Փուչիկներ, արևածագեր, մայրամուտեր, ձիեր, գեղեցիկ հովիտներ – այս ամենը Կապադովկիան է:

Կապադովկիան մի ամբողջ ռեգիոն է, որը ներառում է հսկայական մի տարածք և մի քանի քաղաքներ: Տարածքի մի մասը – իրական «մարսյան պեյզաժներ» են, որոնք բաժանված են մի քանի հայտնի հովիտների ՝ Կարմիր, Վարդագույն, Սիրո հովիտ և այլն: Կապադովկիայի սրտում մի քանի բնակավայր կա, որտեղ սովորաբար կանգ են առնում զբոսաշրջիկները: Ամենահայտնին և հարմարը իր տեղակայվածությամբ  Գյորեմե գյուղն է: Հովտի մյուս գյուղերի նման, նրա առանձնահատկությունը հենց ժայռերի մեջ փորված տներն են:

Գյորեմեն ինքնին շատ տուրիստական է: Կենտրոնական փողոցները հուշանվերների շուկա են հիշեցնում, բայց մի շտապեք այստեղ հուշանվերներ գնել: Կան վայրեր, որտեղ նույն ապրանքները կես գնով են վաճառվում: Ի տարբերություն Անկարայի,  այստեղ անգլերեն հասկանում են, և Ձեզ լքված ու միայնակ չեք զգա: Ճանապարհորդների համար գաղտնիք չէ, որ անգլերեն լեզվի իմացությունը կխնայի ինչպես նյարդերը, այնպես էլ փողը:

Գյորեմե ազգային պարկը գտնվում է գյուղից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ կարող եք հասնել տաքսիով, այլ տրանսպորտով կամ նաև ոտքով: Իրականում, Ազգային պարկը որոշակի կետ չէ քարտեզի վրա, այլ հսկայական տարածք, որը միավորում է տարբեր հովիտներ, և, ասես, ընկղմված լինեք մարսյան քրոնիկայում:

Կապադովկիայի ճանապարհորդության ծրագրում կարևոր տեղ են զբաղեցնում ժայռափոր եկեղեցիները: Դրանք կենտրոնացած են Գյորեմեյի բացօթյա թանգարանում: Մուտքի տոմսը էժան չէ ՝ 75 լիրա:

Թանգարանը տաճարների մի ամբողջ համալիր է, որոնք փորվել են ժայռերի մեջ: Դրանք բոլորը կենտրոնացած են մեկ տարածքում: Այցելուներին թույլատրվում է այցելել մինչև 10 եկեղեցի, բայց դրանք այստեղ շատ ավելին են: Մի ժամանակ հավատացյալները փախչում գալիս էին այստեղ: Այսպիսով ճգնավորները նախ բնակություն հաստատեցին Կապադովկիայի տարածքում, իսկ հետո աստիճանաբար քարանձավներում սկսեցին հայտնվել լիարժեք եկեղեցիներ: Դրանք կառուցվել են բյուզանդական ոճով ՝ կամարներով և սյուներով:

Թանգարանի հարևանությամբ հուշանվերների մի փոքր շուկա կա, որը անպայման պետք է այցելել: Այստեղ գները շատ ավելի ցածր են: Վառ թուրքական լամպեր, գլխաշորեր, գորգեր, տարբեր տեսակի հուշանվերային փուչիկներ – այս ամենը կարելի է ձեռք բերել այստեղ: Կարող եք սնվել հիանալի «Nazar Borek» սրճարանում, որը գտնվում է հենց ժայռի մեջ և որտեղից բացվում է հիանալի տեսարան և անհավանական համայնապատկեր:

Թանգարանից ոչ հեռու է գտնվում Ուչհիսար քաղաքը, որտեղ կարելի է հասնել ավտոբուսով 15 րոպեում: Այս վայրում զբոսաշրջիկները այնքան շատ չեն որքան Գյորեմեյում: Տեղի հիմնական տեսարժան վայրը ամրոցն է և նրանից բացվող տեսարանները դեպի հովիտ: Եթե ​​ուշ երեկոյան այցելեք ամրոցը, ապա  անհավանական մայրամուտի ականատես կլինեք: Ամրոցի գագաթ բարձրանալը դժվար չէ, չնայած որ այն Կապադովկիայի ամենաբարձր կետն է:

Կապադովկիայի այցեքարտը Սիրո հովիտն է: Սա զբոսաշրջիկների ամենասիրված հովիտն է:

Դժվար չէ կռահել, թե ինչու է հովիտը ստացել այդ անվանումը: Քարե անսովոր արձանների բարձրությունը 20-30 մետր է, իսկ որոշ հսկաներ հասնում են նույնիսկ 40 մետրի:

Գյորեմեյում անպայման պետք է փորձել նաև այծի կաթից պատրաստված պիստակով պաղպաղակ, օդապարիկով թռիչք և ձիով էքսկուրսիա կատարել: