Մինսկը Բելառուսի մայրաքաղաքն է: «Դեռ Եվրոպա չէ, բայց արդեն Ռուսաստան էլ չէ». մոտավորապես այսպես են զբոսաշրջիկները խոսում Մինսկի մասին:

Մինսկը Բելառուսի խոշորագույն քաղաքն է: Այն գտնվում է Սվիսլոչ գետի ափին: Բնակչությունը կազմում է մոտ 2 000 000 մարդ։

Մինսկը երկրի ամենախոշոր արդյունաբերական քաղաքն է: Այստեղ բազավորվել են մեծ թվով արդյունաբերական արտադրություններ. Մինսկի տրակտորային գործարան, Մինսկի շարժիչի գործարան, Մինսկի ատամնավոր շարժանիվների գործարան, Մինսկի էլեկտրատեխնիկական գործարան և այլն: Մինսկում լավ է զարգացած ՏՏ ոլորտը: Կան 939 ՏՏ ընկերություններ և գրեթե 40,000 ՏՏ մասնագետներ:

Մինսկի տրանսպորտային համակարգը նույնպես շատ լավ է զարգացած: Քաղաքի փողոցներում բոլոր ավտոբուսները, տրոլեյբուսներն ու տրամվայները տեղական արտադրության են: Բոլոր դպրոցականների համար ուղեվարձը անվճար է: Մինսկի մետրոն բաղկացած է երկու գծից՝ 29 կայարաններով:

Մինսկը երիտասարդական քաղաք է: Այստեղ մոտ երեսուն ԲՈՒՀ կա, որտեղ սովորում է 223,000 ուսանող:

Մինսկի բնակիչները բարյացակամ են: Այստեղ հետիոտներին միշտ ճանապարհ են տալիս: Այն, ինչ իսկապես շատ է Մինսկում, դա հեծանվային արահետներն են: Դրանք կան ինչպես այգիներում, այնպես էլ քաղաքի կենտրոնում:

Մինսկը կանաչ քաղաք է: Այստեղ կան 26 զբոսայգիներ, բազմաթիվ պուրակներ և բուլվարներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2000 հեկտար:

Մինսկի շրջանների մեծ մասում շատ մաքուր է: Կենտրոնը պարբերաբար մաքրվում է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մինսկը կիսով չափ ավերվել է: Այդ իսկ պատճառով այն վերականգնել են՝ հաշվի առնելով ավտոմեքենաները, ի տարբերություն այն քաղաքների, որտեղ կառուցապատումը տեղի է ունեցել դեռևս կենդանաքաշ սայլերի ժամանակ։ Հենց այս պատճառով է քաղաքին հաջողվել լայն ճանապարհներ ունենալ: Խցանումներն այստեղ չափազանց հազվադեպ են լինում: Մինսկի մի հատվածից մյուսը կարելի է անցնել ընդամենը երեսուն րոպեում և քաղաքից դուրս գալու հետ կապված խնդիրներ չկան:

Եթե հավատանք վիճակագրությանը, ապա հանցավորության մակարդակը տարեկան նվազում է 6-8 %-ով: Մինսկը ճանաչվել է ԱՊՀ -ի ամենաանվտանգ քաղաքը:

Վերջին տարիներին քաղաք են գալիս խոշոր հյուրանոցային ցանցեր։ Ինչու՞ են մարդիկ գնում Մինսկ: Առաջին հերթին հետաքրքրասիրությունից և նաև ընկերների գովասանական արձագանքները լսելով: Ի՞նչ է կարելի տեսնել Մինսկում: Քաղաքի վրա հիանալի տեսարան է բացվում «Բելառուս» հյուրանոցի դիտահարթակից: Արժե այցելել Ազգային գրադարան, որտեղ նույնպես կա դիտահարթակ: Նրանց, ում գրավում է խորհրդային ճարտարապետությունը, կարող են զբոսնել Անկախության պողոտայով, որը հատում է Մինսկը հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք: Պողոտան մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկն է: Այստեղ է գտնվում Եվրոպայի խոշորագույն հրապարակներից մեկը՝ Անկախության հրապարակը:

Հրապարակում տեղակայված են Կառավարության տունը, Մանկավարժական համալսարանի շենքը և Կարմիր եկեղեցին:

Արժե զբոսնել Երրորդության արվարձանով, որտեղ երեկոյան նվագում են փողոցային երաժիշտները՝ ստեղծելով կախարդիչ մթնոլորտ: