Մեր մոլորակում կան շատ անհայտ և չուսումնասիրված բաներ: Հրաշքներից մեկը գտնվում է Ֆիլիպինների Բոհոլ կղզում, որը ամբողջ աշխարհում հայտնի է դարձել Շոկոլադե բլուրների (Chocolate Hills) շնորհիվ: Եզակի բլուրները տեղակայված են 50 կմ 2 տարածքում: Դրանք մոտ 1500-ն են, բոլորը ծածկված են խիտ բուսականությամբ:

Բլուրների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք ունեն կատարյալ կոնի ձև՝ թեքության մեծ անկյունով: Բլուրների բարձրությունը տարբեր է: Ամենաբարձրերը հասնում են 150 մետրի, իսկ ամենացածրերը ՝ ընդամենը 50 մետր բարձրության: Չոր սեզոնի ժամանակ բլուրների խոտը այրվում է արևի տակ և ստանում է շոկոլադե երանգ, որի շոնրհիվ էլ անվանվել են բլուրները: Բլուրները շրջապատող անտառների պայծառ կանաչ ֆոնը ստեղծում է յուրօրինակ համայնապատկեր, որը գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից: Բլուրները կազմված են կրաքարից: Սակայն, նրանց ներսում կարստային քարանձավներ չկան, ինչպես սովորաբար լինում է:

Գիտնականները առաջարկում են Շոկոլադե բլուրների ծագման տարբեր վարկածներ: Նրանցից ոմանք ենթադրում են, որ բլուրները հրաբխային գործունեության մնացորդներ են ՝ ծածկված կրաքարային շերտով: Գիտնականների մեկ այլ խումբ ենթադրում է, որ բլուրները տեղակայված են հին օվկիանոսի տեղում, որի հատակը, էրոզիայի ազդեցության տակ, ջրի նահանջից հետո, վերածվել է կոնաձև կազմավորումների: Շոկոլադե բլուրների ծագման վերաբերյալ գիտնականները դեռևս միասնական կարծիքի չեն եկել:

Կղզու բնակիչները զբոսաշրջիկներին պատմում են իրենց լեգենդները, պատկերացումները Շոկոլադե բլուրների ծագման մասին: Լեգենդներից մեկի համաձայն, բլուրները հայտնվել են երկու հսկաների կատաղի մարտից հետո: Նրանք օրեր շարունակ քարեր ու ավազ էին նետում միմյանց վրա: Հսկաների հաշտվելուց հետո մարտի դաշտում քարերի լեռներ մնացին, որոնք, ի վերջո, վերածվեցին խոտածածկ բլուրների:

Կա նաև ռոմանտիկ լեգենդ երիտասարդ հսկայի մասին, որը սիրում էր հասարակ մահկանացու աղջկա: Նա չէր ցանկանում ամուսնանալ երիտասարդի հետ: Աղջկա մահից հետո հսկան տխրեց ու երկար լաց եղավ, իսկ նրա արցունքները վերածվեցին բլուրների:

Ֆիլիպինների կառավարությունը կղզում ստեղծել է բազմաթիվ հանգստի գոտիներ: Ամենահայտնի հանգստավայրը գտնվում է Կարմեն քաղաքում: Նշենք, որ Շոկոլադե բլուրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են, Ֆիլիպինյան կղզիների  և նրա բնակիչների հպարտությունը:

Վայրերն իսկապես ֆանտաստիկ են, դրանք, իհարկե, պետք է տեսնել. Վառ տպավորությունները կմնան ողջ կյանքի ընթացքում: