Տարեսկզբից «Բոինգ» ավիաշինարարական կոնցեռնի բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի 70 տոկոսը:

Աէրոմագեդոն – դժվար է այլ կերպ բնութագրել այն, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում ավիափոխադրումների ոլորտի հետ։ Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում «Բոինգի» հետ, և ինչ հեռանկարներ կան։

«Բոինգ» ընկերության մասին

«Բոինգը» ամերիկյան կորպորացիա է, ավիացիոն, տիեզերական և ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը: Մտնում է սպառազինություն և ռազմական տեխնիկա արտադրողների «Մեծ Եռյակի» մեջ Lockheed Martin ընկերությունից հետո, իսկ երրորդ հորիզոնականում United Technologies ընկերությունն է: «Բոինգ»-ը ամերիկյան ամենախոշոր արտահանող ընկերությունն է։

Այս հսկայի պատմությունը սկսվեց 1916 թվականին, երբ Ուիլյամ Բոինգը կառուցեց B&W հիդրոինքնաթիռը և հիմնեց ընկերություն՝ 100 000 դոլար կապիտալով։

Հիմնականում կենտրոնացած է քաղաքացիական օդանավերի արտադրության ու վաճառքի վրա: «Բոինգ»-ը ավիաընկերությունների համար ինքնաթիռներ է հավաքում և մատակարարում, իսկ հետո նրանց սպասարկում և վերանորոգում։ Ընկերության շահույթի վրա ազդում է երկու հիմնական գործոն՝ քաղաքացիական ավիացիայի պահանջարկը, ինչպես նաև հուսալիությունը և հեղինակությունը:

Քաղաքացիական ինքնաթիռների պահանջարկը

Եթե խոսենք ընդհանուր ոլորտի մասին, օդային փոխադրումների ոլորտը աշխարհում ամենակայուն ճյուղերից մեկն է, որը անընդհատ թափ է հավաքում: Մարդկանց քանակը աշխարհում դառնում է ավելի ու ավելի շատ, զարգացող երկրները կարող են իրենց թույլ տալ քաղաքակրթության ավելի շատ բարիքներ՝ մարդիկ ավելի հաճախ են տեղափոխվում, ավելի հաճախ են օգտվում ավիաընկերություններից:

Նույնիսկ խոշոր համաշխարհային ճգնաժամերը պահանջարկի վրա ազդել են բավականին աննշան, և այն մաքսիմալ արագ վերականգնվել է։ Նույնիսկ 2001 թվականի սեպտեմբերի դրամատիկ իրադարձություններից հետո իրավիճակն արագ շտկվեց։

2020 թվականի իրավիճակը բացառիկ է, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել համաշխարհային տնտեսության հետ այս տարի, անկանխատեսելի, չտեսնված մասշտաբների պատմություն է: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդքան կտրուկ կփակվեն սահմանները և, փաստորեն, աշխարհի բոլոր երկրները կմնան երկաթե վարագույրի հետևում։

Իհարկե, սա շատ հզոր հարված է քաղաքացիական ինքնաթիռների, ավիափոխադրումների ոլորտի համար։ Ինչ վերաբերում է «Բոինգ» ընկերությանը, ապա այստեղ ամենամեծ ռիսկը սնանկությունն է։ Ամեն օր ինքնաթիռների պարապուրդը մեծացնում է փոխադրողների վնասը։ Ավելի ու ավելի քիչ է հավանականությունը, որ նրանք կկարողանան վճարել «Բոինգ»-ին արդեն տրված պատվերները և, բնականաբար, ձևավորել նորերը։

Շատ վերլուծաբաններ ենթադրում են, որ ավիաընկերությունների մեծ մասի ֆինանսական ռեզերվները կսպառվեն արդեն հունիսի վերջին, իսկ ավելի դիմացկուններինը ՝ մինչև տարեվերջ:

 

Գուցե մեկ, երկու, երեք ամիս կամ կես տարի անց իրավիճակը կարգավորվի, մարդիկ կապաքինվեն, նորից կսկսեն օգտվել ավիաընկերությունների ծառայություններից, ճանապարհորդել, և արդյունաբերությունը կվերականգնվի: Բայց հարցն այն է, թե քանի ավիաընկերություն կմնա, և ինչպես են նրանք հետագայում պլանավորելու ինքնաթիռների իրենց պատվերները։

Ընդ որում, մինչ ընթացիկ իրավիճակը «Բոինգ»-ը կանխատեսել էր, որ ուղևորահոսքը տարեկան 4,5 տոկոսով կաճի առաջիկա 18 տարվա ընթացքում: Եվ եթե հաշվի առնենք դա, ապա իրավիճակը կարծես, բավականին լավ է։ Ընկերությունը կարծում է, որ մինչև 2038 թվականը քաղաքացիական օդանավերի համաշխարհային պարկը կավելանա 96 տոկոսով: Այս շուկային անհրաժեշտ կլինեն սպասարկման ծառայություններ, ավելի քան 9 տրիլիոն դոլարի, որը կբացի նոր հնարավորություններ այդ սեգմենտներում:

 

Հուսալիություն և անվտանգություն

Եվ երկրորդ գործոնը, որը համարվում է ավիաշինական ընկերության հաջողության գրավականը, դա հուսալիությունն ու անվտանգությունն է, հեղինակությունը բնակչության մոտ։

Ցավոք, այստեղ «Բոինգը» նույնպես ունի խնդիրներ։ Երկու սարսափելի ավիավթարներ են եղել՝ 2018 թվականի հոկտեմբերին և 2019 թվականի մարտին։ Երկու ինքնաթիռ է կործանվել, որոնք դարձել են մեծ թվով մարդկային զոհերի պատճառ։ Հետաքննությունները դեռ շարունակվում են: Ավիաընկերությունները մատով են ցույց տալիս «Բոինգ»-ին, իսկ նա փորձում է ինչ-որ արդարացումներ գտնել՝ համարելով, որ իրականում մեղավորը ավիաընկերություններն են։ Սակայն բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մեղքն ընկած է հենց «Բոինգ» ընկերության վրա։

 

 

Ֆինանսական դրությունը 2019 թ.-ին

2019 թվականին ինքնաթիռների մատակարարումները կրկնակի նվազել են։ Մատակարարվել է ընդամենը 380 օդանավ, ընդ որում մատակարարվող Boeing 737 MAX-ի քանակը կրճատվել է գրեթե 80 տոկոսով ՝ հասնելով 127-ի: 2018 թվականի վերջին պատվերների պորտֆելը կազմում էր 408 միլիարդ դոլար։ Մեկ տարի անց այն կրճատվեց մինչև 370 միլիարդի: Իսկ 2020 թվականի հունվարին «Բոինգ»-ը ընդհանրապես օդանավերի նոր պատվերներ չի ստացել։ Նման իրավիճակ 60 տարվա ընթացքում առաջին անգամ է տեղի ունեցել։  Իհարկե, այս իրավիճակը ազդում է ընկերության հաշվետվության վրա։ Boeing 737 MAX-ի մասնակցությամբ երկու ավիավթարների պատճառով ընկերությունը կրել է 636 մլն դոլարի վնաս: Այսօր ընկերությունը չունի բավարար ֆինանսներ, որպեսզի ծածկի իր բոլոր ծախսերը և պարտքերը։

 

Boeing-ը 60 մլրդ դոլար է խնդրել

Պաշտոնական լուր է հայտնվել այն մասին, որ Boeing-ը ԱՄՆ-ից առնվազն 60 մլրդ դոլար ֆինանսական օգնություն է խնդրել երկրի ամբողջ օդատիեզերական ճյուղին աջակցելու համար՝ բացատրելով, որ հայտնվել են ծանր վիճակում, և նրանց օգնություն է հարկավոր ճգնաժամից դուրս գալու համար:

Նախագահ Թրամփը 2020 թվականի մարտի 17-ին ասել է, որ պետք է օգնել ընկերությանը, քանի որ դա համակարգաստեղծ ընկերություն է տնտեսության համար: Սակայն երկրում քաղաքական իրավիճակի պատճառով կարող են էական ուշացումներ լինել։