Եկատերինբուրգը Ռուսաստանի չորրորդ քաղաքն է՝ 1,451,000 բնակչությամբ: Գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանից երեսուն կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքը վերածվեց հզոր արդյունաբերական կենտրոնի դեռևս խորհրդային շրջանից, երբ այն կոչվում էր Սվերդլովսկ: Մոսկվան գտնվում է Եկատերինբուրգից 1667 կիլոմետր դեպի արևմուտք: Հետաքրքիր է, որ Եկատերինբուրգից մինչև Աստանա մեքենայով հասնելն ավելի արագ է, քան մինչև Նովոսիբիրսկ, կամ Մոսկվա:

Կլիման չափավոր մայրցամաքային է, լինում են ջերմաստիճանի կտրուկ անկումներ: Իսկ կռահել՝ արդյոք այսօր անձրև կգա՞, թե՞ ոչ, գրեթե անհնար է: Տեղատարափ անձրևը կարող է սկսվել բոլորովին անսպասելի, և նույնքան անսպասելի էլ դադարել: Ձմեռներն այստեղ ավելի ցուրտ են, քան Մոսկվայում, բայց ավելի տաք, քան Նովոսիբիրսկում:

Ամենամեծ ԲՈՒՀ-ը Ուրալի դաշնային համալսարանն է, որտեղ սովորում է 35,000 ուսանող:

Ռուսական ԲՈՒՀ-երի վարկանիշում այն տասնիններորդ հորիզոնականում է: Իսկ ընդհանուր առմամբ քաղաքում սովորում է 140,000 ուսանող:

Ժամանակին Եկատերինբուրգը բացառապես արդյունաբերական քաղաք էր, ինչպես օրինակ հարևան Չելյաբինսկը և այնպիսի գործարաններ, ինչպիսին «Ուրալմաշ» -ը, հայտնի էին ամբողջ երկրում:

Քաղաքի կենտրոնում կառուցվում է Եկատերինբուրգ-Սիթի գործարար թաղամասը, որի ամենաբարձր երկնաքերը 209 մետր բարձրություն ունի: Սա Մոսկվայից դուրս Ռուսաստանի ամենաբարձր շենքն է: Պլաններում դեռ մի քանի երկնաքերեր կան, որոնք ունենալու են երեք հարյուր մետր բարձրություն:

Եկատերինբուրգն այն քաղաքն է, որը հարմար է միջազգային միջոցառումներ անցկացնելու համար. քաղաքն ունի հարմար ենթակառուցվածք, ցուցասրահներ, հյուրանոցների լավ ընտրանի և ժամանակակից միջազգային օդանավակայան:

2015 թվականին Եկատերինբուրգը Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նովոսիբիրսկի և Վլադիվոստոկի հետ միասին մտել է ռուսական ամենաշատ այցելվող քաղաքների հնգյակի մեջ:

Ավտոմեքենաների քանակը հազար բնակչի հաշվով 410 է և տարեցտարի ավելանում է, իսկ ահա ճանապարհային ցանցի զարգացման տեմպերը ետ են մնում, ինչը հանգեցնում է հաճախակի խցանումների: Քաղաքը խիստ պակաս ունի ժամանակակից բազմամակարդակ ճանապարհային հանգույցների: Հասարակական տրանսպորտը ներկայացված է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, տրամվայով և երթուղային տաքսիներով: Գործում է նաև մետրո, բայց ընդամենը մեկ գիծ՝ ինը կայարաններով: Ամռանը և ձմռանը քաղաքը լավ տեսք ունի, իսկ միջսեզոնին՝ ոչ, որի համար տեղացիների կողմից ստացել է գրիազբուրգ անվանումը։

Եկատերինբուրգը Ռուսաստանի առաջատար մարզական կենտրոններից մեկն է: Քաղաքն ունի տասնվեց մարզադաշտ, ավելի քան 400 մարզադահլիճ, 45 լողավազան:

Եկատերինբուրգը միշտ հայտնի է եղել ռոք երաժշտությամբ: Այստեղից են դուրս եկել «Чайф», «Агата Кристи», «Смысловые галлюцинации» և շատ ուրիշներ:

Քաղաքը հայտնի է նաև Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինով, գրող Պավել Բաժովով, ժամանակակից դրամատուրգ Նիկոլայ Կոլյադայով և КВН-ի «Уральские пельмени» թիմով: