Կխոսենք, թե ինչ է սպասվում ճանապարհորդությունների ոլորտին  սահմանների բացումից հետո, որոնք փակվել են տխրահռչակ կորոնավիրուսի պատճառով, և այն բանի մասին, թե ինչ է կատարվում  առհասարակ այսօր այս ոլորտում: Արդեն հայտնվել են առաջին տեղեկությունները, որ որոշ երկրներ փորձում են իրենց սահմանները բացել զբոսաշրջիկների համար:

Առաջին հերթին, տուրիստական ​​գոտիները և հյուրանոցները կբացվեն միջքաղաքային, այսինքն՝ ներերկրյա ճանապարհորդությունների համար: Բայց մայիսի կեսերին, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Հունաստանը,  պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների, այսինքն ՝ բացում են սահմանները միջազգային զբոսաշրջության համար:

Սահմանների և տուրիստական ​​գոտիների բացման մասին որոշմամբ առաջինը այն երկրներն են հանդես եկել, որոնք մեծ կախում ունեն լողափային զբոսաշրջությունից: Յուրաքանչյուր երկիր այժմ մտցնում է որոշակի սահմանափակումներ, նոր նորմատիվներ, պահանջներ, կանոններ: Այդ մասին կխոսենք այսօր:

 

Ի՞նչ սահմանափակումներ են հայտնվել առաջին հերթին

Հունաստանը և Թուրքիան մտադիր են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին միայն այն երկրներից, որտեղ հիվանդության ցածր մակարդակ է գրանցվել, կամ որտեղ իրականում ավարտվել է համաճարակը:

Բացի այդ, Թուրքիայում, օրինակ, կկիրառվեն այսպես կոչված «առողջության վկայականներ»: Առողջության վկայականը մի փաստաթուղթ է, որն ասում է, որ տվյալ տարածքում, տվյալ հյուրանոցում կամ տվյալ գոտում կորոնավիրուս չկա:

Սահմանափակումներ կլինեն նաև լողափերում: Օրինակ ՝ Թուրքիան նախատեսում է կրճատել շեզլոնգների քանակը, որոշակի ժամանակ հատկացնել հանգստի համար, սահմանափակումներ մտցնել, այս հանգստի գոտիներում սոցիալական հեռավորության պահպանման նշաններ ներդնել: Եվ որոշ ժամանակ կարող եք մոռանալ շվեդական սեղանի մասին, քանի որ այս պահին դա անթույլատրելի է: Այժմ մտադիր են առաջարկել համապարփակ ճաշացանկ, և սեղանները կդրվեն միմյանցից որոշակի հեռավորության վրա ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հունաստանում պլանավորվում է ներդնել օրգանական ապակուց խցիկներ և բաժանարարներ: Սա առաջին հետաքրքիր նորամուծությունն է, բայց դեռ պարզ չէ, թե ինչպես է այն կիրառվելու:

 

Իսկ այլ ի՞նչ հետաքրքիր բան կա

Հետաքրքիրներից` հանգստի ժամանակացույցը: Լողափում տեղերը այժմ պետք է նախապես ամրագրել: Մասնավորապես, Թուրքիան և Հունաստանը արդեն նախատեսում են նման միջոցառումներ կիրառել: Սխեման մոտավորապես հետևյալն է. հարկավոր է հյուրանոցից զանգահարել լողափի ղեկավարությանը, հայտնել այն ժամանակը, որը նախատեսում եք անցկացնել լողափում, այնուհետև շարժվել ըստ ժամանակացույցի: Նման տարօրինակություն:

Ծերերի անվտանգության համար ևս  միջոցառումներ են նախատեսված: Նրանց կհատկացվեն առանձին ​​անվտանգ գոտիներ, կամ հատուկ ժամ կսահմանվի ծերերի լողափ այցելության համար:

Նման հետաքրքիր միջոցառումներ են կիրառելու Թուրքիան և Հունաստանը:

Բայց դա ամենը չէ: Հունաստանում ավելի առաջ են գնացել: Այնտեղ պատրաստվում են ներմուծել այսպես կոչված առողջության անձնագիր:

Ի՞նչ է իրենից ներկայացնում առողջության անձնագիրը

Առողջության անձնագիրը արդեն չի վերաբերում կազմակերպություններին, այլ վերաբերում է երկիր ժամանող զբոսաշրջիկներին: Այսինքն ՝ զբոսաշրջիկը չի կարող երկիր մուտք գործել, չի կարող օգտվել զբոսաշրջային ծառայություններից, եթե  չունի առողջության անձնագիր, ինչը հաստատում է, որ նա վարակված չէ Covid-19-ով կամ հակամարմիններ ունի իր օրգանիզմում:

Կրկին պարզ չէ, թե որ կազմակերպությունը պետք է տրամադրի նման անձնագիր: Միգուցե դա լինի բժշկի կողմից տրամադրվող տեղեկանքի, վկայականի կամ թույլտվության ձևով: Որոշ երկրներ արդեն պատրաստվում են նախաձեռնել նման միջոցառումներ: Առողջության անձնագրի մասին խոսակցություններն արդեն ընթանում են:

Դարձյալ անհասկանալի է, թե ինչպես է առողջության այդ անձնագիրը պաշտպանելու բնակչությանը և զբոսաշրջիկներին, քանի որ նույնիսկ եթե այս պահին կա վիրուսի բացակայության մասին կնիք, ապա մի քանի րոպեից կարող եք դիպչել վարակված առարկային, վարակվել և դառնալ վիրուսակիր:

Որոշ երկրներ առաջարկում են առողջության անձնագրում նշում կատարել, որ մարդու օրգանիզմում արդեն առկա են հակամարմիններ: Բայց դեռևս ոչ ոք չի ապացուցել, որ մարդը երկրորդ անգամ չի կարող վարակվել: Սա, առայժմ, ենթադրություն է, ուստի անհասկանալի է, արդյոք այդպիսի փաստաթուղթը ընդհանրապես արդյունք կտա: Այս պահին սա ընդամենը առաջարկ է տարբեր կողմերից:

 

Ինչպե՞ս են պայքարում վիրուսի դեմ տարբեր երկրներում

 

Հոնկոնգի օդանավակայանում, օրինակ, հատուկ սարք է փորձարկվում, որտեղ մարդը կարող է ամբողջությամբ մուտք գործել, և 40 վայրկյանի ընթացքում կոչնչացվեն բոլոր վիրուսներն ու մանրէները, որոնք գտնվում են նրա հագուստի և մաշկի վրա, այսինքն ՝ կկատարվի ամբողջական ախտահանում: Թե որքանով է դա անվտանգ, դեռ դժվար է ասել: Սարքը փորձարկվում է, և նախատեսվում են այն շահագործման հանձնել:

Հոնկոնգի օդանավակայաններում այժմ նաև օգտագործում են մաքրող ռոբոտներ, որոնք շարժվում են օդանավակայանի տարածքով, սրահներով և մաքրում, հեռացնում են մանրէները բոլոր մակերևույթներից ՝ դրանք ախտահանում են ուլտրամանուշակագույն ճառագայթման օգնությամբ:

ԱՄՆ-ի օդանավակայաններում Տրանսպորտի անվտանգության վարչությունը նույնպես նոր միջոցառումներ է ձեռնարկում: Նրանք հորդորում են առնվազն 20 վայրկյան  լվանալ ձեռքերը անհատական ​​զննումն անցնելուց առաջ և հետո: Ախտահանիչները տեղադրված են ամենուր։ Մարդկանց հորդորում են պահպանել առնվազն երկու մետր հեռավորություն իրարից:

Այլ մարդկանց հետ շփումները նվազեցնելու համար օդանավակայաններում տեղադրվում են էլեկտրոնային կրպակներ՝ ինքնուրույն գրանցման համար:

Իտալիայում նախատեսում են բացել երկրի մի քանի հիմնական տեսարժան վայրերը, ինչպիսիք են Կոլիզեումը և Պոմպեյը, ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրյա այցելուների համար: Բայց Իտալիան բաց կլինի օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ամենայն հավանականությամբ, հունիսի կեսից ոչ շուտ, և նույնիսկ հնարավոր է դա լինի ամռան կեսին:

Բացի այդ, սպասարկող անձնակազմի թվի աճ կլինի, քանի որ այժմ անհրաժեշտ են ավելի շատ միջոցառումներ ձեռնարկել հանգստի գոտիների մաքրման և ախտահանման համար: Կարելի է վստահորեն ասել, որ մենք ականատես ենք մի տեսակ «հոգեբանական տուրիստական ​​տրավմայի», որը, ըստ էության, ստացել է Երկրագնդի ամբողջ բնակչությունը, մարդիկ վախենում են ճանապարհորդելուց, այլ երկրներ այցելություններից: Որոշ մարդիկ դեռ վախենում են դուրս գալ փողոց:

Այս բոլոր միջոցառումները միասին, իհարկե, որոշակի հետևանքների կհանգեցնեն: Իսկ կանխատեսվում են հետևյալ հետևանքները: Դա, իհարկե,  օդանավակայաններում սպասելաժամանակի երկարումն է: Ենթադրվում է, որ որոշ տուրիստական ​​ծառայություններ կթանկանան: Զբոսաշրջությունը կարող է դառնալ շքեղություն մեծ թվով մարդկանց համար:

Միևնույն ժամանակ, մարդկանց ճանապարհորդելու, տարբեր վայրեր այցելելու մեծ ցանկությունը, ոչ միայն չի անհետացել, այլև մի քանի անգամ ավելացել է ՝ ըստ տարբեր փորձագետների գնահատականների: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ երկար ժամանակ գտնվել են տանը ինքնամեկուսացման մեջ, և տեղի է ունեցել մարդկային կյանքի շատ ասպեկտների վերագնահատում: Այս ամենը, իհարկե, կառուցում է բոլորովին նոր վեկտոր տուրիզմի ​​բնագավառում: Թերևս մոտ ապագայում մենք կտեսնենք տուրիստական ​​ծառայությունների գների բարձրացում: Ցավոք, հնարավոր է, որ զբոսաշրջությունը հսկայական թվով մարդկանց համար դառնա մի տեսակ շքեղություն: