Ռիգայում ամեն ինչ սերտորեն միահյուսված է՝ պատմությունը և արդիականությունը, մշակույթներն ու լեզուները: Կարծես թե Եվրոպայում եք, բայց հաճախ ռուսերեն խոսք կլսեք այստեղ: Կարծես թե քայլում եք միջնադարյան նեղ սալարկված փողոցներով, բայց հանկարծ հանդիպում եք մոդեռն ոճի վեհասքանչ շենքերի: Այնուամենայնիվ, այս քաղաքը դժվար է շփոթել մոլորակի ցանկացած այլ քաղաքի հետ:

Որքա՞ն հաճախ եք տների տանիքներին նայում քաղաքով զբոսնելիս: Ռիգայում դա պետք է անպայման անել: Ռիգայի տանիքներն շատ գաղտնիքներ ունեն պահած, որոնց մասին մենք Ձեզ կպատմենք:

Սկսենք Ռիգայի հայտնի սև կատվից, որը դարձել է քաղաքի խորհրդանիշներից մեկը:

Ըստ լեգենդի, կատվին տեղադրելու գաղափարը առաջացավ մի վաճառականի մոտ, որը մեծապես վիրավորված էր վաճառականների գիլդիայի շարքերը իրեն չընդունելու համար: Իր վրեժը հանելու համար վաճառականը ծանոթ քանդակագործին խնդրում է ստեղծել կատվի արձան և տեղադրել այն իր տան աշտարակիկի վրա: Կատուն մեջքով են կանգնեցնում գիլդիայի շենքին, որը կարծես ակնարկում էր. «Ահա թե ինչ եմ մտածում քո մասին»: Ուղերձը հասկացան և անխուսափելի ծաղրանքներից խուսափելու համար, որոշվեց վաճառականին ընդունել գիլդիա: Եվ միայն դրանից հետո կատուն շրջվեց դեմքով դեպի շենքը:

Ոչ այնքան հայտնի փաստ. Նույն փողոցի վրա մի քանի տուն այն կողմ տանիքի վրա մի շան արձան կտեսնեք, որը կատվին է նայում:

Միգուցե հենց շան հայացքից է, որ կատուն ճկել է մեջքը:

Ռիգայի բնիկները միշտ հետևել են ժամանակակից նորաձևությանը, ինչը հատկապես զգացվում է 20-րդ դարի սկզբի ճարտարապետության մեջ: Այդ ժամանակի բոլոր շենքերը կառուցվել են մոդեռն կամ ար-նուվո ոճով: Տներից մեկի սեփականատերը կարգադրեց տանիքին  տեղադրել ատլանտների, ովքեր իրենց մեջքի վրա պահում են երկրագունդը։ Այն խորհրդանշում է նոր ժամանակի սկիզբը: Գեղեցիկ է և դեռ նորաձևությունից դուրս չի եկել:

Սուրբ Հակոբ եկեղեցի։ Նրա տանիքին մի փոքրիկ զանգ կա: Միջնադարում այն ​​համարվում էր հրաշագործ: Զանգը հնչում էր ամեն անգամ, երբ անհավատարիմ կինն էր անցնում եկեղեցու կողքով: Ռիգայի կանայք այնքան վրդովված էին, որ սկսեցին պահանջել, որ հանեն զանգը: Եվ նրանք հասան իրենց ուզածին: Բայց այսօր այն կրկին իր տեղում է և երկար տարիներ զանգում է կիրակնօրյա ծառայությունից առաջ: Միգուցե կանայք են ավելի հավատարիմ դարձել …

Ռիգան հաճախ անվանում են «աքլորների քաղաք»: Եկեղեցիների և տաճարների սրաձողերի վրա ոչ թե խաչեր են, այլ աքաղաղներ: Նրանք վախեցնում են չար ոգիներին և կատարում են հողմացույցի կարևոր գործառույթը:

Ռիգայի մասին խոսելիս միանգամից մտաբերում ենք Ռիգայի բալզամը, շպրոտը և հացը: Հացն այստեղ պատրաստվում է առանց խմորիչի ՝ ըստ հին գաղտնի բաղադրատոմսի: Այս հացը հորինել են Լատվիայում 18-րդ դարի սկզբին: Նրա մեջ լցնում են  քաղցրացրած բնական թթխմոր, թթվեցված թեյ և չաման: Բայց, իհարկե, յուրաքանչյուր տանտիկին ունի իր գաղտնիքները:

Ռիգան մի քաղաք է, որտեղ ժամանակների կապը ավելի ուժեղ է զգացվում, քան Եվրոպայի ցանկացած այլ վայրում: Անցյալը սերտորեն միահյուսված է ներկայի հետ, ներկան ՝ ապագայի: