Ռուսական քաղաքացիական ավիացիայի առաջատար Soukhoi SuperJet 100 օդանավի դժվարությունները շարունակվում են: Le Monde-ը գրել է, որ այս ամսվա ընթացքում հայկական «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է երկրորդ ինքնաթիռից հրաժարվելու մասին, քանի որ 2011 թ-ից շահագործվող SSJ 100-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել: Ռուսական աղբյուրների հաղորդմամբ՝ հաճախակի խափանումների պատճառով «Աէրոֆլոտ»-ը շահագործել է ունեցած 8 օդանավերի միայն կեսը:

Մայիսի 9-ին Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ SSJ 100-ը բախվել էր սարին: Հետաքննությունն այդպես էլ արդյունքներ չտվեց, հաղորդում է հոդվածի հեղինակը: Ավիաընկերության քաղաքացիական ավիացիայի բաժինը ոչ մի եզրակացություն չի տվել: Ռուսական հատուկ ծառայությունները խոսում են ԱՄՆ կողմից հնարավոր ծրագրված դիվերսիայի մասին:

Աղետի հետևանքով Ինդոնեզիան հրաժարվեց օդանավ ձեռք բերելու իր մտադրությունից: Միջադեպը նաև ստվերել է Կրեմլի հույսերը՝ վերակենդանացնելու քաղաքացիական ավիացիան, որը անկում է ապրել 1991 թ-ից հետո, ընդգծում է հոդվածագիրը:

SSJ 100-ը կարող էր տարածաշրջանային օդանավերի շրջանում կարևոր խաղացող դառնալ, լինել բրազիլական Embraer-ի և կանադական Bombardier-ի մրցակիցը: Դրա ստեղծման հարցում Ռուսաստանին աջակցել են համաշխարհային ավիաշինարարներ. օդանավի մասերի 80%-ը արտադրվել էր արևմտյան երկրներում:

«Ռուսները զբաղված էին միայն օդանավը հավաքելով, ինչը նրանց մոտ, ակնհայտ է, որ չի ստացվել»,- գրում է հեղինակը:

SuperJet նախագիծը ածխաջրածիններից կախում ունեցող ռուսական տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացիայի բաղկացուցիչ մասն է: Ամբիցիաները լուրջ էին՝ օդանավերի շուկայում զբաղեցնել երրորդ տեղը: «Սակայն ինչպես միշտ Ռուսաստանում խոսքերի և գործերի միջև անդունդ կա»,- նշում է պարբերականը: Ընկերության խնդիրները չեն քննարկվում արտադրության և քաղաքականության վերին օղակներում: «Չի քննարկվում այն հարցը, թե ինչո՞ւ Soukhoi-ը՝ ռազմական օդանավերի հաջողակ արտադրողը, չի կարողանում արտասահմանյան մասերից քաղաքացիական օդանավ հավաքել»,- հավելում է պարբերականը:

Հիշեցնենք, որ սեփական սխալներն ու թերացումները քննարկելու փոխարեն, «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը «Արմավիային» մեղադրել էր պայմանագրով սահմանված կետերի չկատարման մեջ՝ չբացառելով, որ օդանավի շահագործման համար ապագայում կդիմի դատարան, նաև որ կարող է ձերբակալել ավիափոխադրողի այլ օդանավեր ևս: