Հայդելբերգ քաղաքը գտնվում է Գերմանիայի հարավ-արևմուտքում: Քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1196 թվականին։ Հայդելբերգի սիրտը այսօր էլ շարունակում է մնալ շուկայի տարածքը:

Այնտեղ է գտնվում մի կողմում հին քաղաքապետարանը, իսկ մյուս կողմում ՝ Սուրբ Հոգու եկեղեցին, որը Հայդելբերգի գլխավոր բազիլիկն է: Առաջին անգամ այն հիշատակվում է 1239 թվականի տարեգրություններում, իսկ XIV դարի վերջին նրա տեղում կառուցվել է ուշ գոթական ոճով  կառուցված շենքի հիմնական մասը, որը պահպանվել է մինչ օրս:

Հին կամուրջը քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Այն կոչվում է նաև Կառլ Թեոդորի կամուրջ: Կամրջի վրա է գտնվում հայտնի բրոնզաձույլ կապիկը հայելու հետ, որը պատրաստվել է 1979 թվականին:

Հին կամրջից բացվում է Հայդելբերգի գլխավոր տեսարժան վայրի ամենագեղեցիկ տեսարանը ՝ զբոսայգու և պալատական համալիրը, կիսաքանդ, բաղեղներով աճած, բայց պատմության և ճարտարապետության սիրահարների համար մագնիսական գրավչությունը պահպանած:

Ճանապարհորդները Հայդելբերգ քաղաքը քարտեզների վրա գտնում են Հայդելբերգի դղյակի շնորհիվ: Դղյակի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 1225 թվականին: Հինգ հարյուրամյակների ընթացքում դղյակը Պֆալցի կուրֆյուրստների նստավայրն էր և վայելում էր Գերմանիայի լավագույն ռենեսանսային համալիրներից մեկի համբավը: Ցավոք, շքեղ այգիներով դղյակը ամբողջական տեսքով չի պահպանվել, քանի որ ավերվել է 17-րդ դարում ֆրանսիական բանակի կողմից: Մեկ անգամ չէ, որ փորձ է արվել վերականգնել պալատը և պուրակները, բայց դրանցից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել:

Հայդելբերգյան դղյակում տուրիստների համար էքսկուրսիոն զբոսանքներ են կազմակերպվում: Կարելի է շրջել  դղյակի երկարավուն պատշգամբներով, դիտել դեղատան թանգարանի ցուցանմուշները և այցելել պալատի նկուղային տարածներ, որտեղ պահպանվել է ավելի քան երկու հարյուր հազար լիտր տարողությամբ հսկայական եզակի գինու տակառ:

Պատշգամբաձև բարձունքներից աչքի առաջ են հայտնվում քաղաքի և Նեկկար գետի անհավանական համայնապատկերները: Մուտքի տոմսն արժե 8 եվրո, որի արժեքը ներառում է ճոպանուղիով վերելք և վայրէջք: Դղյակի վերականգնված մասի էքսկուրսիաները անցկացվում են միայն անգլերեն և գերմաներեն լեզուներով: