Հայաստանի քաղաքացիական ավիացիան ստեղծվել է դեռևս 1933 թ.-ի սեպտեմբերի 30-ին ՝ այսօրվա Էրեբունի օդանավակայանի բազայի հիման վրա: Ամեն ինչ սկսվեց մեկ տեղանոց Պո-2-ից, իսկ այսօր արդեն թռիչքներ են իրականացնում 350 տեղանոց Իլ-86-երը: Հանրապետության ավիացիայի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ալեքսանդրի Աբաշյանը:

Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո հեշտ ժամանակներ չէին  ավիացայի համար։ Երկինքը բաց էր օտար երկրների համար: Հայաստանի օդային տարածքը նրանց զգալի եկամուտ բերեց: Եվ այս ամենը ծանր քաղաքական իրավիճակի ֆոնին: Բայց քաղաքականությունը մեր ոլորտը չէ և դրանից չենք պատրաստվում խոսել։

Հոդվածում մենք կպատմենք հռչակավոր փորձարկող օդաչու, Ռուսաստանի Դաշնության հերոս, «Ժողովուրդների բարեկամության» և «Քաջության համար» շքանշանների դափնեկիր Ռուբեն Թաթևոսի Եսայանի մասին:

60-ականներին օդաչուական ուսումնարանը ավարտելուց հետո Եսայանը սկսեց իր մասնագիտական կարիերան Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությունում: Օդաչուի հմտությունները հղկվել են երկար տարիների ընթացքում: Միայն համառության և հաստատակամության, իր սիրելի գործին լիակատար նվիրվածության շնորհիվ Ռուբեն Եսայանը կարողացավ անցնել երկրորդ օդաչուից մինչև ԻԼ-18, ՏՈւ-134 և ՏՈւ-154 ինքնաթիռների անձնակազմի հրամանատարի դժվարին ճանապարհը, իսկ մի քիչ ավելի ուշ դարձավ Քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչուական-շտուրմանական բաժնի պետ:

Բայց Ռուբենը երազում էր փորձարկել ինքնաթիռների նոր մոդելներ: 70-ականներին Եսայանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ իրականացավ իր երազանքը և նա դարձավ փորձարկող օդաչու: Օդաչուի վարպետությունն ու դիմացկունությունը փորձարկվել են մեկից ավելի անգամ ՝ չափազանց դժվարին և կրիտիկական իրավիճակներում:

Այսպես, օրինակ, 1974-ի ապրիլին, երբ Եսայանը թռիչք էր իրականացնում Ան -12 ինքնաթիռով, հանկարծակի հրդեհ բռնկվեց շարժիչներից մեկում: Հրամանատարը իրեն չկորցրեց և բարեհաջող կերպով վայրէջք կատարեց Քիշնևում: Այս սխրանքի մասին գրել են շատ թերթեր: Մասնավորապես, «Քաղաքացիական ավիացիա» ամսագիրը առանձնահատուկ կերպով է անդրադարձել օդաչուի անթերի աշխատանքին և անձնակազմի հստակ գործողություններին:

1980 թ.-ին Ռուբեն Եսայանը գործուղման էր մեկնել Անգոլա: Նա Յակ-40 անձնակազմի հրամանատարն էր, որը սպասարկում էր երկրի պաշտպանության նախարարին: Հերթական թռիչքներից մեկի ժամանակ ինքնաթիռը հայտնվում է մարտական գործողությունների գոտում և խոցվում թշնամու կողմից: Ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում և կորցնում կառավարումը: Բայց Եսայանի վարպետությունն ու ինքնատիրապետումն այս անգամ ևս անձնակազմին և բարձրաստիճան պաշտոնյային փրկեցին անխուսափելի մահից: Ինքնաթիռը ապահով վայրէջք կատարեց: Ոչ ոք չտուժեց:

2001 թ.-ին օդաչուի նախաձեռնությամբ վերսկսվեցին ռուսական ինքնաթիռների թռիչքները Հարավային բևեռ՝ Անտարկտիդայի Նովոլազերևսկայի կայան։

 

Օդաչուի հաշվին կան անհամար սխրանքներ: Նա կատարել է ոչ միայն վթարային վայրէջքներ, այլև մասնակցել ավելի բարդ օպերացիաներին: 2011 թ.-ին Եսայանի կողմից ղեկավարվող ՏՈւ-154 ուղևորատար ինքնաթիռում ամբողջությամբ անջատվել էր էլեկտրականությունը: Հրամանատարը չկորցրեց ինքնատիրապետումը: Այդ օրվա գերազանց տեսանելիության շնորհիվ հնարավոր եղավ գտնել մի լքված օդանավակայանի կարճ թռիչքուղին: Ոսկերչական ճշգրտությամբ ինքնաթիռը վայրէջք կատարեց ՝ ճանապարհին տապալելով մի քանի ծառ: Բոլորը փրկվեցին: Բայց Եսայանը կրկին ստիպված էր օդ բարձրացնել վնասված ինքնաթիռը և այն հասցնել վերանորոգման վայր:

Ռուսաստանում աշխատելու ընթացքում չի խզել կապերը հայ գործընկերների հետ: Նա գալիս էր Երևան աշխատանքի բերումով և արձակուրդի ժամանակ։  Թռիչքային անձնակազմի հետ հանդիպումների ժամանակ կիսվում էր իր փորձով, խորհուրդներ տալիս և օգնում տարբեր հարցերով:

Ռուբենի կենսագրության մեջ կա ևս մեկ ռեկորդային տող: Ռուբենը միակ օդաչուն է, ով 67 տարեկան հասակում թույլտվություն ստացավ իրականացնել վտանգավոր թռիչքներ: Այժմ հռչակավոր օդաչուն թոշակի է անցել: