Բաթումը Վրաստանի քաղաք-հանգստավայրն է սևծովյան ափին: Քաղաքի կենտրոնը ժամանակակից է, զարմացնում է համարձակ ճարտարապետական լուծումներով: Բաթումը նույնիսկ ունի իր սեփական Կոլիզեումը, և Վրաստանի ամենաբարձր շենքը նույնպես գտնվում է Բաթումում: Քաղաքում կա պտտանիվ (սատանու անիվ) հարյուր մետր բարձրության վրա: Ըստ մտահղացման, այստեղ նախատեսվում էր տեղակայել տեխնոլոգիական համալսարան, սակայն դա տեղի չունեցավ:

Հետաքրքիր է, որ նույնիսկ Դոնալդ Թրամփը ցանկանում էր ներդրումներ կատարել Բաթումում: 2012 թվականին Վրաստան կատարած այցի ժամանակ Թրամփը հաստատել էր իր ապագա աշտարակի հայեցակարգը, բայց նախագահի պաշտոնում առաջադրվելը խափանեց ծրագրերը: Թրամփը դուրս եկավ նախագծից, և այդ վայրում կկառուցվի 47 հարկանի բարձրահարկ շենք:

Զարմանալի է այն փաստը, որ Բաթումի բնակչությունը կազմում է ընդամենը 160,000 մարդ: Քաղաքի լայնածավալ վերակառուցումը սկսվել է 2004 թվականին: Եվ այսօր էլ ակտիվ կառուցապատումը շարունակվում է: Բոլոր հայտնի հյուրանոցային ցանցերն արդեն ունեն, կամ կառուցում են իրենց հյուրանոցները:

Բաթումը շատ երկար քաղաք է: Կախված նրանից, թե Դուք որտեղ եք իջևանելու, Ձեր մոտ կարող են տարբեր տպավորություններ առաջանալ: Օրինակ, օդանավակայանի կողմում գտնվող շրջանները ըստ էության կորցնում են կապը քաղաքի հարմարավետ պատմական կենտրոնի հետ: Եվ Ձեր տրամադրության տակ կլինեն միայն առափնյա լողափը, հյուրանոցը և բնակելի թաղամասերը: Բայցև կարելի է լավ խնայել: Հոսթելում կարելի է կանգ առնել օրական ընդամենը 15 դոլարով, ներառյալ նախաճաշը: Մինչև կենտրոն պետք է հասնել տաքսիով, կամ հեծանիվով, քանի որ եղած հեռավորությունը կատակ չէ:

Կենտրոնում իջևանելը լավագույն գաղափարն է: Ռուսթավելի պողոտայի շրջանը առափնյա փողոցի հետ միասին քաղաքի գեղեցիկ հատվածն է: Այստեղ թանկ ռեստորաններն են և լավագույն չորս-հինգ աստղանի հյուրանոցները, բայց կա մի բացասական բան՝ բնակվելու համար գները բարձր են:

Հին կենտրոնը քաղաքի ամենահետաքրքիր հատվածն է: Այստեղ կարելի է զբոսնել յուրաքանչյուր երեկո: Բաթումի Մայր տաճար, Պիացայի հրապարակ, Մայիսի 6 -ի զբոսայգի, Թատերական հրապարակ, Եվրոպայի հրապարակ. այս ամենը անպայման պետք է տեսնել: Ամենուր կան խաղատներ, արմավենիներ և համեղ ուտեստներ: Շատ վրացիներ խաղամոլ են և, բացի խաղատներից, ակտիվորեն մասնակցում են վիճակախաղերի:

Ամեն քայլափոխի կան վրացական սրճարաններ և ռեստորաններ: Այստեղ անպայման պետք է փորձել աջարական խաչապուրի, կարելի է շրջել կառապանի հետ. իսկ ինչու՞ ոչ:

Քաղաքի նավահանգստային մասից սկիզբ է առնում «Արգո» ճոպանուղին, որից տեսարան է բացվում դեպի ամբողջ քաղաքը: Բարձրությունից երևում է, որ քաղաքը ոչ միայն զբոսաշրջային է, այլև նավահանգստային:

Բաթումի առափնյա փողոցը ամենամեծն է Եվրոպայում: Հետաքրքիր է, որ առափնյա փողոցը կառուցապատված չէ խանութներով ու հյուրանոցներով և իրենից ներկայացնում է մեծ տարածք՝ նախատեսված զբոսանքի, անվաչմուշկներով սահելու, հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու համար: Բուլվարի և առափնյա փողոցի միջև կա հեծանվային արահետ: Շատ են հեծանիվների վարձակալության կետերը: Դրանք ամբողջ քաղաքում են, ինչը շատ հարմար է: Քաղաքի մի հատվածից մյուսը հասնելը դժվար չի լինի:

Մեկ այլ նորամուծություն է մարզասարքերը՝ տեղադրված առափնյա փողոցի ամբողջ երկայնքով, որտեղ կարելի է կարգի բերել մարմինը կշտացնող խաչապուրի ուտելուց հետո: Լողափները ոչ ոք չի զավթել, դրանք հանրային են և անվճար: Այստեղ առաջին գծում հյուրանոցներ չկան։ Լայն լողափներում սարսափելի ալիքներ չկան, բայց մեծ խճաքարերի վրայով ծով մտնելը այնքան էլ հարմար չէ, չնայած դա ոչ ոքի չի կանգնեցնում:

Բաթումի լողափները ծանրաբեռնված չեն, ազատ տեղերը միշտ շատ են:

Առափնյա փողոցով զբոսանքը կարելի է սկսել «Նինո և Ալի» հայտնի քանդակից, որոնք շարժվում են իրար դիմաց, միաձուլվում են որպես մեկ ամբողջություն և կրկին տարանջատվում են: Այստեղ է գտնվում նաև 145 մետր բարձրությամբ հսկայական պտտանիվը: Մոտակայքում «Այբուբեն» աշտարակն է՝ հին վրացական այբուբենի հուշարձանը: Այս բոլոր տեսարժան վայրերը գեղեցիկ են հատկապես գիշերը: