Իռլանդիան միաժամանակ և՛ երկիր է, և՛ մի ամբողջ կղզի: Պետք չէ շփոթել Հյուսիսային Իռլանդիայի հետ, որը գտնվում է նույն կղզում, սակայն մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ:

Ինչու՞ է կղզին պառակտվել երկու առանձին պետությունների։ Ութ հարյուր տարի այն համարվում էր Մեծ Բրիտանիայի գաղութ, և միայն 20-րդ դարի սկզբին Իռլանդիան հասավ իր անկախությանը: Իսկ հյուսիսային մասը կողմ քվեարկեց, որ մնա Միացյալ Թագավորությունում:

Մեր պատմությունը հենց Իռլանդիայի Հանրապետության մասին է: Այն անվանում են «զմրուխտե կղզի» շնորհիվ առատ բուսականության, որը կանաչ է մնում ամբողջ տարին: Տեղական կլիման ոչ բոլորի սրտով է: Սա մառախլապատ և անձրևոտ կղզի է Ատլանտիկայում: Այստեղ ո՛չ շոգ է, ո՛չ սառնամանիք, բայց ահա ամպամած օրերը և բարձր խոնավությունը հաճախակի են:

Ամբողջ երկրի տարածքը մոտ 70,000 քառակուսի կիլոմետր է, իսկ բնակչությունը՝ 4,5 միլիոնից փոքր-ինչ ավելի: Նրանք հիմնականում բնիկ իռլանդացիներ են, և բոլորը խոսում են անգլերեն: Բայց իռլանդերենը նույնպես համարվում է պաշտոնական լեզու:

Այստեղ՝ Իռլանդիայում, հիմնականում գյուղական բնապատկերներ են: Փարթամ, կանաչ հարթավայրեր՝ արածող ոչխարներով և կովերով. նման լայնարձակ տարածքները թույլ են տալիս իռլանդացիներին վայելել բնության հետ կապը: Շատ գյուղեր տարածված են ամբողջ հեկտարների վրա, շատ են նաև միայնակ կանգնած տները, բայց, այնուամենայնիվ, գերակշռում է քաղաքային բնակչությունը:

Իռլանդիայի ամենախոշոր քաղաքներից մեկը Դուբլինն է՝ պետության մայրաքաղաքը, որի բնակչությունը կազմում է մոտ 550,000 մարդ, իսկ եթե հաշվի առնենք արվարձանները, ապա այդ թիվը աճում է մինչև 2,000,000 բնակիչ:

Այստեղ շատ քիչ են ժամանակակից ապակյա շենքերը, սակայն շատ է միջնադարյան ճարտարապետությունը, կան անսովոր հուշարձաններ, և քաղաքը պարզապես խեղդվում է ծաղիկների մեջ:

Դուբլինում են գտնվում միջազգային բանկերի և կորպորացիաների գրասենյակները՝ հատկապես ՏՏ ոլորտից, ինչպես նաև «Guinness» գարեջրի գործարանը: Քաղաքը միջազգային է: Այստեղ հեշտ է օտարերկրացի լինել:

Իռլանդիայի մեկ այլ խոշոր քաղաք է Կորկը, որը գտնվում է հարավային ափին:

Սա հեքիաթային քաղաք է: Սուրբ Պատրիկի փողոցը քաղաքի գլխավոր բուլվարն է, ունի բազմաթիվ խանութներ և սրճարաններ: Քաղաքը համարում են Իռլանդիայի պարենային մայրաքաղաք: Այստեղ կա հիանալի անգլիական շուկա:

Իռլանդիայի՝ բնակչության թվով երրորդ քաղաքը Լիմերիկն է: Նրանում զարգացած է սննդի և կարի արդյունաբերությունը:

Արժևորվում են հատկապես լիմերյան հանրահայտ ժանյակները:

Իռլանդիայի տնտեսությունը ոչ միանշանակ է զարգացել: Նախկինում այն աղքատ և թույլ ագրարային պետություն էր, որտեղից բնակչությունը զանգվածաբար արտագաղթեց: Բայց Եվրոպական համայնքին միանալուց հետո այն դարձավ բարձր տեխնոլոգիաների երկիր: Գյուղատնտեսության մասնաբաժինը նախկինի պես մեծ է: Իռլանդիան Եվրոպայում տավարի մսի և կաթնամթերքի խոշորագույն արտահանողներից մեկն է:

Բայց այսօր տնտեսության հիմնական ոլորտներն են դեղագործությունը, էլեկտրոնիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները: Իռլանդիան դարձել է Եվրոպայի ամենաարագ զարգացող երկրներից մեկը: Թեև Իռլանդիան ունի 5,000,000 -ից ոչ ավելի բնակչություն, սակայն ամբողջ աշխարհում իռլանդական սփյուռքը հաշվվում է մոտ 80 միլիոն: