Աշխարհում շատ առեղծվածներ կան ՝ պատված պատմության մշուշով: Բացահայտելու փորձերը նրանց դարձնում են ավելի խորը,  հեռավոր ու խորհրդավոր:

Արևմտյան Հայաստանում (Թուրքիայի տարածք) գտնվող Վան քաղաքը հին ժամանակներում ունեցել է ևս մի քանի անուն ՝ Տուշպա, Երվանդավան, Շամիրամակերտ: Սա Հայկական լեռնաշխարհի ամենահին բնակավայրերից մեկն է, Երվանդունիների թագավորության և Ուրարտուի նախկին մայրաքաղաքը:

Այստեղ եկող հյուրերի համար Վանը հետաքրքիր բացահայտում է: Հնագույն պատմական քաղաքը կապված է  այնպիսի թագավորների անունների հետ, որոնցից են Արգիշտին, Սարդուրին, Մենուան և նույնիսկ Սեմիրամիսի (Շամիրամ) թագուհու անվան հետ: Հազարամյակները վայրկյանների նման թռան այս քաղաքի վրայով: Ինչ ասես, որ չի տեսել նա իր երկարատև կյանքի ընթացքում: Եվ Վանի բերդը այս ամենի լուռ, հավերժ վկան է:

Այսօր այս միջնաբերդը պարզապես հուշարձան է, որը ժամանակի ընթացքում մաշվել, քրքրվել, արյունաքամ է եղել՝ վիրավոր զինվորի նման, բայց առաջվա պես հպարտ է: Մի քանի շարք անառիկ պատերը այս ամրոցն անխորտակելի էին դարձրել, որն ինչպես պահապան հրեշտակ քաղաքը պաշտպանում էր բոլոր վտանգներից:

Վանը բացարձակապես նման չէ բազմամիլիոնանոց Ստամբուլին, որը տեղակայված է Բոսֆորի երկու ափերին: Ավելին, նրանք բոլորովին տարբեր են: Վանի ամենակարևոր տեսարժան վայրը ամրոցն է, որը ասես մագնիս դեպի իրեն է ձգում տուրիստական ​​խմբերին: Բերդի ստորգետնյա մասում կան դամբարաններ: Քարանձավները փորված են միակտոր ժայռի մեջ, և մի ժամանակ ծառայում էին որպես անդրշիրիմյան բնակարաններ թագավորների, նրանց հարազատների և պալատականների համար:

Հին Վանը գտնվում է բերդի ստորոտում: Ըստ ավանդության ՝ հին ժամանակներում այս վայրում գտնվում էր Սեմիրամիսի պալատը: Կարծիք կա, որ վանեցիները շատ հյուրընկալ չեն:

Վանի ամրոցից մի փոքր հյուսիս՝ փոքրիկ լեռնաշղթայի վրա է գտնվում հայերի համար սրբազան մի քարաժայռ, որը կոչվում է Ագռավի քար: Ըստ լեգենդի, քարե դռան ետևում փակված է Փոքր Մհերը, որը տարին երկու անգամ ՝ Համբարձման և Վարդավառի գիշերը, նստում է իր հրեղեն ձիու վրա և շրջում երկնքով ու երկրով:

 

Ախթամար կղզի

Վան քաղաքի և լճի պատմությունը նույնքան բազմաշերտ է, որքան քաղաքակրթության պատմությունը Հայկական լեռնաշխարհում: Պատմական Աղթամար կղզին գտնվում է ափից ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին Գագիկ Արծրունու օրոք Վանի թագավորության ժամանակաշրջանում: Աղթամար կղզում անցկացրած ժամանակը անցնում է աննկատ: Այստեղ տեսնելու շատ բան կա ` հնագույն կառույցներ, գեղեցիկ համայնապատկերներ և արտասովոր բնություն:

«Երկնքում՝ դրախտ, երկրի վրա՝ Վան», – այսպես էին ժամանակին տեղի հայերն ասում իրենց քաղաքի մասին: Իսկ հայտնի անգլիացի ճանապարհորդ Լինչը, ով առաջին անգամ տեսավ ծաղկող Վանը, ասաց. «Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել»:

Միգուցե մի փոքր այլ կերպ, բայց Վանը դեռ ապրում է: Ինչպես և բոլոր ժամանակներում, այստեղ եղած յուրաքանչյուր մարդ անպայման համտեսում է Վանի տառեխը, որը դարձել է քաղաքի խորհրդանիշը: Այս ձուկը վաճառում են անմիջապես լճի ափին: Ձկնորսներն այն առաջարկում են կապոցներով, իսկ հրաժարվելը պարզապես անհնար է: Որպեսզի ընդգծեն այս ձկան կարևորությունը Վանի համար, քաղաքային իշխանությունները նրա համար նույնիսկ հուշարձան են կանգնեցրել:

Վանն ունի նաև իր հիմնական ցամաքային խորհրդանիշը ՝ Վանա կատուն:

Ասում են, որ այս աշխարհահռչակ ընտանի կատուների ցեղատեսակը շատ յուրահատուկ է: Գուցե այն պատճառով, որ, ի տարբերություն կատուների այլ ցեղատեսակների, նա չի վախենում ջրից, լավ լողում է և նույնիսկ ձուկ որսում ջրի տակ: Ասում են նաև, որ այս կատուներն կարողանում են բուժել մարդկանց: Ոմանք նրանց վերագրում են նաև կախարդական ունակություններ՝ դժբախտություններից զերծ պահելու, անմաքուր ուժերը քշելու և հաջողություն գրավելու տեսանկյունից: Եվ այս ամենը շնորհիվ այս զարմանահրաշ արարածների տարբեր գույնի աչքերի՝ վառ դեղին և կապույտ ծիածանաթաղանթներով:

Վանի շրջակայքում զբոսաշրջային վայրերն անթիվ են: Ուստի ամբողջ աշխարհից եկող զբոսաշրջիկների հոսքը չի դադարում: