Բուդվան բոլորի կողմից սիրված  զբոսաշրջության չեռնոգորական մայրաքաղաքն է: Հենց այստեղից է յուրաքանչյուր զբոսաշրջիկ սկսում ծանոթությունը այս գեղեցիկ երկրի հետ: Չնայած իր փոքր չափսերին (122 կմ 2), Բուդվան երկրի ամենաշատ այցելվող հանգստավայրն է: Ամեն տարի ավելի քան 2 միլիոն ճանապարհորդ է ամբողջ աշխարհից գալիս այստեղ հանգստանալու: Եվ դա իզուր չէ: Բուդվան Ադրիատիկ ծովի ափին գտնվող ամենատաք քաղաքն է, որը մի կողմից շրջապատված է լեռնային բնապատկերով, իսկ մյուս կողմից՝ մաքուր ջրով և գեղեցիկ լողափերով:

Բուդվայում լողափերը շատ մաքուր են, քարքարոտ, հագեցած են հանդերձարաններով, շեզլոնգերով, հովանոցներով, ինչպիսին է, օրինակ, «Սլավոնական լողափը», որը Բուդվայի կենտրոնական մասում է:

Ամբողջ Բուդվական Ռիվիերան բաղկացած է լողափերից: Հին քաղաքի մերձակայքում կա բավականին լավ մի լողափ, իսկ մի փոքր այն կողմ՝ երկու Մոգրեն լողափերն են: Այստեղ հասնելու համար հարկավոր է անցնել հին քաղաքի միջով և ժայռի երկայնքով: Ճանապարհին կտեսնեք Բալերինայի արձանը, որը դարձել է Բուդվայի այցեքարտը:

Այս լողափի առավելությունն այն է, որ այն ավազային է: Նրանց համար, ովքեր հոգնել են քարերի վրա քայլելուց, հաճելի կլինի ավազային լողափ այցելությունը: Ճանապարհը դեպի լողափ շատ գեղեցիկ է և գեղատեսիլ: Սելֆիի սիրահարների համար սա իսկական դրախտ է: Լողափը հագեցած է ժամանակակից հանդերձարաններով, շեզլոնգներով, այստեղ կան բազմաթիվ սրճարաններ, որտեղ կարող եք համեղ սնվել։ Առաջին և երկրորդ լողափերի արանքում կա քարքարոտ մի կամուրջ, որը պետք է հաղթահարել: Եվ դա ավելի հետաքրքիր կդարձնի Ձեր հանգիստը:

Մորգեն լողափից ոչ հեռու է գտնվում Ռաֆայլովիչ լողափը: Այնտեղ մի արտասովոր ժայռ կա, որի ֆոնին են սիրում լուսանկարվել երիտասարդ աղջիկները, և ոչ միայն նրանք:

Բուդվայից ոչ հեռու է գտնվում Սուրբ Նիկոլայ կղզին, որի ձևի պատճառով տեղացիները նրան անվանում են Շկոլ կղզի, որը թարգմանաբար նշանակում է «Խեցի»: Երիտասարդները հաճախ կղզին անվանում են Հավայներ, ինչպես նաև կղզու համանուն լողափը: Սա փիրուզագույն ջրով մի գեղեցիկ վայր է, որտեղ Սլավոնական լողափից տանում են նավերը ամեն ժամը մեկ 5 եվրոյի դիմաց: Այնտեղ նույնպես ճալաքարեր են և ավազ չկա, բայց ջրի գույնը, սրճարանը և դեպի Բուդվական Ռիվիերա բացվող տեսարանը կգունավորեն Ձեր ողջ հանգիստը:

Հյուրանոց ընտրելիս մի անհանգստացեք նրա հեռու լինելու մասին: Բուդվայի բոլոր հյուրանոցները տեղակայված են ծովից ոչ հեռու: Այդպիսով, զբոսնելով տեղական փողոցների և զբոսայգիների երկայնքով ՝ Ձեր արձակուրդը կդարձնեք ոչ միայն հետաքրքիր, այլ նաև օգտակար առողջության համար: Նրանք, ովքեր սիրում են իրենց ձեռքով կերակուր պատրաստել, կարող են վարձել խոհանոցով բնակարան և գնել մթերքներ սուպերմարկետում:

Սննդամթերքի և հագուստի գներն այստեղ բարձր չեն, ուստի ցանկության դեպքում կարող եք գնումներ կատարել առևտրի կենտրոնում: Անվտանգության մասին: Բուդվայում ոչ միայն անվտանգ է, այստեղ նույնիսկ կայանված մեքենաները չեն կողպվում՝ բեռնախցիկները բաց են, պատուհանները իջեցված: Ոչ ոք ոչինչ չի գողանում:

Չեռնոգորիայում օրինականացված են խաղատները, ուստի ունեք «հիանալի հնարավորություն» վատնելու հանգստի համար հատկացված ողջ գումարը, բայց  խորհուրդ չէինք տա դա անել: Բուդվայում գիշերային ակումբների ու երեկույթների սիրահարները կձանձրանան: Սա հանգստավայր է ընտանեկան հանգստի համար: Սակայն, էքսկուրսիաները թույլ չեն տա ձանձրանալ: Շատ սրճարաններից բացվում են հիանալի տեսարաններ դեպի ծով: Երեկոյան  կարող եք վայելել անմոռանալի մայրամուտներ: