Բավարիան հպարտ է, աշխույժ, ահեղ ու ֆանտաստիկ: Հարավային Գերմանիա – ալպյան գեղեցկության պարտեզ և համաշխարհային մակարդակի գարեջուր:

Արտասովոր ամրոցներով և հմայիչ գյուղակներով զարդարված Բավարիան պարուրված է առեղծվածով: Գուցե դա այն պատճառով է, որ Հարավային Գերմանիայի այս հատվածը առանձին թագավորություն էր մինչև 1918 թվականը: Նրա բնիկ ժողովուրդն առաջին հերթին իրենց համարում են բավարացի, իսկ հետո միայն ՝ գերմանացի:

Մյունխենը՝ Բավարիայի ամենամեծ քաղաքն է, որն առատ է գարեջրով, խնդությամբ և ավանդույթներով: Այս քաղաքը լի է էներգիայով, որտեղ տեղացիներն իրենց ազատ ժամանակն անցկացնում են գարեջրի այգիներում, որտեղ խոսում են քաղաքականության ու արվեստի մասին գարեջրի գավաթի շուրջ։ Մյունխենը ամենասիրված արձակուրդային վայրն է հյուսիսային շրջաններից գերմանացիների շրջանում, որոնց գրավում է արևոտ Հարավի հանգիստ մթնոլորտը:

Այստեղ մինչ օրս շատ հաճախ կարող եք տեսնել  կաշվե տաբատներ, ապխտած երշիկեղեն և լայն կիսաշրջազգեստով ֆրեյլինների: Բայց Մյունխենը ունի  մեկ այլ կողմ ևս՝ ավելի խորունկ և նրբենի:

Ծաղկող քաղաքի կենտրոնը պարծենում է իր հոյակապ թանգարաններով և էլեգանտ ռեստորաններով: Բարձր տեխնոլոգիաների բնագավառում վերջին նվաճումներով Մյունխենը դարձել է նաև շատ առաջադեմ և ժամանակակից: Այսօր Մյունխենում կտեսնեք ժամանակակից կոսմոպոլիտական ​​ապրելակերպը՝ ավանդական բավարիական մշակույթի ֆոնին: Մարդիկ այստեղ քրտնաջան աշխատում են և նույն տեմպով էլ հանգստանում՝ վայելելով քաղաքի առաջարկած բոլոր ժամանցային ծրագրերը:

Մարիենպլաց հրապարակը 12-րդ դարից համարվում է Մյունխենի սիրտը: Դարեր շարունակ Մարիենպլացը այն կենտրոնն էր, որտեղ ֆերմերներն ու վաճառականները հավաքվում էին վաճառելու և գնելու համար:

«Մյունխեն» անվանումը գալիս է գերմանական Mönche («վանականներ») բառից: Եվ իսկապես այստեղ 8-րդ դարից վանք կար: Հենրիխ Առյուծը՝ Սաքսոնիայի հզոր դուքսը, 1158 թվականին այստեղ քաղաք հիմնեց և անվանեց այն ի պատիվ այստեղի առաջին վանականների անունով: Հաջորդ դարի ընթացքում Մյունխենը դարձավ Վիտելսբախ մեծ դինաստիայի տունը։ Այս ընտանիքը Բավարիայում իշխում էր մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջը:

Մյունխենի նոր քաղաքապետարանի վրա է տեղադրված լեգենդար Գլոկենշպիլ ժամացույցը:

Մարտնչող ​​ասպետների և պարող տակառագործերի ուղեկցությամբ օրական մի քանի անգամ հնչում են  Գլոկենշպիլ ժամացույցի 43 զանգերը: Մեխանիկական տիկնիկները ներկայացնում են տեսարաններ քաղաքի պատմությունից: Ըստ լեգենդի՝ հենց քաղաքի տակառագործներն էին իրենց երգերով ու պարերով մարդկանց դուրս բերում տներից, որպեսզի տոնեն ժանտախտի վախճանը:

Այսօր Մարիենպլացը քաղաքային հաղորդակցության հիմնական կենտրոնն է: Հենց այստեղ են միաձուլվում հետիոտնային հիմնական երթուղիները և քաղաքի տեսարժան վայրերը հեշտ հասանելի են այստեղից ՝ ոտքով կամ տրամվայով:

Մյունխենի հիանալի նստավայրը, որը պատկանում էր Վիտելսբախ դինաստիային, կառուցվել է 14-րդ դարից մինչև 19-րդ դարը:

Ի սկզբանե որոշվել էր կառուցել մեկ ամրոց, սակայն նրա տեղը հայտնվեց մի ամբողջ համալիր: Երբ Լյուդվիգ թագավորը վերադարձավ Հունաստան և Իտալիա յոթամսյա ճանապարհորդությունից հետո, նա այնքան էր հրապուրվել նրանց ճարտարապետությամբ, որ երդվեց Մյունխենը դարձնել նույնքան գեղեցիկ, որքան Աթենքն է:

Շինարարությունը Վիտելսբախների ընտանեկան ավանդույթն էր: 600 տարվա ընթացքում իրար հաջորդող սերունդները պալատների մի ամբողջ խումբ են ստեղծել,  որոնցում ընդհանուր հաշվով կա 130 սենյակ և յոթ բակ: Դրանցից մեկում կա ամբողջովին ծովային կենդանիների խեցիներից պատրաստված շատրվան, մինչդեռ գանձարանում են պահվում Եվրոպայի ամենակարևոր հավաքածուներից: Ոսկե, ջնարակով պատված առարկաները, փղոսկրից և բյուրեղապակուց փորագրված արձանիկները արտացոլում են Բավարիայի տիրակալների կոլեկցիոներության կիրքը:

Սուրբ Աստվածածնի տաճարը քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է:

Նրա գմբեթավոր աշտարակները, որոնք թվագրվում են 15-րդ դարին, դարձել են քաղաքի խորհրդանիշ: Տաճարի հատակին կարելի է տեսնել, այսպես կոչված, «սատանայի ոտնահետքը»:

Ըստ լեգենդի՝ ճարտարապետը պայմանագիր էր կնքել Սատանայի հետ` տաճարի շինարարությունն ավարտելու համար բավարար միջոցներ ստանալու նպատակով: Փոխարենը նա պետք է այն կառուցեր առանց պատուհանների: Երբ Սատանան մոտեցավ կառուցված տաճարին, նա համոզված էր, որ կվերցնի ճարտարապետի հոգին, քանի որ դրսից տաճարն շատ պատուհաններ ուներ: Բայց ներս մտնելով ՝ նա հայտնվեց մի կետում, որտեղից ոչ մի պատուհան չէր երևում: Կատաղելով ոտքը խփում է գետնին ու հեռանում, թողնելով իր հետքը նոր հատակի վրա: