ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել պայքարը ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորման դեմ Ռուսաստանի հետ, ու որ երկու երկրների ընդհանուր աշխատանքն արդեն հիմա ընթանում է բավական էֆեկտիվ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Իսկապես, մենք գտել են համաձայնության որոշ ոլորտներ, խոսել ենք ահաբեկչական խմբերի դասակարգման դժվարության մասին»,- հայտարարել է Քերին:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ ամերիկյան իշխանություններն անհանգստացած են, որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում սիրիական ընդդիմությանը:

«Մենք խոսել ենք մեր անհանգստության մասին, որ Ռուսաստանի որոշ ավիահարվածներ ուղղված են չափավոր ընդդիմության դեմ, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի: Պետք է ասեմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դա նկատի կունենա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նշենք, որ Քերիի հանդիպումը Պուտինի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տևել է ավելի քան երեք ժամ:

Բանակցություններից հետո հայտարարվել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հուսով են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով անցկացնել Սիրիայում խաղաղ գործընթացին աջակցություն ցուցաբերող բանաձև:

Լավրովի խոսքով՝ բանաձևը կաջակցի խաղաղ գործընթացի սկզբունքներին, որոնք հավանության էին արժանացել նոյեմբերին Վիեննայում:

Ջոն Քերին ժամանել էր Մոսկվա՝ փորձելով վերացնել երկու երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները սիրիական հակամարտության ավարտի հնարավոր ուղիների վերաբերյալ:

Նա ասել է Պուտինին, որ երկու երկրները «կարող են զգալի փոխել իրավիճակը»: Քերիի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է մնա իշխանության ղեկին:

«Մենք չենք կարծում, որ Ասադը կարող է լինել Սիրիայի առաջնորդն ապագայում, սակայն այսօր մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք ոչ թե մեր տարաձայնությունների, այլ քաղաքական գործընթացի վրա»,- ասել է նա:

Իր հերթին, Լավրովը հայտնել է, որ Քերիի հետ հանդիպմանը հաստատվել են Սիրիայի հարցով Վիեննայի պայմանավորվածությունները: Միաժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ում չեն կարողացել ներկայացնել փաստեր, որոնք հաստատում են Սիրիայում ռուսական օպերացիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում տառապանքների ավելացման մասին:

ԱՄՆ պետքարտուղարը երեքշաբթի Մոսկվա էր ժամանել աշխատանքային այցով:
Քերին նաև հասցրել է զբոսնել Հին Արբատով ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆտի ու իր օգնական Վիկտորյա Նուլանդի ուղեկցությամբ: Նա շփվել է նաև մոսկվացիների հետ ու գնել 500 դոլարի հուշանվերներ: