Հարցազրույց Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանի հետ.

– Պարոն Բարսեղյան, ներկայում, հատկապես` այս հետընտրական շրջանում, հետաքրքիր է Ձեր կարծիքը` որպես տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչ։ Տեխնոլոգիաները որքանո՞վ են ազդում և անդրադառնում այս` քաղաքացիական հասարակության ձևավորման և հետընտրական գործընթացների վրա:

– Չգիտեմ` այդ առումով ինչպես, բայց ընդհանրապես` տեղեկատվական տեխնոլոգիաները, ինտերնետը և այլն, դա այն գործիքն է, այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ամեն գործունեություն դարձնել ավելի արդյունավետ, և տարբերություն չկա, թե ինչ գործունեություն է դա: Սա է այն հիմնական միտքը, որ կցանկանայի ասել, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաների նպատակը և խնդիրն է` մարդկանց հնարավորություն տալ ավելի կարճ ժամանակահատվածում ավելի շատ գործ կատարել: Տեղեկատվական տեխնոլոգիաների նման շատ այլ տեխնոլոգիաներ, օրինակ` միջուկային տեխնոլոգիաները, ավիացիան և այլն, մի կողմից` օգնում են մարդկանց և առաջընթաց են բերում քաղաքակրթությանը, իսկ մյուս կողմից` ցանկացած տեխնոլոգիա նաև ռիսկեր է իր մեջ պարունակում: Օրինակ, երբ մենք գնում ենք ոտքով, դա ավելի քիչ ռիսկային է, քան ինքնաթիռով կամ ավտոմեքենայով երթևեկելիս, որովհետև ցանկացած պահի ինքնաթիռը կարող է ընկնել, իսկ ավտոմեքենան` վթարի ենթարկվել: Այսինքն` ամեն մի տեխնոլոգիա իր հետ բարին է բերում և նպատակը լինում է բարին, սակայն, նույն միջուկային տեխնոլոգիան, մարդկանց էներգիա տալուց բացի, բավականին մեծ ռիսկեր և վտանգներ կարող է բերել, ինչպես, օրինակ, եղավ Ճապոնիայում: Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական իմաստով մնանք անցած դարերում, և, ընդհանրապես, մարդիկ հնարում և կիրառում են տեխնոլոգիաները` կենսամակարդակը, ապրելու պայմանները բարելավելու նպատակով: Դրա հետ մեկտեղ` հասկանալի է, որ ցանկացած տեխնոլոգիա ունի նաև կիրառման որոշակի կանոններ, անվտանգության կանոններ, օգտագործելու կանոններ և այլն: Վերադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաներին` ասեմ, որ դրանք շատ մեծ դրական բաներ են բերում, բայց նաև շատ մեծ ռիսկեր են պարունակում: Օրինակ` նույն Facebook-ը, որը մեծ բարիք է բերում, մարդկանց շփվելու հնարավորություն է տալիս, կամ Skype-ը, որի միջոցով կարող են անվճար տեսազանգեր կատարել, խոսել, շփվել հարազատների հետ և կարոտները առնել, և այլն: Այսինքն`այն ունի օգտակար նշանակություն, սակայն, շատ անգամ մենք լսել և ականատեսն ենք եղել այն բանի, որ ժամանակ առ ժամանակ բազմաթիվ հաքերներ դրանց միջոցով շատ կարևոր և աղմկահարույց տեղեկություն են ստացել: Վստահ եմ, այս ամենը նույն կերպ վերաբերում է նաև հասարակական այդ բոլոր իրադարձություններին, այսինքն` քաղաքացիները հնարավորություն ունեն շփվել, կիսվել, ծանոթներ գտնել և արտահայտվել, հասկանալ այլ մարդկանց կարծիքը, որը շատ դրական է, բայց այդ ամենի միջոցով կարելի է նաև չարամտորեն օգտագործել այդ տեխնոլոգիան, և ինչ-որ այլ, ոչ բարի նպատակների հասնել: Այս ամենը ոչ թե վերաբերում է բուն Facebook-ին կամ այլ սոցիալական ցանցերին, այլև տեխնոլոգիաներին ընդհանրապես:

– Այսինքն` այն, որ ներկայումս` հետընտրական այս զարգացումների ժամանակ, երբ ընդդիմությունը մի տեսակ ավելի կազմակերպված տարբեր միջոցառումներ է կազմակերպում, և այլն, եթե տեխնոլոգիաները չլինեին, նույն Facebook-ը չլիներ, և այլն, ընդդիմությունն այդքան կազմակերպված չէ՛ր լինի: Այսինքն` տեխնոլոգիաների նպաստելու գործոնը Դուք տեսնո՞ւմ եք այստեղ:

– Ես մասնագետ կամ քաղաքական գործիչ չեմ, և, բնականաբար, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց ևս մեկ անգամ ասեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները գործիք են, որոնք մարդկանց ավելի մեծ հնարավորություններ են տալիս: Եթե ցանկանանք շոշափել` հասկանալու համար, թե ինչ բան է տեղեկատվական տեխնոլոգիան, ծրագրային ապահովումը, և այլն, չենք կարող շոշափել, դա նյութական արժեք չէ, սակայն, մյուս կողմից, եթե համեմատենք վերջին 10- 20, առավել ևս` 30 տարվա փոփոխությունները, ապա պարզ է դառնում, որ մեր ապրելաոճն ընդհանրապես փոխվել է. մայրս միշտ ասում է` ա՛յ, երանի թե այն ժամանակ լիներ բջջային հեռախոս, երբ դու դեռևս փոքր էիր, մի քիչ ուշ էիր վերադառնում, իսկ ես շատ էի անհանգստանում: Հիմա բջջայինը ամբողջովին փոխել է այդ ամենը: Կամ, եթե համեմատենք, թե ինչպես էինք շփվում այն ժամանակ` բացիկներ էինք գրում, նամակներ էինք ուղարկում փոստով, և այլն, իսկ հետո ամիսներ սպասում էինք, որ պատասխանը գա կամ չգա, ամեն ինչ բոլորովին այլ էր, իսկ հիմա դու անմիջապես, վայրկյանական կարող ես ցանկացած մարդու հետ շփվել: Փաստորեն, մարդկանց շփումը, ապրելակերպը, մտածելակերպն անգամ փոխվում է, և այնքան արագ է փոխվում, որ մենք անգամ այդ փոփոխությունները չենք տեսնում. սա ամենաարագ դինամիկ զարգացող ոլորտն է, ու հասկանալի է, որ անմիջապես ազդեցություն ունի մեր կյանքի վրա: Եվ, իհարկե, այս ամենը կարող է նաև չարամտորեն օգտագործվել:
Բնականաբար, հասկանալի է, որ դա մեծ հնարավորություն է տալիս ինչպես` կառավարությանը և պետական մարմիններին, այնպես էլ` ընդդիմությանը և ցանկացած հասարակական կամ քաղաքական շարժմանը կամ ուժին` մարդկանց իրազեկելու և տեղեկատվություն տրամադրելու համար: Տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհը դառնում է ավելի բաց, շփումը` ավելի պարզ և հասարակ, իսկ դա կարծես թե դրական երևույթ է, սակայն, մյուս կողմից էլ` մարդիկ կարծես ավելի վիրտուալ են շփվում, և մարդկանց շփումներում ջերմության ինչ-որ մի մասնիկ ասես պակասում է:
Ես քաղաքական գործիչ չեմ, սակայն որպես ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, իհարկե, պատրաստ եմ ասել, որ պաշտպանում եմ բոլոր այդ տեխնոլոգիաները, դրանք լավն են, և ոչ մի բացասական բան չասել, բայց միաժամանակ գիտակցում եմ, որ դրանք նաև որոշակի բացասական հետևանքներ կարող են ունենալ: Իհարկե, պատահական չէ, որ ավելի տոտալիտար երկրներում ամեն ինչ արվում է ինտերնետի սահմանափակումներ կիրառելու համար: Մենք ունենք բազմաթիվ նմանատիպ օրինակներ, երբ որ YouTube-ն է անջատվում, կամ Facebook-ն է արգելափակվում, բայց միաժամանակ վստահ եմ, որ դա լուծում չէ. արգելված պտուղը միշտ ավելի քաղցր է, հետևաբար` վստահ եմ, որ արգելելով` մեծ բանի չես հասնի: Պարզապես անվտանգության մասին պետք է մտածել և համապատասխան քայլեր ձեռնարկել: Բնականաբար, ինտերնետում կա վատը, սակայն կա նաև շատ-շատ ավելի լավը, այնպիսի տեղեկատվություն և ուսումնական նյութեր, որոնք, օրինակ, նախատեսված են երեխաների զարգացման համար: Մենք ամեն տարի, World Vision-ի հետ համատեղ, փետրվար ամսին ինտերնետ անվտանգության վերաբերյալ տարբեր միջոցառումներ ենք անցկացրել: Կարծում եմ` այս նույն գաղափարը նաև սոցիալական ցանցերին է վերաբերում: Այսինքն` նախ և առաջ օգտվողները պետք է լինեն գրագետ, որովհետև մի փոքրիկ պրովոկացիան, որը կարող է կատարվել իրական կյանքում, բնականաբար, նաև կարող է տեղափոխվել վիրտուալ միջավայր` սոցիալական ցանցեր: Կարծում եմ, բոլոր օգտագործողները պետք է ավելի պատասխանատու լինեն իրենց գործողություններում:

