Բութանը էկզոտիկ և քիչ հայտնի երկիր է: Բարձր լեռնային այս պետությունը իր բնութագրերով շատ նման է հարևան Նեպալին: Բութանը ֆանտաստիկ պեյզաժների, ամենամաքուր լեռնային գետերի, մեծ թվով կենդանիների, թռչունների և, իհարկե, բուդդիզմի երկիր է: Այն շատ կրոնասեր է և կյանքի բոլոր բուդդայական կանոններին հավատարմությունը առաջնային խնդիր է այստեղ:

Բութանը սահմանակից է Չինաստանին և Հնդկաստանին: Մայրաքաղաքը Թհիմփհուն է: Տարածքը կազմում է 38 394 կմ 2, բնակչությունը՝ 837 000 մարդ: Պաշտոնական լեզուն ձոնգքհան է, կառավարման ձևը՝ սահմանադրական միապետություն, պետական ​​կրոնը՝ լամայականություն, այսպես կոչված՝ տիբեթական բուդդիզմ: Հիմալայներից հոսում են լեռնային գետեր: Բութանի ամենաբարձր կետը Կուլա Կանգրի լեռն է (7554 մ):

Բութանի կլիման խիստ փոփոխական է, որը բացատրվում է տեղանքի տարբեր բարձունքների առկայությամբ: Այսպես, օրինակ, հովտային գոտիներում այն բարեխառն է, երկրի հյուսիսում՝ ցուրտ, քանի որ ամբողջ տարվա ընթացքում լեռների գագաթների ձյունը չի հալչում: Սառցադաշտերը կազմում են երկրի տարածքի 10% -ը և հանդիսանում են քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր: Սակայն, ամառվա հալոցքը հաճախ վերածվում է իրական աղետի բնակչության համար:

Բութանի ճարտարապետությունը շատ յուրօրինակ է, որին բնորոշ են ձոնգերը՝ հսկայական վանք – ամրոցներ, որտեղ բնակվում է մի քանի հազար մարդ: Որպես կանոն, դրանք կանգնեցվում էին փոքր քարքարոտ տարածքներում: Ժամանակի ընթացքում բնակավայրեր ստեղծվեցին վանք – ամրոցների շրջակայքում: Թագավորության մայրաքաղաքը՝ Թհիմփհուն հենց այս կերպ առաջացավ: Այժմ Բութանում կան մոտ 200 ձոնգեր, որտեղ մշտապես ապրում է շուրջ 5000 վանական: Տաշի Չհո Ձոնգը Թագավորության ամենամեծ վանքն է: Այստեղ ապրում է 1000 վանական:

VIII դարում հիմնադրված Տակցանգ – լակհանգ ձոնգը, այստեղի գլխավոր սրբավայրն է:

Վանքի հարևանությամբ գտնվող քարանձավից բացվում է Ջոմոլհարի լեռան աներևակայելի գեղեցկության համայնապատկերը: Հենց այստեղ է, ըստ լեգենդի, ապրում Ամպրոպային Վիշապը` Բութան Թագավորության խորհրդանիշը:

Պետության տարածքում գտնվող արգելոցները զարմացնում են բուսական և կենդանական աշխարհի հարստությամբ: Բութանում որսի բոլոր տեսակները խստիվ արգելված են, և այստեղ անտառները չեն հատվում:

Այստեղ աճում են բուժիչ բույսերի և խոտաբույսերի շուրջ 300 տեսակ: Հազվագյուտ կապույտ կակաչը համարվում է Բութանի ազգային ծաղիկը:

Կենդանական աշխարհը պակաս բազմազան չէ – ձյունահովազներ, հիմալայան արջեր, բենգալյան վագրեր, ընձառյուծներ, պանդաներ, մշկային եղջերուներ – սա Բութանում ապրող կենդանիների ամբողջական ցուցակը չէ, ինչը նաև  մեծ պարգև է թռչնաբանների համար: 700 տեսակի թռչուն, այդ թվում՝ հազվագյուտ թռչուններ, որոնցով լցված են անտառներն ու արգելոցները: