Աշխարհի հիասքանչ քաղաքներից մեկը՝ Վենետիկ: Նա, ինչպես հին հունական դիցաբանությունից Սիրեն լինի, որի կախարդանքին ուզում ես պարզապես ենթարկվել:

Վենետիկն այլ աշխարհ է: Կախարդական մի վայր, որտեղ ծովը վերածվում է ափի, ջրանցքները ծառայում են որպես փողոցներ, իսկ նավակները՝ որպես մեքենաներ: Այստեղ միախառնվել են իրականությունն ու երևակայությունը: Երբ թափառում եք վենետիկյան խուլ նրբանցքներով, ասես պարուրում է կախարդանքը: Հմայիչ, խորհրդավոր Վենետիկ:

Թվում է, թե փայտե ցցագերանների վրա կառուցված քաղաքի գոյությունն իմաստ չունի: Ցամաքի և ջրի խայտաբղետ խառնուրդ: Այնուամենայնիվ, այս ջրային աշխարհը ժամանակին կայսրություն էր, որը զարգացավ, ամրապնդվեց և հարստացավ ութ հարյուր տարվա ընթացքում: 10-ից մինչև 17-րդ դարը Վենետիկը դարպաս էր ծառայում դեպի Արևելք: Այստեղ էին հավաքվում վաճառականներ ամբողջ աշխարհից, իսկ քաղաքի դարպասը հենց Պիացցա Սան Մարկոն էր: Այսօր այն աշխարհի ամենահայտնի հրապարակն է:

Պիացցա Սան Մարկոյում աղավնիները կարծես ավելի շատեն, քան զբոսաշրջիկները: Ասում են, որ սրանք այն թռչունների սերունդներն են, որոնց դոժը (հանրապետության ղեկավար միջնադարյան Վենետիկում և Ջենովայում) արձակել է Արմավենու կիրակի օրը:

Պիացցայի իրական գանձը Սուրբ Մարկոսի տաճարն է: Ի տարբերություն Իտալիայի այլ տաճարների, այս շինությունը կարծես հեքիաթից լինի: Մոտ մ.թ. 800 թ.-ին վենետիկցիները սուրբ պաշտպան էին փնտրում իրենց քաղաքի համար: Մի քանի վաճառականներ Ալեքսանդրիայից գողացան Սուրբ Մարկոսի մասունքները: Նրանք սուրբ մասունքները թաքցրեցին խոզի մսի զամբյուղի մեջ, որպեսզի մուսուլման մաքսավորները ստուգման ընթացքում չգտնեն դրանք:

Պարզվեց, որ Սուրբ Մարկոսը հաջող ուղեկից է: Նա փոթորկի ժամանակ արթնացրեց քնած անձնակազմին ՝ այդպիսով կանխելով նավի կործանումը: Երկարատև թափառումներից վերադառձած վաճառականները միշտ այցելում էին բազիլիկան՝ ճանապարհորդություններից բերված զարդեր կամ արվեստի առարկաներ մատուցելու պաշտպան սրբին: Երբ լույսերը միացնում են Սան Մարկոյի ներսում, խճանկարները սկսում են շողշողալ:

Ավելի լավ է կանգ առնել բազիլիկայի մոտ և պարզել, թե երբ են միացնում լույսերը: Սան Մարկոյից քաղաք կարելի է հասնել Մեծ Ջրանցքի (Canal Grande) միջոցով `օգտվելով վապորետտոյից:

Եթե ​​Սան Մարկոն դիտարկենք որպես Վենետիկի յուրահատուկ ընդունարանի մի տեսակ, ապա Մեծ ջրանցքը կարելի է ներկայացնել որպես կենտրոնական պողոտա: Ջրանցքի կողմերում վեր են խոյանում պալատներ, ինչպես երևակայությունների երկրի միջնաբերդեր:

Խորամանկ ու նախաձեռնող վենետիկցի վաճառականներին հաջողվեց հսկայական կարողություններ կուտակել: Պալատները նրանց համար որպես տուն էին ծառայում: Մեծահարուստ ընտանիքները պարծենում էին մեկը մյուսի առջև իրենց հարստությամբ: Այդ պատճառով ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք կարգավորում էին ծախսերը: Իշխանությունները կարգադրեցին, որպեսզի բոլոր գոնդոլները սև ներկեն։ Պալատների չափից ավելի զարդարանքը հայտարարվեց օրենքից դուրս: Սահմանափակումներ դրվեցին նաև կանանց զգեստների երկայնափեշի վրա: Բայց վենետիկուհիները արագ ելք գտան: Կանայք սկսեցին բարձր պլատֆորմայով կոշիկներ հագնել, որպեսզի այդպիսով իրավունք ունենան երկարացնել զգեստը: Կոշիկներն այնքան բարձր էին, որ կանայք առանց ուղեկցորդների չէին կարող տեղաշարժվել:

Ռիալտոյի կամուրջը Վենետիկի կենտրոնն է, նրա առևտրային թաղամասը, քաղաքի հենց սիրտը:

Իր ծաղկման շրջանում ամբողջ աշխարհի վաճառականները հանդիպում, բանակցում և առևտրային գործարքներ էին կնքում Ռիալտոյի կամրջի վրա:

Անմիջապես կամրջի ետևում ՝ գետի արևմտյան ափին, կան ձկների և բանջարեղենի շուկաներ: Այստեղ արդեն հազար տարի է, ինչ առևտուր են անում: