Գվադալախարան անվանում են «վարդերի քաղաք», «Հարավի Սիլիկոնային հովիտ» և ամենամեքսիկական քաղաք:

Գվադալախարան Մեքսիկայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը 16-րդ դարից ի վեր հանդիսանում է վարչական, առևտրային և մշակութային կենտրոն: Այն Մեքսիկայի սիրտն է ու հոգին: Գվադալախարան իր այցելուներին է առաջարկում  գաղութային ճարտարապետություն, շքեղ որմնանկարներ, մարիաչի և գունագեղ ժողովրդական արվեստ:

Ի տարբերություն տուրիստական ​​շատ հայտնի ուղղությունների՝ Գվադալախարան կուրորտ չէ: Մեքսիկայի երկրորդ քաղաքը հանդիսանում է առևտրային, արդյունաբերական և վարչական կենտրոն: Աշխատավորների այս քաղաքը հանդիսանում է նաև Մեքսիկայի պատմության և մշակույթի կենտրոն: Քաղաքը խիտ է բնակեցված: Այստեղ ապրում է ավելի քան 6 միլիոն մարդ: Մեղմ կլիմայով  և հմուտ աշխատավորներով գրավված օտարերկրյա ընկերությունների և ներդրողների շնորհիվ, քաղաքը դարձել է միջազգային տնտեսական ասպարեզի կարևոր դերակատար:

Միևնույն ժամանակ, նրա հարուստ ավանդույթները, երկար պատմությունն ու զարգացած մշակույթը հարազատ են յուրաքանչյուր մեքսիկացուն: Գվադալախարան երկրորդ ամենահին եվրոպական քաղաքն է Հյուսիսային Ամերիկայում: Նրա հնագույն կենտրոնը լի է պատմական հուշարձաններով:

Այն ժամանակին եղել է Մեքսիկո-Սիթիյից դուրս Իսպանիայի գաղութային կառավարման կենտրոնը: Ձեր շրջագայությունը ճիշտ կլինի սկսել Դեգոլլադո թատրոնից և Գվադալախարայի հիմնադրմանը նվիրված հուշարձանից: 1560 թվականին քաղաքը դարձավ Նոր Իսպանիայի մայրաքաղաք: Նորաբնակները սկսեցին տաճար կառուցել: Քաղաքի հենց կենտրոնում կառուցված տաճարը, դարձել է իսպանական գաղութային կառավարման խորհրդանիշ: Սակայն, Մեքսիկային հաջողվեց ազատվել գաղութային ճնշումից:

Անկախ Մեքսիկայում Գվադալախարան ծաղկեց որպես Խալիսկո նահանգի մայրաքաղաք: Նրա քաղաքական և մշակութային նշանակության խորհրդանիշը Դեգոլլադո թատրոնն է: 1866 թվականին նեոդասական ոճով կառուցված այս շքեղ թատրոնը կարող է տեղավորել 1300 հանդիսատես: Այսօր այստեղ են գտնվում Խալիսկոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը և բալետի դպրոցը:

Մերկադո լիբերտադը Մեքսիկայի ամենամեծ շուկան է:

Այն կառուցվել է 1958 թվականին, սակայն այստեղ բաց շուկա գոյություն է ունեցել նախակոլումբական ժամանակներից: Այս շուկայում մեքսիկացիների առօրյան է հոսում: Շուկան տեսնելու և փորձելու շատ բան է առաջարկում:

Գվադալախարայում կան բազմաթիվ ռեստորաններ, որտեղ կարող եք համեղ սնվել, վայելել մեքսիկական խոհանոցը և հաճելի ժամանակ անցկացնել:

 

Պուերտո Վալարտա

Պուերտո Վալարտան գտնվում է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին: Գվադալախարայից կարող եք այստեղ հասնել մեքենայով կես օրվա ընթացքում կամ կարճ թռիչք կատարել ինքնաթիռով: Զբոսաշրջիկներին այստեղ են գրավում ավազոտ լողափերը, տաք քամիները և արևոտ եղանակը:

Ըստ լեգենդի, Բանդերաս ծովածոցը ապաստարան է ծառայել ծովահենների համար, ովքեր վերահսկում էին Խաղաղ օվկիանոսի ափերը մինչև 19-րդ դարը: Ոչ ոք չէր հավակնում այս հեռավոր ծովածոցին: Ափերի երկայնքով ձգվող հանգիստ ձկնորսական գյուղերը նույնիսկ անուն չունեին մինչև 1918 թվականը: Միայն ամերիկացի կինոռեժիսյորի և Էլիզաբեթ Թեյլորի հետ նրա սիրավեպի շնորհիվ էր, որ Պուերտո Վալարտան ձեռք բերեց համաշխարհային ճանաչություն:

Փարթամ բուսականությամբ ծածկված լեռները, կապույտ օվկիանոսը և կախարդական լույսը այստեղ են բերել հսկայական թվով արվեստագետների և բացվել են բազմաթիվ պատկերասրահներ: Եթե ​​Ձեր հավաքածույում չկա մի պայծառ նկար և պատրաստ եք այն փնտրել, ապա հաստատ պետք է գաք Պուերտո Վալարտա:

Ամենից շատ Պուերտո Վալարտայում գրավում է ոչինչ չանելը: Զբոսնեք հնագույն գյուղով և վայելեք երաժշտությունը: Կարող եք գնալ լողափ ու լողալ: Եթե ​​քաղաքը Ձեզ համար չափազանց աղմկոտ է, ապա մոտակայքում կան ավելի սակավամարդ լողափեր: