Մառախուղից դուրս եկող ավազակի պես Շոտլանդիան անակնկալի է բերում: Բացվում է մի հրապուրիչ, խորհրդավոր բնատեսարան, որն ավելի ցայտուն են դարձնում հանդարտ լճերը, հմայիչ հովիտներն ու անաղարտ գեղեցկությունը: Շոտլանդիան ասես կատարելապես հնեցված, հարուստ համով մի լավ վիսկի լինի: Շոտլանդիան ասես ազնիվ պետական ​​գործիչ լինի, որը կոփվել է պատերազմների, խաղաղության, խռովությունների և ինտրիգների մեջ:

Անկախ իրենց այցի նպատակից՝ լինի դա բնություն, պատմություն, թե գոլֆի մի քանի խաղ, յուրաքանչյուր ճանապարհորդ շատ արագ սկսում է իրեն զգալ ինչպես հարազատ տանը այս բարեհաճ ու համարձակ երկրում: Այստեղ դուք կարող եք բարձրանալ Էդինբուրգյան ամրոցի բաստիոններ, շրջել մարտի դաշտերով, որոնք հիշատակվել են «Քաջ սիրտը» ֆիլմում և լողալ Լոխ Լոմոնդ լեգենդար լճի ալիքների վրա:

Կարող եք այս ամենից հետո համտեսել աշխարհի լավագույն վիսկիներից մեկը: Անգլիայի մոտ կես չափն ունեցող Շոտլանդիան հոգով անհավանական հեռու է թվում իր հարավային հարևանից:

Էդինբուրգը միշտ անմոռանալի տպավորություն է թողնում իր այցելուների վրա: Սա հիանալի մի հորինվածք է, որում միահյուսվում են էլեգանտ շինություններ, համարձակ մշակույթն ու գրավիչ պատմությունը: Քաղաքը ձևավորվել է հանգած հրաբուխների տեղում և ժայռոտ քարափների վրա: Նման չքնաղ համայնապատկեր այլ տեղ չեք տեսնի:

Էդինբուրգի մեծ մասը կարելի է ուսումնասիրել ոտքով: Ձեր զբոսանքը կարող եք սկսել Էդինբուրգյան ամրոցից: Հազար տարի առաջ հիմնադրված այս ցնցող հուշարձանը հարգանքի տուրք է հանդիսանում քաղաքի փառահեղ, ռոմանտիկ և հաճախ արյունոտ անցյալին:

11-ից 16-րդ դարերում ամրոցը եղել է Շոտլանդիայի թագավորական ընտանիքի նստավայրը: Այն ականատես է եղել Շոտլանդիայի և Անգլիայի միջև երկարատև և խճճված հակամարտությանը:

Շոտլանդիան դժվար է պատկերացնել նաև առանց վանդակավոր գործվածք թարթանի: Այս կարմիր բրդյա գործվածքը կրում էին տոհմերը, որոնք բնակվում էին շոտլանդական լեռնաշխարհում դեռևս 12-րդ դարում:

Ամբողջ օրը միջնադարյան փողոցներով զբոսնելուց հետո կարող եք լիցքաթափվել շոտլանդական սպա-հյուրանոցներից մեկում: Հաճախ նրանցից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի քաղաք: Բազմաթիվ պրոցեդուրաները, ջերմային և գոլորշային թերապիան, ֆիթնես ստուդիաները և ընդհանուր պրոֆիլակտիկայի բաժանմունքները կօգնեն ազատվել հոգնածությունից և կպարգևեն անմոռանալի զգացողություններ:

Էդինբուրգի փողոցները պարուրված են գաղտնիքներով: Քաղաքի անիրական կողմի հետ ծանոթանալու լավագույն տարբերակը էքսկուրսիաներից օգտվելն է, որոնք անցկացվում են ամեն երեկո: Գիդը կպատմի սահմռկեցուցիչ պատմություններ 17-րդ դարի կյանքի մասին և Ձեզ կտանի քաղաքի նեղ փողոցներով: Դուք կիմանաք խարույկների մասին, որոնց վրա այրվել են կախարդները և ժանտախտի սարսափելի համաճարակների մասին:

Էդինբուրգից տասնմեկ կիլոմետր հարավ ՝ Ռոսլին գեղեցիկ գյուղում է գտնվում է Շոտլանդիայի ամենաառեղծվածային շենքերից մեկը: 15-րդ դարի երկրորդ կեսին կառուցված Ռոսլին մատուռը պարզապես գլուխգործոց է:

Քանդակված զարմանալի պատկերները, որոնց թվում են բիբլիական մոտիվներ, ինչպես նաև հեթանոսական խորհրդանիշը, զգոնացրել են ուշ միջնադարի Շոտլանդիայի բնակիչներին: Ենթադրվում է, որ այս մատուռի կառուցման գործում իրենց մասնակցությունն են ունեցել տամպլիեր ասպետները՝ խաչակրաց արշավանքների ընթացքում կազմված  կրոնական ռազմական օրդենը, որը նպատակ ուներ պաշտպանելու Երուսաղեմի ճանապարհին գտնվող ուխտավորներին:

Մատուռի ամենահայտնի մասը համարվում է ենթավարպետի սյունը:

Ըստ լեգենդի, մինչ որմնադիր վարպետը բացակայում էր, այս սյունը փորագրում էր նրա աշակերտը: Վերադառնալով ՝ վարպետը կատաղեց տեսնելով նրա ակնհայտ տաղանդը։ Արդյունքում խանդոտ ուսուցիչը սպանեց երիտասարդին: