Վերջերս Վիետնամը և մասնավորապես Նյաչանգը դարձել են պահանջված ուղղություն զբոսաշրջիկների շրջանում: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով.

  • անսահման ավազային լողափեր, որոնք գրավում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից,
  • տպավորիչ էկզոտիկ տեսարաններ,
  • մեղմ կլիմա ՝ առանց ջերմաստիճանի կտրուկ տատանումների,
  • բազմաթիվ ճարտարապետա – պատմական հուշարձաններ, որոնք գրավում են պատմության սիրահարներին,
  • աշխույժ գիշերային կյանք` սրճարաններ, ռեստորաններ, բազմաթիվ զվարճանքի վայրեր,
  • մատչելի գներ:

Ստորև  կպատմենք Նյաչանգի մի քանի տեսարժան վայրերի մասին, որոնք զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում:

Ճոպանուղի

Նյաչանգում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը ձգվում է ծովի վրայով՝ տանելով դեպի Vinpearl Land զվարճանքների այգի, որը տեղակայված է Հոն Չե կղզում: Ֆունիկուլյորի ընդհանուր երկարությունը 3300 մ է, իսկ ծովի մակարդակից բարձրությունը ՝ 70 մ: Գիշերային ժամերին ճոպանուղուն  աջակցող ինը սյուները գեղեցիկ ձևով լուսավորվում են: Թվում է, թե դրանք սավառնում են ալիքների վրայով:

Ի դեպ, ճոպանուղու երկկողմանի տոմսով հնարավորություն ունեք մուտք գործելու նաև զվարճանքների այգի, որտեղ կարող եք զբոսնել ճերմակ լողափերի երկայնքով, այցելել ակվապարկ, օգտվել տարբեր ատրակցիոններից: Եթե վախենում եք բարձրությունից և չեք ուզում ճոպանուղի նստել, ապա կղզի կարող եք հասնել այլ ճանապարհով: Vinpearl զվարճանքների այգի Ձեզ կտանի մոտորանավակը, սակայն նման ուղևորությունը ավելի թանկ արժե:

«Amigos» դայվինգկենտրոն

Նյաչանգում դայվինգի սիրահարների համար կան հիանալի վայրեր, որոնք, որպես կանոն, գտնվում են մոտակա կղզիների շրջակայքում: Մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը  լավագույնն է դայվինգի համար: Բայց սա չի նշանակում, որ տարվա մյուս ամիսներին հնարավոր չէ զբաղվել դայվինգով: «Amigos» դայվինգ-կենտրոնը տրամադրում է բոլոր անհրաժեշտ պարագաները, կարող եք օգտվել նաև դայվինգի հրահանգիչների ծառայություններից:

Սուրբ Սոֆիայի մայր տաճար

Տաճարը հանդիսանում է Նյաչանգի ճարտարապետական կարևոր արժեք, որը կառուցվել է գոթական ոճով: Տաճարը լավ տեսանելի է շրջակա տարածքներից , քանի որ այն գտնվում է բարձր բլրի վրա: Հիսուսի և Մարիամ Աստվածածնի արձանները տեղադրված են քաղաքի գլխավոր կաթոլիկ եկեղեցու մուտքի մոտ: Ներկայումս տաճարը տեղի եպիսկոպոսի հիմնական նստավայրն է:

Պո Նագար աշտարակներ

Կու-Լաո լեռան գագաթին, որտեղից բացվում է ողջ Նյաչանգի անհավանական համայնապատկերը, միջնադարում կառուցվել են Պո Նագար աշտարակները: Տաճարա-աշտարակային համալիրը երեք մակարդակից է բաղկացած, իսկ ամենաբարձր աշտարակը 25 մետր է կազմում: Այս բուդդայական շինությունները շատ լավ են պահպանված և դժվար է հավատալ, որ դրանք այդքան հին են: Այստեղ ամեն տարի անցկացվում է երկօրյա կրոնական փառատոն, որին մասնակցում են ոչ միայն վիետնամցիները, այլև տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկները:

Տեղեկացնենք, որ Նյաչանգում չեք կարող ավտոմեքենա վարձակալել, եթե չունեք վիետնամական անձնագիր: Բայց դրա փոխարեն առաջարկվում է վարձակալել մեքենան վարորդով։