Հայաստանը հնագույն պատմություն ունեցող երկիր է: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը (նախկինում այն կոչվել է Էրեբունի)՝ Հռոմից մեծ է 29 տարով: Այն հիմնադրվել է մ.թ.ա782 թ.ին: Որպես տեղեկություն նշենք, որ Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թվականին: Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն​​:

Վերջին տարիների ընթացքում արագ տեմպերով աճում է տարբեր երկրներից եկող զբոսաշրջիկների թիվը: Մարդիկ գալիս են ոչ միայն տեսնելու վարդագույն տուֆից քաղաքը, կամ Հայաստանի մարգարիտ համարվող Սևանը: Շատերը գալիս են լեռնային երկիր հանգստանալու, բնության գեղեցկությունը վայելելու, պատմական վայրեր այցելելու, լեռնային օդը շնչելու նպատակով: Հայաստանում շատ հանգստավայրեր կան:

Հիմնականներն են`Արզնին, Ջերմուկը, Ծաղկաձորը, Աղվերանը, Սևանը, Դիլիջանը, Հանքավանը:

Արզնի

Արզնի փոքրիկ քաղաքը գտնվում է Երևանից ոչ հեռու` ընդամենը 23 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի կիրճում, ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա:

Արզնիում կլիման բավականին մեղմ է: Ձմռանը օդի ջերմաստիճանը հազվադեպ է գերազանցում – 5 աստիճանը, իսկ ամռանը միջինում 22 աստիճան է:

Բյուրեղյա մաքուր լեռնային օդը, մեղմ կլիման և բուժիչ ջրերը (ածխաթթու-քլորիդա-հիդրոկարբոնատանատրիումային) ՝ հանգստավայրի ընտրության հիմնական գրավականերն են: Հանգստավայրը հատկապես հարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերականգնել առողջությունը սրտի իշեմիկ հիվանդությունից, սրտի կաթվածից հետո: Մեղմ կլիման, տարվա ընթացքում արևոտ օրերի մեծ քանակը (236) բարենպաստ ազդեցություն ունեն առողջության վերականգնման վրա: Հիպերտոնիայով տառապողները  նույնպես իրենց շատ լավ են զգում Արզնիում, քանի որ մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և միջինում հավասար է 657 մմ սնդիկի սյան ամբողջ տարվա ընթացքում :

Ջերմուկ

Ջերմուկը՝ գեղեցիկ հայկական մի քաղաք է, որը գտնվում է ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա, իսկ հեռավորությունը մայրաքաղաքից կազմում է 170 կմ: Ճանապարհին ժամանակը թռչում է աննկատ, քանի որ տրանսպորտի պատուհանից բացվում են գեղատեսիլ տեսարաններ, որոնցով կարելի է անվերջ հիանալ:

Ջերմուկը հայտնի է ոչ միայն իր համանուն բուժիչ հանքային ջրով, այլև յուրահատուկ կլիմայով: Զարմանալի մաքուր լեռնային օդը, սոճու անտառները ուշագրավ են ոչ միայն  բուժման, այլև հանգստի համար: Այստեղ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն ամուսնական զույգերը երեխաների հետ, այլև մեծահասակները:

Ձմռանը շատ ձյուն է լինում, ջերմաստիճանը նվազում է, սակայն արևը շարունակում է ջերմ շողալ և հնարավոր է նույնիսկ արևայրուք ընդունել: Անպայման այցելեք ջրվեժը, որը կոչվում է «Ջրահարսի մազեր»: Ջրվեժի բարձրությունը 70 մետր է: Շատ գեղեցիկ վայր է:

Այստեղ գործում է նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող ճոպանուղի: Այն կբարձրացնի Ձեզ լեռան գագաթ, որտեղից բացվում են հիանալի տեսարաններ:

Ծաղկաձոր

Ծաղկաձորը Հայաստանի հայտնի լեռնադահուկային կուրորտներից է: Այո, այո, մի զարմացեք: Արևաշատ Հայաստանում կարելի է դահուկներ վարել: Ծաղկաձորը գտնվում է Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա: Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ է:

Կլիման մեղմ է, ձմռանը չափավոր ցուրտ է, ինչը պայմաններ է ստեղծում երկարատև լեռնադահուկային սեզոնի համար: Ամռանը նույնպես շատ գեղեցիկ է Ծաղկաձորում: Այստեղ են գալիս ոչ միայն տեղացիները՝ անցկացնելու իրենց հանգստյան օրերը, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ: Ծաղկաձորը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է:

Գործում է ճոպանուղի, որը բարձրացնում է դահուկորդներին երթուղու գագաթ: Ինչպես լեռնադահուկային երթուղիներում, այնպես էլ ամբողջ կուրորտում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ:

