Հանրապետությունում բժշկական ավիացիայի ստեղծման առաջին քայլերը  ձեռնարկվել են 2011 թվականին, երբ Հայաստանի ազգային ավիացիոն ասոցիացիան ստեղծեց SKY NET ավիաընկերությունը: Բազայում հայտնվեց անգլիական արտադրության Jet Stream-32 երկշարժիչանի 19 տեղանոց օդանավը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ավիաընկերության տնօրեն Գրիգոր Վարդանյանը:

2013 թ. նոյեմբերի 14-ին ավիաընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանում սկսել է մատուցել  ծառայություններ ավիատուրիզմի, գործարար և բժկական ավիացիայի բնագավառներում և պրեզենտացիայի ընթացքում ինքնաթիռը կատարեց իր առաջին թռիչքը:  Սակայն սրանով բժշկական ավիացիայի ստեղծման  փորձերը ավարտվեցին անարդյունք:

Ինչպես պարզվեց, ինքնաթիռը ոչ ամբողջովին էր պատրաստ թռիչքի: Ավիաընկերությանը հայտնի հայ բարեգործի կողմից նվիրաբերած ինքնաթիռի տեխնիկական վիճակը պատշաճ մակարդակի չէր: Օդանավը ձեռք էր բերվել Նոր Զելանդիայի ավիաընկերություններից մեկից: Սակայն ինքնաթիռի տեխնիկական վիճակի ստուգումը պատշաճ կերպով չէր իրականացվել: Ավելի ուշ հայտնաբերվեցին դեֆեկտներ և նույնիսկ մի քանի ագրեգատների բացակայությունը: Բացի այդ, կային մեծ «բացեր» ինքնաթիռի պահպանման և տեխնիկական դոկումենտացիայի կազմման ուղղությամբ:

Վաճառողի հետ երկար տարիների ապարդյուն բանակցությունների ընթացքում ինքնաթիռը հասցրեց «ծերանալ»: Անհրաժեշտ էր փոխել շասսին և այլ ագրեգատներ: Վերանորոգման համար անհրաժեշտ էր 400 հազար եվրո: Այդ ժամանակ ավիաընկերությունը չէր կարող իրեն նման ծախս թույլ տալ: Պլանավորվում էր վերադարձնել ինքնաթիռը նվիրատուին: Օդանավի հետագա ճակատագիրը անհայտ է:

Եվ ահա, տարիներ անց, բարի լուր ունենք: 2019 թ. փետրվարի 14-ին մամուլում հայտնվեց հայտարարություն այն մասին, որը  Հայաստանը ձեռք է բերել բժշկական ավիացիայի առաջին ուղղաթիռը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը. «Լավ լուրեր Մարսելից։ Այսօր Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում» ։

2018 թվականին Հայաստանում ստեղծված Armenian Helicopters ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել թռիչքներ նոր ուղղաթիռով: Ընկերությանը տրամադրվել է օդանավերի շահագործման վկայագիր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: