Չինական Չունցին քաղաքը աշխարհի ամենազարմանալի մեգապոլիսներից մեկն է, որը զարգանում է ապշեցուցիչ արագությամբ։ Նրանում շինարարությունը գործնականում չի դադարում ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը: Դրա տեմպերը շշմեցնում են երևակայությունը: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում այստեղ հայտնվել են բազում նոր ճանապարհներ ` բարդ ճյուղավորումներով, երկնաքերեր՝ այդ թվում հորիզոնական, տներ և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ:

Չունցինի պատմությունը, որը սկսվել է ավելի քան 3000 տարի առաջ, հարուստ է վառ իրադարձություններով, սակայն, ինչպես Չինաստանի քաղաքների մեծ մասը, Չունցինը իր ժամանակակից տեսքը ձեռք է բերել վերջին տասնամյակների ընթացքում: Քաղաքը տեղակայված է Յանցզի և Ցզյալինցզյան գետերի միախառնման վայրում և շրջապատված է երեք լեռնային զանգվածներով:

Չունցինը համարվում է կենտրոնական ենթակայության տակ գտնվող քաղաք: Դա վարչական միավոր է և նույնն է, ինչպես օրինակ նահանգը: Չինաստանում ընդամենը չորս քաղաքներ ունեն նման կարգավիճակ և Չունցինը հանդիսանում է ամենախոշորը: Դրա ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 80,000 քառ. կմ ՝ գրեթե Ավստրիայի տարածքի չափ, իսկ ամենաերկար կողմն ունի 470 կիլոմետր երկարություն: Սակայն Չունցինի քաղաքաշինական տարածքը զբաղեցնում է ընդհանուր տարածքի միայն 2% -ը, մնացածը գյուղական և արվարձանային տարածքներ են:

Այնուամենայնիվ, տարածքի առումով Չունցինը համարվում է աշխարհի խոշորագույն մեգապոլիսը: Եվ տեխնիկապես դա այդպես է: Հաճախ Չունցինի մասին հոդվածներում խոսքը գնում է մասնավորապես նրա ուրբանիզացված գոտու մասին: Այն սկսել է ակտիվորեն զարգանալ համեմատաբար վերջերս, բայց արդեն այսօր շինարարության զանգվածայնությամբ և բարդությամբ մրցում է մոլորակի զարգացած քաղաքների հետ: Հին շինությունները ակտիվորեն քանդվում են, իսկ նոր շինությունները կառուցվում են անհավատալի  տեմպերով: Չունցինը բառացիորեն պարուրված է բազմամակարդակ ճանապարհների ցանցով:

Երկնաքերերի և բազմամակարդակ ճանապարհների մեծ քանակի շնորհիվ Չունցինը ​​ֆանտաստիկ ֆիլմի կադրեր է հիշեցնում: Սակայն, եթե մտնեք քաղաքի խորքերը՝ հեռանալով կենտրոնական կահավորված փողոցներից՝ կհայտնվեք բացարձակապես ուրիշ աշխարհում ՝ անհրապույր հին շինություններով, կեղտոտ նեղ փողոցներով և չինական սննդի շուկաներով: Հենց այս հակադրություններով էլ Չունցինը ապշեցնում է:

Չունցին այցելած ճանապարհորդները միանշանակ չեն իրենց գնահատականներում: Նրանցից ոմանք լիովին հիացած են իրենց տեսածով, մյուսները քաղաքը համարում են անհարմար և մշտական ​​բնակության համար ոչ պիտանի: Այդուամենայնիվ բոլորը միակարծիք են այն հարցում, որ Չունցինում տեսնելու և զարմանալու շատ բաներ կան:

Քաղաքի տեսարժան վայրերից մեկը Կրիստալ հորիզոնական երկնաքերն է, որն իրենից ներկայացնում է հսկայական չափերի փակ կամուրջ՝ կառուցված չորս բարձրահարկ աշտարակների տանիքների վրա: Նրա ներսում գտնվող ընդարձակ լողավազանից բացվում է քաղաքի հիասքանչ համայնապատկերը: Այս վայրը պետք է պարտադիր այցելել: Տպավորությունները կմնան ողջ կյանքի ընթացքում:

Չունցինի մետրոպոլիտենի մասին արժե հատուկ պատմել: Դա բարդ և խճճված համակարգ է՝ բաղկացած ստորգետնյա և վերգետնյա մետրոյի և մոնոռելսի գծերից: Մետրոյի առաջին հատվածը բացվել է 2004 թվականին, իսկ այսօր գործում են ավելի քան 200 կայարաններ: Ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել ստորգետնյա տարածքի յուրացումը, ընդհակառակը, վիթխարի  ծրագրեր են մշակվել: Այլևս ոչ մեկին չի զարմացնի այն, որ քանի դեռ կարդում եք այս տեքստը, չունցիները հասցրել են գործարկել նոր կայարան:

Օգտագործելով մոնոռելսը կարելի է քաղաքը նայել վերևից: Կբացվեն անհավանական տեսարաններ: Լեռնոտ լանդշաֆտը Չունցինը դարձնում է ավելի բազմամակարդակ: Միակ անհարմարությունն այն է, որ դժվար է տեղաշարժվել վերջ չունեցող վայրէջքներով և վերելքներով, բայց վառ տպավորությունները այդ ամենը փոխհատուցում են:

Բնակչության խտության առումով Չունցինը բացառություն չէ Չինաստանի այլ քաղաքների համեմատ: Այստեղ նկատվում է կայանատեղիների մշտական պակաս, սակայն ճարտարապետները կարողանում են կյանքի կոչել կայանատեղիների անհավանական նախագծեր, օրինակ 22 հարկանի խելացի կայանման աշտարակը, որը մեքենաների համար ունի 397 տեղ: Վարորդները կարող են կայանել իրենց մեքենան ընդամենը մեկ րոպեում ՝ սկանավորելով QR կոդը:

Չունցինում հազվադեպ չէ, երբ խաղահրապարակները կառուցվում են հենց շենքերի տանիքներին: Ո՛չ ծնողներին, ո՛չ երեխաներին դա ոչ մի կերպ չի անհանգստացնում. նման ոչ ստանդարտ որոշմանը բոլորը վաղուց սովոր են:

Չունցինը հիասքանչ է հատկապես մայրամուտից հետո, երբ արևի ճառագայթներում փայլփլում են գույնզգույն լույսերը: Եթե երբևէ որոշեք այցելել այս անհավանական քաղաքը, մի կասկածեք, որ այն մեծ տպավորություն կթողնի Ձեզ վրա։