Աղվերան

Դալար գետի ափին, գեղատեսիլ և հանգիստ վայրում է տեղակայված Աղվերան լեռնային հանգստավայրը: Այստեղ աղմկոտ Երևանից հետո,  անսովոր է թվում տիրող խաղաղությունը, որն երբեմն ընդհատվում է թռչունների և քամու ձայնով:

Ձմռանը այստեղ կարող եք դահուկներ վարել: Կլիման շատ հարմարավետ է: Ջերմաստիճանը չի իջնում 7 աստիճանից, ամռանը երբեմն հասնում է +30 աստիճանի, սակայն շոգին այստեղ հեշտ է դիմակայել թարմ լեռնային օդի շնորհիվ:

Անպայման այցելեք յուրօրինակ Ծաղկունյաց լիճը, որը լցվում է միայն անձրևներով: Լճի թափանցիկությունն այնպիսին է, որ հնարավոր է տեսնել հատակի բոլոր քարերը:

Նրանց համար, ովքեր սովոր չեն երկար հեռու լինել քաղաքակրթությունից, առաջարկվում են մի քանի ժամանցի վայրեր: Ինչպես և ամենուրեք Հայաստանում, այնպես էլ Աղվերանում կարող եք համեղ ուտել և խմել՝ հայկական խոհանոցը Ձեր տրամադրության տակ է:

Սևան

Գալ Հայաստան և չգնալ Սևանա լիճ գրեթե անհնար է: Ձեզ անպայման այստեղ կառաջարկեն տուր դեպի լիճը կամ այնտեղ կտանեն Ձեզ հյուրընկալողները: Սևանը արժե, որ նրանով հիանաք:

Լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Այն Անդրկովկասում քաղցրահամ խմելու ջրի ամենամեծ աղբյուրն է: Սևանա լճի ջրերում է ապրում հայտնի իշխան ձուկը, որը կարող եք համտեսել տեղական ռեստորաններից մեկում:

Ամառային շոգ օրերին կարող եք լողալ զով լճում: Ձեզ հետ անպայման լողափ վերցրեք արևապաշտպան պարագաներ ` հովանոց, արևային ակնոց, թիկնոց, քանի որ կարող եք շատ արագ այրվել արևից:

Այստեղի տեսարժան վայրերից է Սևանավանքը:

Ձեզ է առաջարկվում հյուրանոցների և ռեստորանների մեծ ընտրանի: Կացարանի և սննդի խնդիր չի լինի: Եթե նույնիսկ նախապես հյուրանոց չեք ամրագրել, միշտ կկարողանաք այստեղ մատչելի գներով գտնել կացարան մասնավոր հատվածում:

Դիլիջան

Հիանալի մթնոլորտ է տիրում այս ոչ շատ մեծ կուրորտային քաղաքում, որտեղ ամառային շոգ օրերին գալիս են հանգստանալու ոչ միայն տեղացիները, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից: Ամռանը այստեղ զով է և հարմարավետ դարավոր ծառերի ստվերում, իսկ օդը պարզ է և մաքուր:

Գեղատեսիլ խիտ անտառների համար նրան նույնիսկ անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա»:
Հրաշալի լեռնային բնությունը, անտառները – հենց այն են, ինչ Ձեզ հարկավոր են ամբողջական հանգստի և վերականգնման համար:

Դիլիջան կարող եք հասնել օգտվելով 2257 մետր երկարությամբ ավտոմոբիլային թունելից: Այն զգալիորեն կրճատում է Երևանից գնացող ճանապարհը:

Այստեղ Ձեզ են սպասում շատ պատմական վայրեր, որոնցից մեկն է  վեհաշուք լեռներով շրջապատված Հաղարծին վանքային համալիրը:

Դիլիջանը հարմար է ինչպես ամուսնական զույգերի հանգստի, այնպես էլ այն մարդկանց համար, ովքեր որոշել են վերականգնել իրենց առողջությունը:

Հանքավան

Հանքավանը հայտնի է իր  «Հանքավան» հանքային ջրով  և լեռնային առողջարար կլիմայով: Ամառային շոգ օրերը անցկացրեք այստեղ հսկայական ծառերի ստվերում, Մարմարիկ գետի ափին:

Զբոսաշրջիկների տրամադրության տակ են  բազմաթիվ հյուրանոցները, ռեստորանները և սրճարանները, որտեղ կարելի է վայելել հանգիստը և համեղ կերակուրներ պատվիրել:

Հանքավանի շրջակա տարածքում կարող եք տեսնել նաև հնագույն ժամանակներից պահպանված խաչքարեր:

Բարի գալուստ Հայաստան