– Այսինքն` որևէ բան ինտերնետում գրելուց կամ որևէ տեղեկատվություն քո անձի վերաբերյալ գրելուց և տարածելուց առաջ պետք է միշտ մտածել, որ դա կարող է քեզ նաև խոցելի դարձնել: Այսինքն` այնպես չէ, որ դու գրեցիր, և այդքանով` վերջ: 

– Անպայման, դու պետք է գիտակցես, որովհետև անձնական որոշակի ինֆորմացիայի, ընտանեկան կամ կոմերցիոն տեղեկատվության տարածումը կարող է որոշակի վտանգ առաջացնել: Մարդիկ պետք է գիտակցեն այդ ամենը: Հայաստանում, սակայն, օգտագործողները հիմնականում հստակ չեն պատկերացնում այն բոլոր հետևանքները, որ կարող են այդ ամենի արդյունքում առաջանալ: Այդ ամենը, կարծում եմ, ժամանակի խնդիր է, մտածելակերպի, ավանդույթների խնդիր է: Օրինակ, զարգացած երկրներում միանշանակ այս հարցը մարդիկ շատ ավելի հստակ են պատկերացնում, որովհետև անմիջապես այդ խնդիրների հետ առնչվել են և գիտեն, որ անձնական տեղեկատվություն տարածելը խնդիր է:
Ներկայում ընդհանրապես տարբեր տեսակի օնլայն համակարգեր կան, որոնք մեծապես խթանում են ՏՏ ոլորտի զարգացմանը, օրինակ` էլեկտրոնային հարկային հաշվետվություններ, էլեկտրոնային ստորագրություն, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և այլն։ Այս ամենը խթանում է ՏՏ ոլորտի արդյունավետ զարգացմանը և ինչ-որ տեղ նվազեցնում է նաև կոռուպցիոն ռիսկերը, օրինակ` որքան հարկատուն քիչ է շփվում Հարկային տեսչության աշխատակիցների հետ, այնքան կոռուպցիոն ռիսկերը պակասում են, և այդ ամենի մեջ շատ դրական բան կա, սակայն անպայման պետք է հաշվի առնել, այդ թվում և` օրենսդրական տեսակետից, թե ինչ չափի անձնական տեղեկատվություն պետք է հրապարակվի ինտերնետում կամ այդ համակարգերում, և ուրիշների համար հասանելի դառնա՞, թե՞ ոչ: Նույնը, օրինակ, կարելի է ասել քաղաքացու առողջության հետ կապված խնդիրների մասին, բժշկական քարտերի մեջ պարունակվող ողջ տեղեկատվության մասին և այլն: Մարդիկ շատ անգամ նույնիսկ ամենամոտ հարազատներին չեն պատմում իրենց առողջական խնդիրների մասին, իսկ եթե նման տեղեկատվությունը հասանելի դառնա ինտերնետում, դա կլինի նաև մարդու անձնական իրավունքի խախտում և անձնական կյանքի ներխուժում: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է հաշվի առնենք զարգացած երկրների փորձը, իհարկե, նկատի չունեմ նրանց կրկնօրինակելը, սակայն նրանց փորձը հաշվի առնելով, մենք կարող ենք մեկ քայլ առաջ գնալ:
Իհարկե, բնականաբար, կան համակարգեր, որտեղ այդ տեղեկատվությունը պաշտպանված է տարբեր հուսալիության կամ անվտանգության տեխնոլոգիաներով, օրինակ` երբ մարդն օնլայն վճարում է կատարում, և այլն: Սակայն մի բան է, երբ ինֆորմացիան պաշտպանված է, և բոլորովին այլ բան է, երբ մարդիկ այն բաց տեղադրում են:

– Մտածելակերպի մասին խոսեցինք, ասացիք, որ մեր ապրելակերպը եթե համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, էականորեն փոխվել է: Ի՞նչն է փոխվել մարդկանց մտածելակերպում` տեխնոլոգիաների կիրառման և դրանց տարածման արդյունքում: 

– Իմ կարծիքով, ամենակարևորը` միջանձնային շփումը: Մարդիկ այլևս անձամբ չեն շփվում, իսկ որոշ դեպքերում անվանական չէ, անանուն են շփվում, և այլն, այդկերպ իրենք ասես ավելի բաց են, ավելի անկեղծ են լինում: Այսինքն` կարող է այսպես դու չկարողանաս մեկի երեսին ինչ-որ բան ասել, բայց գրավոր շփման պարագայում մարդիկ հաճախ կարողանում են ասել այն, ինչ բանավոր, մարդու դեմքին նայելիս` չէին ասի: Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, այստեղ կան նաև որոշակի ռիսկեր, որովհետև ավելի բաց լինելն այդ միջավայրերում շատ դեպքերում կարող է հենց իմ դեմ շրջվել, այսինքն` այդ ինֆորմացիան, որ ես անկեղծ եղա և բացվեցի, և երբեմն անգամ չիմանալով, թե կոնկրետ ում հետ խոսեցի, որոշ դեպքերում կարող է շատ հեշտությամբ օգտագործվել իմ դեմ:

– Ձեր խորհուրդը` դրա հետ կապված: 

– Իմ խորհուրդն այն է, որ տեղեկատվությունը միայն հասանելի դարձնել այն մարդկանց, որոնց հստակ ճանաչում եք, գիտեք, թե ում հետ եք շփվում, որովհետև կան տարբեր տեսակի խաբեության տեխնոլոգիաներ` սկսած ֆինանսական քարտերից, վերջացրած անձնական որոշակի տեղեկատվությամբ, որը հետագայում կարող է և օգտագործվել հենց ձեր դեմ: Իհարկե, պետք է մասնակցել և օգտվել հնարավորություններից, որովհետև դրանք նաև շատ մեծ առավելություններ են տալիս, ինչպես նշեցի սկզբում, բայց դրա հետ միասին` զգույշ լինել, և եթե որևէ բանի հանդեպ կասկած ունեք, խորհրդակցեք, իսկ հետո նոր որոշումը կայացրեք. տարածե՞լ անձնական, կոմերցիոն կամ ֆինանսական ինֆորմացիան ազատ, թե՞ ոչ: Ցավոք, Հայաստանում էլ մենք դեպքեր ունենք, որ մարդիկ տուժել են տեղեկատվության ազատ տարածման արդյունքում: