Նորվեգիան ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի առաջատար երկրներից է: Այն նաև ամենաթանկ երկրներից մեկն է ինչպես զբոսաշրջության, այնպես էլ բնակության համար: Օսլոն պետության մայրաքաղաքն է:

Կար ժամանակ, երբ Նորվեգիան այնքան հարուստ ու բարգավաճ չէր, որքան հիմա: Երկիրը եղել է և՛ Դանիայի, և՛ Շվեդիայի կազմում: Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ: Անցյալ դարի 50-ական թվականներին իրավիճակը սկսեց բարելավվել, սակայն Նորվեգիան, միևնույնն է, նկատելիորեն հետ էր մնում հարևան պետություններից: Ամեն ինչ փոխվեց 60-ականների վերջին, երբ հայտնաբերվեց նավթի խոշոր հանքավայր: Հետո բացվեցին ևս մի քանի հանքավայրեր: Այսօր Նորվեգիան նավթի և գազի խոշորագույն արտահանողներից մեկն է Եվրոպայում:

Բավական է մի քիչ հեռանալ մայրաքաղաքից, և հայտնվում ես այն վայրերում, որոնցից շունչդ կտրվում է:

Նորվեգիայում հսկայական քանակությամբ գետեր ու լճեր կան, և շատերն ունեն իրենց նավակները: Նորվեգացիները բավականին նավարկող ազգ են: Ուստի, գրեթե բոլոր կղզիներն ու կղզյակները օգտագործվում են:

Երկիրը հայտնի է իր ձկներով: Նորվեգիան թիվ մեկ երկիրն է սաղմոնի արտադրությամբ, որին մեծացնում են հատուկ ֆերմաներում: Համապատասխանաբար այստեղ կան լավ ռեստորաններ: Օրինակ, Under ռեստորանը Եվրոպայում առաջին ստորջրյա ռեստորանն է:

Ռեստորանը նախագծվել է այնպես, որ ժամանակի ընթացքում ամբողջությամբ ինտեգրվի ծովային միջավայրին: Սա Նորվեգիայի ճարտարապետական հրաշալիքներից մեկն է: Այս ռեստորանում հայտնվելն այնքան էլ հեշտ չէ, սեղանները պատվիրվում են մի քանի ամիս առաջ: Բացումից ընդամենը տասը ամիս անց ռեստորանը ստացել է բազմաթիվ ճարտարապետական պարգևներ և միշլենյան աստղ: Այստեղ կա գրեթե 500քմ տարածք և 40 նստատեղ, որը Under-ը դարձնում է աշխարհի ամենամեծ ստորջրյա ռեստորանը և, հավանաբար, ամենագեղեցիկը: Ռեստորանը մասնագիտացած է տեղական բարձրորակ ծովամթերքի մեջ:

Նորվեգիան հայտնի է իր ֆյորդերով. դրանք այստեղ հազարից ավելի են: Ֆյորդը նորվեգական բառ է, որը նշանակում է ժայռոտ ափերով նեղ ու երկար ծովածոց:

Եթե ​​նայենք Նորվեգիայի քարտեզին, ապա կտեսնենք, որ այն ամբողջությամբ կտրտված է այս ծովածոցերով, որի պատճառով երկրի ափամերձ գիծը ամենամեծերից մեկն է աշխարհում: Ֆյորդերը ձևավորվել են սառցե դարաշրջանի ժամանակներում: Բնապատկերների գեղեցկությունը պարզապես ապշեցնում է:

Նորվեգիայում, ինչպես և Շվեյցարիայում, կան զբոսաշրջային գնացքներ, որոնք անցնում են գեղատեսիլ երթուղիներով: