Երկիր մոլորակը զարմացնում է իր ստեղծագործությունների բազմազանությամբ: Դրանց մասին կարելի է շատ երկար խոսել, բայց ավելի լավ է մեկ անգամ սեփական աչքերով տեսնել այս ամենը: Գեղեցիկ, անսովոր և խորհրդավոր վայրերի թիվն անհաշվելի է: Բայց կխոսենք իրենց գեղեցկությամբ, յուրօրինակությամբ հայտնի և առավել ջրառատ ջրվեժների մասին:

 

Նիագարայի ջրվեժը

Նիագարայի ջրվեժը համարվում է ամենահետաքրքիրներից մեկը աշխարհում: Իրականում, սա ոչ թե մեկ, այլ երեք ջրվեժ է իրենից ներկայացնում, որոնք իրարից շատ հեռու չեն տեղակայված և ժամանակի ընթացքում միավորվել են հողի էրոզիայի պատճառով: Սա աշխարհի ամենալայն ջրվեժներից մեկն է: Այն առաջացել է մոտ 12000 տարի առաջ վերջին սառցե դարաշրջանի ավարտին:

Նիագարայի ջրվեժի լայնությունը կազմում է մոտ 1200 մետր: Իր գոյության ողջ ընթացքում այն ​​իր ելակետից տեղաշարժվել է 12 կիլոմետր, քանի որ ամեն տարի այն մեկ մետրով ետ է քաշվում: Ջրի մեջ մեծ քանակությամբ աղերի պարունակության, իսկ հողում թերթաքարային կրաքարերի պատճառով ջուրը կանաչ է թվում:

Ջրվեժը ամենաբարձրներից չէ: Նիագարայի ջրերը ներքև են թափվում ընդամենը 53 մետր բարձրությունից: Այնուամենայնիվ, Նիագարան մեր մոլորակի ամենահզոր և ամենաշատ այցելվող ջրվեժներից մեկն է: Ամեն տարի շուրջ 25 միլիոն մարդ է գալիս այստեղ հիանալու բնության գեղեցկությամբ:

Ջրվեժից ստացած տպավորություններն անմոռանալի են, իսկ թափվող ջրի շառաչյունը լսվում է մի քանի կիլոմետրից: Ջրվեժի մոտ զրուցակցին լսելը պարզապես անհնար է: Ջրվեժի անունը, հավանաբար, վերցվել է հնդկացիների բառապաշարից և թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»:

Նիագարայի ջրվեժը շատ հազվադեպ է սառչում: Նման բան տեղի է ունեցել մի քանի անգամ ՝ 1848 և 1912 թվականներին, իսկ վերջինը ՝ 2014 թվականին: Ամերիկայի խմելու ջրի մոտ 25% -ը հոսում է Նիագարայով:

 

Վիկտորիա ջրվեժ

Հարավաֆրիկյան Զամբիա և Զիմբաբվե երկրների սահմանին է գտնվում աշխարհի ամենահայտնի ջրվեժներից մեկը՝ Վիկտորիան: Սա մեր մոլորակի միակ ջրվեժն է, որը միաժամանակ ունի ավելի քան 100 մետր բարձրություն և ավելի քան մեկ կիլոմետր լայնություն, ինչը նույնիսկ ավելին է, քան Նիագարայի լայնությունը: Վիկտորիան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ջրվեժի գեղեցկությունը, հզորությունն ու նրբագեղությունը ոչ մի վայրկյան չեն դադարում, իսկ թափվող ջրի ձայնը լսվում է նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում եք նրանից շատ մեծ հեռավորության վրա: Հոսքը բաժանվում է բազմաթիվ առանձին շիթերի, որոնք այնուհետև միահյուսվում են իրար:

Գարնանը ջրվեժն ավելի ջրառատ է, իսկ երկարատև երաշտների ժամանակ այն դառնում է ավելի հանգիստ: Զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիրը «սատանայի կնքավազան»-ն է ու «եռացող կաթսա»-ն:

 

Իգուասու ջրվեժը

Իգուասու ջրվեժը աշխարհի յոթ հրաշալիքների շարքում է: Գտնվում է երեք պետությունների՝ Բրազիլիայի, Արգենտինայի և Պարագվայի սահմանին: Սանդղավոր ջրվեժի գեղեցկությունն անգերազանցելի է: Այն բաղկացած է 275 առանձին ​​շիթերից: Իգուասուի բարձրությունը 82 մետր է, իսկ լայնությունը՝ մոտ 4000 հազար մետր: Դժվար է պատկերացնել, բայց անձրևների սեզոնին Իգուասուն ամեն օր 1 միլիարդ տոննա ջուր է արտանետում:

Ջրվեժի մի մասն թափվում է անմիջապես հովտափոսի մեջ, որը գտնվում է 82 մետր ներքև: Մյուս կասկադները բաժանվում են մի շարք փոքր ջրվեժների և թափվում են մի սանդղավանդից մյուսը: Ջրվեժների վրա ջրափոշու ամպեր են կուտակված: Արևոտ եղանակին նրանց վրա ծիածան կտեսնեք: Կասկադի ամենահզոր ու տպավորիչ ջրվեժը կոչվում է «սատանայի կոկորդ»: Ջրվեժը ունի պայտի ձև, 82 մետր բարձրություն և 150 մետր լայնություն: Նրա հզորությունը պարզապես վիթխարի է: Բարձրացող օդային հոսանքները ջրային մշուշաքողի ամպեր են հավաքում և սառը ցնցուղով դիմավորում զբոսաշրջիկներին: