Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալությունը (ԻԿԱՕ) փետրվարի 22-ին արգելել է ուղևորատար ինքնաթիռներում որպես ուղեբեռ լիթիում-իոնային մարտկոցների փոխադրումը: Որոշումն ընդունվել է նման մարտկոցների հրդեհավտանգության վերաբերյալ օդաչուների և օդանավ արտադրողների մտահոգության արդյունքում:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով արգելքը, ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության որոշումները անդամ պետությունների կողմից կատարման համար պարտադիր են: Նա նշեց, որ արգելքը հիմնականում մարդատար ինքնաթիռներով տեղափոխվող բեռներին է վերաբերում և ուղևորների համար առանձնապես անհարմարությո ւններ չի առաջացնի, եթե տեղափոխվող սարքերի մարտկոցները չլինեն վնասված ու վտանգավոր: «Խոսքը վերաբերում է որոշակի արգելքներին, երբ նոթբուքի կամ հեռախոսի վնասված, ճաքած, ուռած հատվածը կարող է վտանգավոր լինել և կարգելվի այն հանձնել ուղեբեռ»,-պարզաբանեց Գրձելյանը:

Ավելի վաղ նման արգելք էր սահմանվել չլիցքավորվող լիթիում-մետաղական մարտկոցների տեղափոխման համար, որոնք հիմնականում օգտագործվում են ժամացույցներում: Մինչդեռ բջջային հեռախոսներում և լափթոփներում օգտագործվում են վերալիցքավորվող մարտկոցներ:

ԻԿԱՕ-ի արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ին և կգործի մինչև հրակայունություն ապահովող փաթեթավորման և տեղափոխման նոր ստանդարտի ուժի մեջ մտնելը, որը նախատեսվում է 2018 թվականին: Մինչ այդ, լիթիում-իոնային մարտկոցները կարող են տեղափոխվել բեռնատար ինքնաթիռներով: