,- հայտարարեց Արտյոմ Մովսիսյանը:

Անահիտ  Փիլոսյան

Translate »