2019 թվականի օգոստոսի 15-ը սովորականի պես օր էր: «Ուրալյան ավիաուղիների» Airbus А321 ուղևորատար ինքնաթիռը Ժուկովսկու օդանավակայանից իր հերթական թռիչքն էր իրականացնում։ Եղանակը թռիչքային էր: Օդանավում կար 234 մարդ, որից 7-ը անձնակազմի անդամներն էին:

Մի քանի րոպեից նրանք հերոսներ կդառնաին, բայց այդ մասին ոչինչ չգիտեին …

Թռչունների երամների հետ ինքնաթիռների բախումը այնքան էլ հաճախ երևույթ չէ, բայց, ցավոք, խուսափել դրանից շատ դժվար է: Օդանավակայաններում հորինում են թռչուններին խրտնեցնելու և նրանցից պաշտպանվելու տարբեր համակարգեր, բայց դրանք միշտ չէ, որ օգնում են խուսափել աղետից:

Օդ բարձրանալուց ընդամենը մի քանի րոպե անց ուղևորներն ուժեղ ցնցումներ են զգում, իսկ մի քանի վայրկյան անց` ծխի հոտ: Ճչոցները ու խուճապը ինքնաթիռներում ցանկացած արտառոց իրավիճակի անխուսափելի ուղեկիցներն են:

Իսկ տեղի է ունեցել հետևյալը: Airbus А321 օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա – Սիմֆերոպոլ չվերթը, արդեն իսկ օդ բարձրանալիս բախվել է որորների հսկայական երամի հետ, որոնք ընկել են շարժիչի մեջ և նպաստել բռնկմանը։ Փորձառու օդաչուները մի քանի վայրկյանի ընթացքում ստիպված են եղել կայացնել միակ ճիշտ որոշումը:

Առջևում եգիպտացորենի դաշտն էր: Լի բաքերով «փորի» վրա ինքնաթիռը կարող են իջեցնել միայն ամենաբարձր որակավորմամբ Վարպետները։ Եվ օդաչուները հաջողությամբ իրագործեցին դա։ Ոչ մի ուղևոր կամ անձնակազմի անդամ չի տուժել: Քերծվածքները և կապտուկները պարզապես ոչինչ են, եթե հաշվի առնենք, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե օդաչուները իրական հերոսություն չդրսևորեին: Ուղևորներին տարհանել են փչովի թեքահարթակներով: Airbus A321 ինքնաթիռի ամբողջ անձնակազմի փայլուն կատարած աշխատանքը օգնեց խուսափել ողբերգությունից:

Օդաչու Դամիր Յուսուպովը, որը նստեցրել է լի բաքերով ինքնաթիռը  եգիպտացորենի դաշտում:

23 մարդ հոսպիտալացվել է, որից 9-ը երեխաներ են: Մի քանի ժամ անց բոլորին (բացառությամբ մեկ ուղևորուհու) թույլատրել են տուն գնալ:

Ահա հերոսների անունները. Դամիր Յուսուպով, Գեորգի Մուրզին, Airbus A321- ի բորտուղեկցորդների թիմը `Դմիտրի Իվլիցկի, Յանա Յագոդինա, Ալիա Սլյակաևա, Նադեժդա Վերշինինա և Դմիտրի Գոնչարենկո:

Արևմտյան ԶԼՄ-ներն եգիպտացորենի դաշտում ինքնաթիռի արտակարգ վայրէջքը անվանել են «Գուդզոնի հրաշք» ռուսական տարբերակով: