Բորտուղեկցորդուհու մասնագիտությունը ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ Գեղեցիկ թռիչքային համազգեստով փխրուն, սիրունադեմ և բարեկազմ աղջիկները, որոնց մենք սովոր ենք տեսնել ինքնաթիռների սրահներում, նրանք մատուցողուհի չեն: Բորտուղեկցորդուհին պատասխանատու է շատ բաների համար, և հատկապես օդանավի ուղևորների անվտանգության և հարմարավետության համար:

Հաճախ մասնագիտությունը փոխանցվում է «ժառանգաբար»։ Օրինակ, հավանականությունը մեծ է, որ բորտուղեկցորդուհու աղջիկը մի հրաշալի օր կհայտարարի «Մայրիկ, ես բորտուղեկցորդուհի եմ լինելու»։  Հավանաբար, սերը դեպի երկինք դրված է գեների մեջ։ Այլապես դժվար է բացատրել անձնվիրությունը մասնագիտությանը, որը պահանջում է ուժ, համբերություն, բարձր կարգապահություն և պատասխանատվություն։

Մի քանի օրինակ բորտուղեկցորդուհիների բարդ, բայց հագեցած կյանքից։

Աղջնակին անվանել են իմ անունով

Հայ բորտուղեկցորդուհին հիշում է, թե ինչպես մի օր ինքնաթիռում ընտանեկան զույգ էր թռչում։  Կինը հղի էր։ Ինչպես հետո պարզվեց, ամուսինը կնոջը տանում Էր Փարիզ, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր անբուժելի ուռուցք։  Նա հույս ուներ փրկել գոնե երեխայի կյանքը։

10 տարի անց, ինքնաթիռ է բարձրանում մի տղամարդ  տասը տարեկան դստեր հետ։  Նա ճանաչեց բորտուղեկցորդուհուն։ Պատմեց, որ կնոջը փրկել չհաջողվեց։ Ծնվեց հիանալի մի աղջնակ, որին անվանել են Լիլիթ ՝ բորտուղեկցորդուհու պատվին, ով ջանք չէր խնայում զույգին թռիչքի ժամանակ աջակցելու համար։

Թռիչքի ժամանակ լինում են նաև հետաքրքրաշարժ դեպքեր

Մի անգամ ինքնաթիռ է բարձրանում հայտնի մի հայ երգիչ, ով մանկուց տառապում էր աէրոֆոբիայով։  Բորտուղեկցորդուհին անմիջապես հասկանում է ուղևորի ծանր ապրումները, որը ցնցվում էր, կպել էր բազկաթոռին, դեռ թռիչքից առաջ ծածկվել էր սառը քրտինքով, իսկ աչքերում վախ էր:

Բորտուղեկցորդուհին չկորցրեց իրեն, և հանգիստ բարեհամբույր ձայնով առաջարկեց անցնել սրահի խոհանոց: Սկսեց խոսեցնելով շեղել ուղևորին թռիչքից։ Նրան առաջարկեց մի բաժակ սուրճ, իսկ հետո խնդրեց միկրոֆոնով կարդալ թռչող ուղևորների համար նախատեսված ստանդարտ տեղեկատվությունը։ Երգիչն այնքան էր տարվել պրոցեսով, որ բոլորովին մոռացել էր իր վախի մասին, հանգստացել և կյանքում առաջին անգամ հաճույք ստացել թռիչքից։

Ի՞սկ ամուսինը չի խանդում

Բորտուղեկցորդուհիներին հաճախ են հարցեր տալիս։ Երբեմն բարդ, երբեմն մասնագիտական, բայց առավել հաճախ զվարճալի և անսպասելի.

– Ի՞սկ Ձեր ամուսինը չի խանդում։

– Ո՞ր ուղևորներն են ամենից շատ ազդում Ձեր նյարդերի վրա:

– Ինչու՞ ենք մենք բոլորս շոգում, իսկ դուք՝ ոչ։

– Հոգնեցնող չէ՞ ամբողջ թռիչքի ընթացքում ժպտալը։

«Դժվար է լինում, երբեմն ՝ էքստրիմային, բայց միշտ ուրախ է ու զվարճալի, չէ որ շուրջը այդքան նոր ու տարբեր մարդիկ են», – այսպես են իրենց մասնագիտության մասին արտահայտվում բորտուղեկցորդուհիները։